Ռուսների մոտ 800 հազար դոլարանոց ներդրումը Գյումրիում․ 15 նոր աշխատեղեր են ստեղծվել .aravot.am

Загрузка...

Ռուսական «ՄՌՏ էքսպերտ» ընկերությունը խոշոր ներդրում է կատարել «Գյումրի բժշկական կենտրոնում»՝ տեղադրելով մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա։ Այն, մասնագետների հավաստմամբ, ախտորոշման անվտանգ մեթոդ է, օրգանիզմը չի ճառագայթում ու հնարավորություն է տալիս որոշելու հիվանդության ճշգրիտ պատճառները։ Նշենք, որ սա նորություն է Հայաստանի Հանրապետության մարզային հիվանդանոցների պատմության մեջ․ աշխտորոշիչ նման սարք կա միայն մայրաքաղաքի հատուկենտ բժշկական հաստատություններում։

«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմերի հաշվարկներով՝ այն իրենց վրա նստել է մոտ 800 հազար դոլար․ նրանք հաշվարկել են սարքի արժեքը, տեղափոխումը, տեղադրումը, մասնագետների վերապատրաստումն արտերկրում։ Ըստ կնքված փոխըմբռնման հուշագրի, ռուս մասնագետներն աշխատում են հայերի հետ համատեղ ( այս սարքի տեղադրմամբ 15 նոր աշխատեղ է ստեղծվել Գյումրիում), բոլոր ծախսերն ու սարքի հետագա խնամքը հոգում է ռուսական կողմը։

Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, անհրաժեշտության դեպքում հետազոտությունները կուղարկվեն Ռուսաստան, որոնք կքննարկվեն ռուս պրոֆեսորների հետ:

«Հիվանդանոցում նման սարք ունենալ, արագ արձագանքել, արագ ախտորոշել ու ճիշտ բուժում անելը ոչ միայն կարևոր է մարզի համար, այլ ողջ տարածաշրջանի։ Անհետաձգելի հիվանդությունների դեպքում բուժօգնությունն ապահովելու, ճիշտ ախտորոշում կատարելու համար այս սարքն անփոխարինելի է։ Սկզբում մեր գործընկերները ուզում էին Երևանում տեղակայել սարքը, կենտրոնում նման հնարավորություն կար, բայց հիմա համոզվեցին, որ մարզերում ևս դրա կարիքը կա, իրենց ներդրումն արդարացված է»,- ասաց Արմեն Իսահակյանը։ Սարքը մոտ 20 օր է՝ աշխատեցնում են, անվճար հետազոտման ակցիա են արել ու արդեն 150 հիվանդ հետազոտել։ «Համոզված եմ ՝ բնակչությունը վաղը կվստահի ու Լոռու մարզից, հարևան Վրաստանից հիվանդներ կայցելեն։ Հիշեք, թե ինչպես սկսեցինք սրտի վիրահատություններն, այսօր նվազագույնը 400 հիվանդ մայրաքաղաք չի գնում։ Մեր աչքի կլինիկայում ևս հիվանդների քանակը օրեցօր ավելանում է տեղադրված նոր սարքավորումների ու բարձորակ բժիշկների այցերի շնորհիվ։

Օրինակ՝ այսօր 20-25 հիվանդ են վիրահատել, մի կողմից կարևոր է, որ նվազեցնենք հոսքը դեպի մայրաքաղաք, վերջին հաշվով, դա ծախսատար է մարզում ապրող հիվանդի համար, մյուս կողմից էլ արագ աշխտորոշում ենք կատարում։ Սա ամենակարևորն է, բնականաբար, շուտ աշխտորոշված բոլոր հիվանդությունների բուժումն ավելի հեշտ է։

Գնային առումով էլ մեր բոլոր ծառայությունները մայրաքաղաքային գներից էժան են», -ասում է Արմեն Իսահակյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...