Սաշիկի անունն էիք մատի փաթաթան սարքել: Ի՞նչ հասավ պետբյուջեին ու ՀՀ «հպարտ» քաղաքացիներին

Загрузка...

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կրկին նյուզմեյքերություն էր անում։ «Ժողովրդի» վարչապետն իր կյանքում առաջին անգամ գազարի մուրաբա էր ուտում Սյունիքի մարզում, իսկ ահա նրա կինը՝ Աննա Հակոբյանը, սենսացիոն հայտարարություն էր անում։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի կինը պատասխանելով հարցին, թե ունի՞ արդյոք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որոնք փոխանցվում են իր ղեկավարած հիմնադրամներին, և այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց՝ եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են, ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին.

«Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք, միևնույն է, այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին: Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»:

Բյուջեից գողացածը հիմնադրամին փոխանցելը ողջունելու պահը ուշագրավ է։ Հատկապես երբ չի նշվում, թե արդյոք նախկինո՞ւմ գողացածի, թե՞ հեղափոխականների գողացածի մասին է խոսքը (հիշո՞ւմ եք, որ մի «թավշյա» պաշտոնյա պարգևավճար էր ստացել ու փոխանցել Ա. Հակոբյանի հիմնադրամին)։

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ եթե վարչապետի տիկնոջ հիմնադրամներին փող են փոխանցում, ապա դա լեգիտիմացնում է բյուջեից գողանալու փաստը։ Մուծվելը ինդուլգենցիա՞ է տալիս մուծվողին։ Միգուցե հարկերը միանգամից հիմնադրամնե՞ր է պետք ուղղել։ Չէ՞ որ հիմնադրամն այդ գումարները ծախսում է ամենաբարի, ամենաճիշտ և ամենաօգտակար նպատակով։

Աննա Հակոբյանը տնօրինում է երկու հիմնադրամ՝ «Իմ քայլը» և «Սիթի օֆ Սմայլը»՝ «Ժպիտների քաղաքը»։

«Իմ քայլի» պաշտոնական կայքէջում նշված է, թե ովքեր են գումարներ տալիս ու որքան։ «Որքանի» պահով թվերը երևում են, իսկ այ «ովքերի» պահը մութ հատվածներ ունի։ Բազմաթիվ են նվիրատվությունները, որոնց հեղինակները անանուն են։ Ինչքան մեծ է գումարը, այնքան անանուն է նվիրատուն (ըստ ամենայնի՝ Լֆիկ Սամոն շատ համեստ մարդ է)։

Հիմնադրամին գումար փոխանցածների ցանկի առաջին քառյակում կա 3 անանուն նվիրատու (իսկ ընդհանրապես, անանունները շատ են «Իմ քայլի» ցուցակում)։ Այդ անանունները համախառն փոխանցել են 1 միլիոն դոլար։ Դրանք նախկինում կամ ներկայում պետբյուջեից գողացած գումարնե՞ր են, թե՞ ոչ, հայտնի չէ։ «Իմ քայլում» այդպիսի հարցերով չեն հետաքրքրվում։ Ավելին, եթե գումարը գողացված է պետբյուջեից, ապա ավելի լավ, քանզի եթե գողացողների մոտ մնային դրանք, ապա չար նպատակների կարող էին ծառայեցվել, իսկ փոխանցումից հետո դրանք, անշո՛ւշտ, ծառայեցվելու են բարի նպատակների։

Ինչ մնում է «Սիթի օֆ Սմայլին»՝ «Ժպիտների քաղաքին», ապա այս հիմնադրամը շատ կրեատիվ մոտեցում է ցուցաբերել։ Կան ընկերություններ, որոնց հետ հիմնադրամը գործընկեր է ու որոշակի գործարքներում փայ է մտնում։

Այսպես, LightHouse Candle խանութ-սրահներից գնված որոշ մոմերի հասույթի մի մասը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ Phantom Edition խանութ-սրահներից գնված որոշ զարդերի հասույթի մի մասը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ ՍԱՍ Սուպերմարկետների ցանցում պատվիրված «Սիթի օֆ Սմայլ» խմորեղենի ողջ հասույթը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ Ամեն երկուշաբթի Կարասում «Բարի երկուշաբթի» է` յուրաքանչյուր առաքման պատվերի գումարի 5%-ը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ Voskevaz Wine Time -ում պատվիրված «Սիթի օֆ Սմայլ» աղցանի ողջ հասույթը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։ Garun սրճարանում պատվիրված հավով չիաբատայի ողջ հասույթը փոխանցվում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։

Հասկանալի է, որ այս փոխանցումները հիմնադրամի կողմից կրկին տնօրինվում են բարի նպատակներով։

«Ժպիտների քաղաքն» էլ ունի անանուն փող փոխանցողներ։ Ըստ ամենայնի՝ սկզբունքը նույնն է, ինչ «Իմ քայլում»։ Կարևորը փոխանցումն է, այլ ոչ թե փողի ծագման աղբյուրը։

Ահա այսպիսի թավշյա փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում։ Իսկ դուք Սաշիկի անունն էիք մատի փաթաթան սարքել։

Ի դեպ, որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես է տնօրինվել Սաշիկից վերցրած 30 միլիոն դոլարը։ Միգուցե հիմնադրամնե՞ր է գնացել։ Բարիագույն նպատակներով, բնականաբար։

Իսկ ի՞նչ ճակատագրի է արժանացել մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի նվիրած ծաղկաձորյան հյուրանոցը։ Ո՞վ է այն այժմ տնօրինում։ Տեսնես՝ դրանից մի բան հասա՞վ պետբյուջեին ու ՀՀ «հպարտ» քաղաքացիներին։

Թե բա՝ մենք անփորձ ու անգրագետ ենք, բայց «զատո» չենք թալանում ու կոռուպցիայով չենք զբաղվում։

 Աղբյուրը`7or.am 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...