Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը բողոքարկելու մասին ՍԴ-ն հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործը բողոքարկելու հնարավորությանը: ՍԴ հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի՝ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:

Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը վերոնշյալ կարգավորումների պարագայում չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով