«Քաղցած» հասարակությունը «կշտացնող» հեքիաթների հավատալու հոգեբանական հակվածություն ունի .Գարեգին Պետրոսյան

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈւՆՆ ԸՆԴԴԵՄ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ

Պոպուլիզմը պետական-քաղաքական գործիչների կողմից կիրառվող տարաբնույթ մոտեցումների, հնարքների և մեթոդների ամբողջությունն է` հասարակության լայն զանգվածներին «սին ոգեկոչման» մղելու համար: Թավշյա իշխանափոխության օրերին և դրան հաջորդած ամբողջ մեկ տարվա ընթացքում այն լայնորեն կիրառվեց վարչապետ Փաշինյանի կողմից` սպասելիքների պատրանքային առատ արտացոլում պարգևելով ժողովրդին: Պոպուլիզմը ստորադասում է պատասխանատվության գիտակցումը, հետևաբար սպասելիքների բավարարմանն ուղղված կոչերն ու լոզունգներն այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակում և դեռ շարունակելու են մնալ այդպիսին : Պոպուլիզմը հենվում է սոցիալ-քաղաքական իրականության նկատմամբ անբավարարություն ունեցող ժողովրդական լայն զանգվածների վրա: Իսկ նման իրավիճակ Հայաստանում, անխոս, առկա էր , ինչը ճանապարհ բացեց ամբոխահաճության «շքերթի» համար :
«Քաղցած» հասարակությունը «կշտացնող» հեքիաթների հավատալու հոգեբանական հակվածություն ունի և շատ հաճախ պատրաստ է լսել հաճելի ստեր, միայն թե չառերեսվի անցանկալի սոցիալական դժվարություններին: Երբ «հեղափոխական հարթակից» Փաշինյանը հայտարարում էր, թե կախարդական փայտիկը գտնված է, կգամ ու մի հնարքով կբարձրացնեմ թոշակներն ու նպաստները, «այդ ինչպե՞ս» հարցի փոխարեն մարդիկ գերադասեցին անմոռաց հրճվել: Տրամաբանված ու կշռադատված հարցադրումներից ծնվող պատասխանատվությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին և բացառապես ամբոխահաճ հմայագերության շնորհիվ Փաշինյանը կարողացավ շատ արագ իրեն ենթարկել միջավայրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն դեպքում, երբ պատասխանատվության բարձր գիտակցմամբ օժտված պետական գործիչները հասարակության հետ երկխոսության ընթացքում իրողությունները ներկայացնում են իրենց դժվարություններով հանդերձ` վստահեցնելով գտնել գոյություն ունեցող լուծումներից լավագույնը, պոպուլիստը կատարում է հայտարարություններ, որոնք ի սկզբանե կա՛մ իրականություն դառնալու շանսեր չունեն, կա՛մ էլ` տևական ժամանակահատված է պահանջվում դրանց կենսագործման համար : Եթե դիտարկենք արցախյան կարգավորման հիմնախնդրի օրինակով, պոպուլիստը հայտարարում է, թե, Արցախը վերադարձնելու եմ բանակցությունների սեղանի շուրջ (որը հետագայում հենց նույն վարչապետի և արտգործնախարարի կողմից հայտարարվեց, որ նախապայման չէ), պատասխանատու պետական գործիչը` օրինակ երկրորդ նախագահը, հայտարարում էր, որ դա ոչ մի դեպքում չպետք է արվի ի հաշիվ բանակցային գործընթացում Հայաստանի կշռի նվազեցման :

Պոպուլիստների համար բնորոշ է զանգվածների հետ խաղարկվող իրավիճակների մեջ մտնել, իրողություններ խեղաթյուրել, զանգվածային տրամադրությունները շոյող պարզունակ նկարագրեր մատուցել : Օրինակ, երկիրը թալանել են ու ճամպրուկներով տարել «Բաղրամյան 26» : Թավշյա իրադարձություններից մեկ տարի անց, երբ նոր իշխանությունների ներկայացմամբ ո՛չ թալան կա, ո՛չ «Բաղրամյան 26», երբ այսպես կոչված հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում «թալանված» միջոցների մի որոշակի մաս իբր վերադարձվել է, միևնույն է` բյուջեի ծավալը մնում է գրեթե նույնը, սոցիալական կյանքն ավելի լավը չի դարձել, հիմնական խնդիրները մնում են այդպես էլ չլուծված…
Պոպուլիստը հաճախակի է դիմում դեմագոգիայի օգնությանը` հասարակության դյուրահավատ և գիտակցության ցածր մակարդակ ունեցող զանգվածին առաջարկելով սոցիալական հիմնախնդիրների թեթև և արագ լուծումներ :

Օրինակ` միլիարդների ներդրումներ, հարյուր հազարավոր աշխատատեղեր, զանգվածային ներգաղթ, անվճար բուժօգնություն, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Պատասխանատու պետական գործիչը հասկանում է, որ այդ ամենը կարող է տրվել միմիայն ծանր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում: 2000-ականների կեսերը միակ ժամանակահատվածն էր, երբ արտագաղթի դինամիկան հաջողվել էր հասցնել զրոյականի : Ինչու՞, որովհետև կոմպլեքս գործողությունների արդյունքում հնարավոր էր եղել բանակցային գործընթացում հասնել կայունության, արտաքին հարաբերություններում կիրառել փոխլրացման արդյունավետ քաղաքականություն, վստահելի միջավայր ապահովել թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրումների համար, տնտեսական ակտիվության ու համայնքային բարեկարգումների գործընթացին հաղորդել դրական տեմպ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պոպուլիզմը «ծաղկում է ապրում» առավելապես սոցիալ-քաղաքական ճգնաժամերի ժամանակ : Կարելի է նման գործիքակազմ կիրառելով գալ իշխանության, սակայն տևական իշխանավարել հնարավոր չէ : Այն իր մեջ արդյունավետ լուծումներ չի պարունակում : Ճգնաժամերի հաղթահարման համար անհրաժեշտ են ճգնաժամային կառավարման մասնագետներ`պատասխանատու պետական գործիչներ :

Քաղաքագետ`Գարեգին Պետրոսյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով