Հայաստանը մեծ քանակությամբ լոլիկ է ներկրել Թուրքիայից .«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը  գրում է.

Հայաստանում լոլիկի եւ վարունգի արտադրությունը զգալի կրճատվել է. գյուղացիները տարեցտարի ոչ միայն կարտոֆիլն ու հացահատիկն են սկսել քիչ մշակել, այլեւ լոլիկը, վարունգը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թվականին, 2017-ի համեմատ, ե՛ւ լոլիկի, ե՛ւ վարունգի բերքատվությունը զգալի պակասել է,ընդ որում` ոչ միայն բերքատվությունն է պակասել, այլեւ ցանքատարածությունը: Օրինակ` լոլիկի դեպքում, եթե 2017 թվականին ցանքատարածությունը կազմել է 6240 հա, ապա 2018-ին այն 4361 հա է եղել, այսինքն` մեկ տարվա ընթացքում 1879 հեկտար քիչ է մշակվել: Իսկ, ահա, հավաքված բերքի ծավալների պատկերն է՛լ ավելի մտահոգիչ է. 2017թ.-ին հավաքվել է 224 հազար տոննա, իսկ 2018թ.-ին` 138 հազար տոննա լոլիկ,այսինքն` անցած տարի գյուղացին 86 հազար տոննա լոլիկ քիչ է մշակել: Սրան զուգահեռ Հայաստանում շարունակվում է տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազումը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-փետրվարին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները պակասել են 38.9 տոկոսով: Բանն այն է, որ նախորդ տարի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով լոլիկի ցանքատարածքները բավականին տուժեցին, ինչն էլ իր բացասական ազդեցությունը թողեց այս մշակաբույսի բերքատվության վրա: Բայց մասնագետներ կան, որոնք պնդում են, որ վերջին տարիներին լոլիկի արտադրության կրճատման պատճառը հարավամերիկյան ցեցն է:

ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշ գյուղերի բնակիչներ լոլիկի հարավամերիկյան ցեցի պատճառով մեծ վնասներ են կրում: Մասնագետների պատմելով` ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջը: Շատերը դրա դեմ երկար պայքարելուց հետո հրաժարվում են լոլիկ մշակելուց: Բայց, արի ու տես, կառավարությունն էլ գտնում է, որ գյուղատնտեսները անարդյունավետ են պայքարում ցեցի դեմ. չեն կարողանում ճիշտ որոշել պայքարի իրականացման ժամկետները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է գյուղատնտեսների համար հենց լոլիկի դաշտում սեմինարներ կազմակերպել, որն ավելի արդյունավետ կլինի: Նախարարությունը լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրի վերաբերյալ նախագիծ է մշակել: Այսպես, նախատեսվում է Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում` 10 հեկտար տարածքի վրա, իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր ծրագիր:

Բացի այդ, կտեղադրվեն նաեւ ցեցի երեք հատ ֆերոմոնային թակարդներ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պիլոտային այս ծրագիրն իրականացնելու համար պետական միջոցներից կծախսվի 11 մլն 102 հազար դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա ամենը՝ ՀՀ-ում լոլիկի արտադրության ծավալների մասին: Բայց, մյուս կողմից, լոլիկի արտահանման եւ ներմուծման թվային տվյալները ուսումնասիրելիս հետաքրքիր պատկեր ենք ստանում: Օրինակ` նախորդ տարվա ընթացքում Հայաստան ներմուծվել է 2594 տոննա թարմ կամ պաղեցրած լոլիկ` 2017-ի 400 կգ-ի դիմաց: Պարզվում է` 2018-ին ներմուծված լոլիկի մեծ մասը` 2260 տոննան, եկել է Թուրքիայից: Ի դեպ, 2017 թվականին Հայաստան մտած 400 կգ լոլիկը եւս Թուրքիայից է:

Մանրամասն`armlur.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով