Մենք պետք է ձևավորենք միասնական Ազգային օրակարգ․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայ ժողովուրդն այսօր տոնում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը: Ուղերձում մասնավորապես նշված է․ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել ստեղծելուն, մեր ուժը՝ խաղաղություն հաստատելուն:

Երախտապարտ լինենք բոլոր այն մարդկանց, որոնք 1918 թվականին կերտեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1920 թվականից ի վեր՝ Խորհրդային Հայաստանը, իսկ 1991 թվականին վերածնեցին անկախ Հայաստանի Հանրապետությունը, բոլոր նրանց, որոնք շուրջ երեք տասնամյակ պահպանել ու պահպանում են այն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը համազգային նշանակության խնդիր են: Իսկ համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ կարողություններն ու ներուժը օգտագործելով:

Մենք պետք է ձևավորենք միասնական Ազգային օրակարգ՝ ընդհանուր կենսական նշանակություն և կարևորություն ունեցող գերակա խնդիրներով ու առաջնայնություններով, մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավված լինի ընդհանուր հարցերին վերաբերող որոշումների կայացման գործընթացում։

Եվ այս առումով անգնահատելի է մեր երիտասարդության դերակատարումը։ Այսօր ես առանձնահատուկ դիմում եմ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր երիտասարդ սերնդին անկախ պետականությամբ հայրենի հողի վրա համախմբվելու կոչով: Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում, երազել ու մտածել վաղվա մասին, ամբողջացնել Հայրենիքը որպես միասնական գաղափար և որպես զորեղ ու կենսունակ պետական միավոր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով, այսօր մենք պատմական հնարավորություն ունենք բարելավելու մեր երկիրը, նպաստելու մեր հայրենիքի հզորացմանը և, ավելի քան երբևէ, այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավոր բոլորիս տոնը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Խաղաղություն, հաղթանակ ու հաջողություն բոլորիս ու յուրաքանչյուրիս, մեր երկրին, մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու: Վստահ եմ, որ մեր պետականության գալիք հարյուրամյակների պատմությունը արձանագրելու է հայ ժողովրդի միասնությամբ ու ստեղծագործ աշխատանքով ձեռք բերված նոր հաջողություններն ու հաղթանակները։

Աստված բոլորիս պահապան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով