Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Արցախի. 1998–ի պատմությունը կրկնվում է.7or.am

Загрузка...

1–ին Հանրապետության օրվա կապակցությամբ տեղի ունեցած պաշտոնական միջոցառումներին Արցախը որևէ պաշտոնյայի մակարդակով ներկայացված չէր։ Սա հետանկախական Հայաստանում առաջին դեպքն է։ Նույնիսկ քիրվայականության մոլի ջատագով Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք նման բան չի եղել։ 1–ին նախագահի հոգեզավակը, փաստորեն, ավելի առաջ գնաց։

Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարքագիծն Արցախի մասով նեղմտության ու պետական գործիչ չդառնալու հետևանք է։

Եթե վարչապետի աթոռին հայտնվելու առաջին իսկ օրվանից հայտարարվում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցելու է միայն Հայաստանի մասով, եթե պաշտոնական Երևանը քննարկման առարկա է դարձնում ու մի պահ նույնիսկ ոտուգլխով մտնում Բոլթոնի պլան, եթե խրախուսվում է հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան, եթե ամենաբարձր մակարդակով աջակցվում է ու տիրաժավորվում նիկոլական հունվեյբինի շուրթերով Արցախում քարերով գլուխ ջարդելու քարոզը, ապա պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը չպետք է ներկայացված լիներ Սարդարապատում։

Փաշինյանը երեկ անուղղակիորեն ցույց տվեց, որ Ազատության հրապարակում տխրահռչակ այն երիտասարդը հակաարցախյան հոխորտանք է հնչեցրել իր ցուցմամբ, կամ էլ ջահել–ջիվան այդ նիկոլական հունվեյբինն ինքնուրույն է օդում որսացել Փաշինյանի սրտի ցանկությունը, զգացել է հակաղարաբաղցիական մթնոլորտը և անցել գործի։

Փաշինյանը հետևողական է։ Նա հետևողականորեն հանրության մեջ ներարկում է ներքին թշնամու կերպարը։

Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ «Ժողովրդի» վարչապետն արտաքին թշնամու կերպարը տրանսֆորմացնում է ներքին թշնամու կերպարով։ «Հուգենոտներ» են հռչակվել ղարաբաղցիները և բուրժուազիան։ Սա 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ տերպետրոսյանենց կողմից քարոզված ու մերժված կոդի ռեինկարնացիան է։

Փաշինյանը նեոբոլշևիկ է։ Դե, իսկ նեոբոլշևիզմից մինչև, Նժդեհի ասած, թրքաբոլշևիկ մեկ քայլ է։

Փաշինյանն առաջարկում է Արցախյան պատերազմը փոխարինել քաղաքացիական պատերազմով։ Թիրախավորել ոչ թե հայ զինվորի վրա կրակող ադրբեջանցուն, այլ բոլոր նրանց, ովքեր չեն անցնում «ժողովրդի» վարչապետի թրի տակով։

«Անցումային արդարադատություն», «վեթթինգ», «մեղավորության կանխավարկած». սրանք քաղաքացիական պատերազմ հրահրող գործիքներ են։ Նեոբոլշևիկյան գործիքներ, որոնք մինչև վերջ պառակտելու են մեր ժողովրդին։ Դրանից լավ բան մեր իրական թշնամին չէր էլ կարող երազել։

Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը, վերլուծական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու տարբերակները։ Մի մասը գտնում է, որ հիմա ճիշտ պահն է, քանզի Փաշինյանը կազմալուծել է պետական կառավարման համակարգը, թշնամանք է հրահրել Երևանի ու Ստեփանակերտի միջև, վարկաբեկել է բանակը և պառակտել հանրությանը։ Մյուս մասի կարծիքով պետք է մի փոքր էլ սպասել, որ Փաշինյանն է՛լ ավելի քայքայիչ գործողություններ իրականացնի, ու միայն այդ պահին անցնել հարձակման։

Նրանք, ովքեր Ադրբեջանում կողմ են արտահայտվում շուտափույթ հարձակմանը, գտնում են, որ Բաքուն իզուր է ուզում կրկին ժամանակ տալ Փաշինյանին, որպեսզի նա ամրապնդի իր իշխանությունը (ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ նախորդ տարվա ապրիլից հետո Փաշինյանին թայմ–աութ են տվել՝ պայմանով, որ նա գնալու է զիջումների և դատելով ամենից՝ Փաշինյանից ստացել են դրական պատասխան, ու դա էր պատճառը, որ որոշ ժամանակ չէին կրակում)։ Այս տեսակետի հակառակորդները գտնում են, որ պետք է որոշ ժամանակ անց հարձակվել, քանզի Փաշինյանը, միևնույն է, չի կարողանալու ամրապնդվել ու ստիպված է լինելու զիջումների գնալ՝ մինչ այդ Հայաստանում ավերածություններ գործելով։

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չպետք է դիտորդի կարգավիճակով հետևենք, թե ինչպես է պաշտոնական Երևանը պատերազմ հայտարարում Արցախին։ Անկախ այն բանից, թե ովքեր են Ստեփանակերտում իշխանության, Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները չպետք է լինեն հակադիր։ Մեկ անգամ նման բան եղել է 1997-1998թթ., որն ավարտվել է Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականով։ Այն օրերին էլ հակաղարաբաղցիական քարոզը պետական մակարդակով էր տարվում, բայց այսքան բացահայտ ու լկտի չէր։

Հակաղարաբաղցիական քարոզիչը հեռացվեց իշխանությունից, բայց քիրվայականությունը արմատախիլ չարվեց 1998–ին ՀՀ սահմանադրական կարգը վերականգնելուց հետո։ Դրա համար էլ այն տարածվեց, փորձեց գլուխ բարձրացնել 2008–ին ու հետո իշխանության եկավ 2018–ին՝ Նիկոլի տեսքով։ Հիմա մենք ՀՀՇ–ական թերմացքի իշխանություն ենք ստացել։

Տեր–Պետրոսյանի քաղաքական ու գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը գնում է «հոր» ճանապարհով։

Աղբյուրը`7or.am.Կորյուն Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...