Վեթինգ. Նվաստացո՞ւմ, թե՞ պարտադրված անհրաժեշտություն.168.am

 

168.am-ը գրել է.

Անցումային արդարադատության շուրջ առաջին հրապարակային լսումները կանցկացվեն վաղը՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում: Դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանշեց «վիրահատական գործիքները», որոնցից մեկն էլ վեթինգն է՝ զտումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը «168 Ժամի» հետ զրույցում պարզաբանեց, որ տարբեր մեխանիզմներ կան, բայց նախ՝ վեթինգ անցկացնելու համար իրավական հիմք է պետք:

Ըստ նրա՝ պետք է ընդունվի նորմատիվ իրավական ակտ, ամենայն հավանականությամբ, օրենքի տեսքով.

«Ինչ անվանում կունենա՝ դատարանների գնահատում կամ դատական համակարգի առողջացում, էական չէ: Այսօր, ըստ էության, ՀՀ-ում ամենալեգիտիմ մարմինն ԱԺ-ն է, որի ընդունած իրավական ակտի օրինականությանն ու սահմանադրականությանը ոչ մեկը չի կասկածում, և այդ «վեթինգի մասին» օրենքում կնշվեն այն մեխանիզմները, թե ինչպես կձևավորվի այդ վեթինգ իրականացնող մարմինը, որովհետև այսօր գործող պետական մարմինների համակարգում որևէ կառույց չպետք է այն իրականացնի, որովհետև այն պետք է լինի անկախ գործադիրից, անկախ այսօրվա դատական համակարգի ղեկավար մարմիններից, պետք է լինի բոլորովին նոր մի մարմին, որը, իմ պատկերացմամբ, կլինի ժամանակավոր, և նրա միակ ֆունկցիան կլինի այս ընթացքում դատարանների զտման գործառույթի իրականացումը, որից հետո այն կլուծարվի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Տիգրանյանի կարծիքով՝ դա հնարավոր է, և այսօրվա սահմանադրական կարգավորումների շրջանակում այդ մարմինն ամբողջությամբ կարող է գործել: Պատգամավորը նշեց, որ վարչապետի ելույթում, ըստ էության, արդեն մատնանշվում էին վեթինգի 5 սկզբունքները, գուցե միայն գործիքակազմն ավելի հստակեցվի:

Հ.Տիգրանյանի խոսքով՝ բոլոր դատական ատյանների բոլոր դատավորները պետք է անցնեն որակի զտման ֆիլտրերով: Նա չբացառեց, որ որոշ դատավորներ ինքնակամ հրաժարական տան: Տեսակետը, որ դա դատավորների համար նվաստացուցիչ է, ըստ պատգամավորի՝ հիմնավոր չէ. «Եթե պետությունը որոշում է, որ գնում է այս ճանապարհով դատական համակարգն առողջացնելու և վստահություն ձևավորելու դատարանների նկատմամբ, կարծում եմ, որևէ նվաստացուցիչ բան չկա: Այստեղ սուբյեկտների առումով կարելի է խորհել, բայց որևէ մեկը չգիտի, թե ովքեր են լինելու այդ հանձնաժողովում, իսկ հանձնաժողովում կլինեն մարդիկ, որոնց նույնպես կընտրի ԱԺ-ն և, եթե ԱԺ-ին վստահել են, ապա պետք է վստահեն նաև վեթինգային հանձնաժողովի կազմին այնպես, ինչպես ԱԺ-ն ընտրում է վճռաբեկ դատարանի նախագահին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ վեթինգի համար անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխություն, և օրենքի ընդունումը կլինի խախտում: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը դատական իշխանության լիազորություններն ու  պարտականություններն է սահմանում, և որևէ օրենք չի կարող դրան հակասել. «Եթե լրացուցիչ սահմանափակումներ կիրառվեն դատավորների նկատմամբ, դա կհակասի Սահմանադրությանը»:

 

Ըստ նրա՝ վեթինգի մի քանի մեխանիզմներ կան, առաջին հերթին պետք է ստուգումներ արվի դատավորների ունեցվածքի, դրանց աղբյուրների, քաղաքական տարբեր կապերի, կայացրած վճիռներում քաղաքական բաղադրիչի կամ ակնհայտ ապօրինության մասով, և եթե այդ ամենից հետո պետք լինի ստուգել նրանց գիտելիքները, դա պետք է միանշանակ ավտոմատացված համակարգով իրականացվի, որպեսզի դատավորներն անհարմար իրավիճակում չհայտնվեն:

Գորգիսյանը ևս կարծում է, որ վեթինգը նվաստացուցիչ չէ, քանի որ հայտնի է, որ դատական համակարգն ունի խնդիրներ. «Այսքան տարիներ մենք գոհ չենք եղել դատական համակարգից: Այժմ նաև պատկան մարմիններն անելիքներ ունեին, եթե կային կոռուպցիոն դեպքեր: Բայց այդ ամենը չի արվել և դժվար էլ այդպես զանգվածային հնարավոր լինի անել: Դրա համար դատական համակարգը նոր որակի բարձրացնելու նոր մեխանիզմ է պետք, որից մեկը վեթինգն է, և կարող է օգտակար լինել: Բայց նաև պետք է հասկանալ, որ այն ժամանակատար է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ միջազգային պրակտիկայում կիրառվող վեթինգը կիրառելի է նաև Հայաստանում:

 

«Ինձ միշտ զարհուրեցրել է մեր գեներալիտետի ու դատավորների աստղաբաշխական ունեցվածքը, և ինչ-որ մի ձևով պետք է լինի պատասխանատվության մեխանիզմ: Գույքն ու ունեցվածքը հայտարարագրելը ես չեմ համարում շատ ազնիվ գործիք, որովհետև բոլորս էլ գիտենք, որ իրենք բաջանաղի, մորքուրի, հարսի, քեռու աղջկա, խնամու անունով են գրանցում: Բայց դա չպիտի լինի վհուկների որս, չպիտի լինի հաշվեհարդար, դրանք չպիտի լինեն սամասուդներ: Այսինքն՝ վեթինգը պետք է լինի օրենքի շրջանակներում և կարգավորվի բացառապես իրավական գործիքներով»:

Ն.Զոհրաբյանը չհամաձայնեց տեսակետին, թե վեթինգը նվաստացուցիչ է դատավորների համար. «Ինչո՞ւ է նվաստացուցիչ: Եթե մեկն ինձ հարցնի, թե ես իմ հայտարարագրած բնակարանն ինչպես եմ ձեռք բերել, դա բոլորովին վատ զգալու առիթ չէ ինձ համար: Եթե նրանց ունեցվածքը ձեռք է բերված արդար միջոցներով, իրենք ոչ թե պետք է նվաստացած զգան, այլ պետք է շատ հանգիստ, շատ ադեկվատ, առանց էմոցիաների պարզաբանում ներկայացնեն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով