Մակունցի քրոնիկ ստախոսությունը, հայտնի ձայնագրությունը և լրագրողների խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը

Ինչպես տեղեկացնում է factor.am կայքը, մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկում է եղել օրեր առաջ խմբակցության նիստում արծարծված թեմաների, խոսակցությունների արտահոսքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Իմ քայլը» խմբակցությունը 3 ժամ տևողությամբ փակ նիստ էր անցկացրել, և խմբակցության անդամների բավականին բարձրաձայն խոսակցություններն ու վիճաբանությունները լրագրողները կարողացել էին դռան հետևից ձայնագրել: Համենայնդեպս ըստ այդ ձայնագրությունները հրապարակած լրագրողների հավաստումների՝ իրենց մոտ այդ տեղեկությունը հայտնվել է հենց նման ճանապարհով, և սենյակում, որտեղ անցկացվել է նիստը, ձայնագրող սարքավորումներ չեն եղել։ Նիստի ժամանակ հնչած որոշ խոսակցությունների ձայնագրություն հրապարակվեց Aravot.am կայքի յութուբյան էջում այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համառորեն փորձեց ժխտել նիստում իմքայլական պատգամավորների հնչեցրած ագրեսիվ մեկնաբանություններն ու տեսակետները, ոչբարիդրացիական կոչերը։ Դրանք մի շարք լրատվականներ նույն օրն իսկ հրապարակել էին իրենց կայքերում: Բայց դրան կանդրադառնանք ավելի ուշ:

Նշենք նաև, որ այդ աղմկահարույց ձայնագրության սղագրությունները մասնակիորեն ներկայացվեցին նաև «Հրապարակ» օրաթերթի «Կուժն ու կուլան՝ գործադիրի գլխին» հրապարակման մեջ։ Ըստ այդ ձայնագրությունների ու սղագրությունների՝ փակ նիստի օրը պատգամավորներն անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին՝ ընդհուպ նրան ոչնչացնելու և Ռոբերտ Քոչարյանից որպես չարիքից ազատվելու կոչեր հնչեցնելով:

Ակնհայտ է, որ թավիշով երկրի իշխանությունն ստանձնած կուսակցության ներկայացուցիչները իշխանության լծակները զավթելուց հետո սկսել են սպառնալիքներով, սպանության, «գլուխներ ցխելու», ոչնչացնելու կոչերով հանրության մեջ ագրեսիա, ատելություն սերմանել, երբեմն իրենց սատարողների միջնորդությամբ, ասես սիրո և համերաշխության հեղափոխության ժամանակ իրենց մեջ կուտակած թույնն են այժմ պարպում, քանի որ հեղափոխության օրերին նման հնարավորություն իրենց այդպես էլ չընձեռվեց։

Նշենք, որ պատգամավորները խոսել են նաև ՍԴ-ն ու ԲԴԽ-ն ցրելու անհրաժեշտության մասին և որ դա պետք է իրականացնեն Ազգային ժողովի միջոցով։ Ինչպես նշված է «Հրապարակում», Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցը փոխելու հետ կապված խնդիրը չէին ունենա, եթե արդարադատության նախարարն ընդուներ իրենց ներկայացրած փաթեթը: Խոսքն ամենայն հավանականությամբ հենց Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու, անցումային արդարադատությունը Հայաստանում ներդնելու առաջարկների փաթեթի մասին է: Պատգամավորներից մեկն էլ զայրացել է, թե «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, և դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք։ Արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչև էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»: Այնուհետև կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ը ցրի այդ մարմինները: Պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ հավելել է․ «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ…եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

Ի դեպ, օրերս լրագրողներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մարիա Կարապետյանը, ի տարբերություն «գաղտնասեր» Մակունցի, խոստովանել է, որ ինքն իսկապես փակ նիստի ժամանակ խոսել է անցումային արդարադատությունը շուտափույթ ներդնելու անհրաժեշտության մասին, որն ըստ նրա՝ պետք է Ազգային ժողովն իրականացնի:

«Ես կարող եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ խմբակցության նիստի ժամանակ, հետևյալն է՝ իմ նախընտրական ծրագրում գրված է եղել անցումային արդարադատության մասին, կառավարության ծրագիրը հաստատելիս մենք բաժանել ենք մեր դերերը և անցումային արդարադատությունը մնացել է ԱԺ-ի տիրույթում, դատաիրավական այն բարեփոխումները, որոնք առհավետ պետք է գործեն, այսինքն, ընդունվեն օրենքներ, որոնք գործելու են ընդմիշտ, մնում են կառավարության տիրույթում»,- ասել է պատգամավորը: Հարցին՝ Արտակ Զեյնալյանն ինչ-որ առումով չի՞ կատարել իր պարտականությունները, դրա՞ համար էիք դուք բարկացած նրա վրա, Մարիա Կարապետյանը պատասխանել է. «Արդարադատության նախարարի տիրույթը այն դատաիրավական բարեփոխումներն են, որոնք ընդմիշտ պետք է գործեն: Ես կարծիք կարող եմ ունենալ դրանց կապակցությամբ: Անցումային արդարադատությունն ամբողջությամբ ԱԺ-ի պատասխանատվություն է և եթե թերացում եղել է, ես իմ գործընկերների հետ կիսում եմ այդ թերացումը անցումային արդարադատության մասով»:

Խոսելով ԲԴԽ-ը և ՍԴ-ը ցրելու մասին քննարկումներից՝ Մարիա Կարապետյանն ասել է, որ այդ հարցը ևս շոշափվել է. «Անդրադարձ փոքրիկ եղել է, բայց ավելի շատ մասնագիտական քննարկում պետք է լինի: Ինչ-որ բան հիշում եմ, բայց ես մեր նիստերին գուցե նույն սղագրությամբ չեմ վերաբերվում, ինչպես լրագրողները: Ինձ ավելի շատ հետաքրքրում են քաղաքական որոշումները, որոնք մենք ընդունում ենք նիստի ժամանակ»:

Նշենք, որ վերոնշյալ փակ նիստի ժամանակ իմքայլականներն անդրադարձել են նաև կառավարության ներկայացուցչի՝ արդարադատության նախարարի վրա դրված այն պարտավորություններին, որի մասին խոսել է Մարիա Կարապետյանը: Նիստի ժամանակ հարց է հնչել, թե ինչով է զբաղված ՀՀ արդարադատության նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ և ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է անհրաժեշտ օրենքներ գրեն, այն դեպքում, երբ իրենք քաղաքական գործիչներ են:

Պատգամավորները, ըստ ձայնագրության, խոսել են նախարարի փոփոխության անհրաժեշտության, գործադիր իշխանության «անգործության» մասին:

Եվ ահա մայիսի 26-ին «Իմ քայլի» նախաձեռնած քննարկման ժամանակ պատգամավորները փորձել են ազդեցիկ մեխանիզմներ գտնել լրագրողների՝ փակ նիստի խոսակցությունները բացահայտած աղբյուրները հայտնաբերելու համար՝ չհավատալով, որ իրենց խոսակցությունները լսելի են եղել դռան մյուս կողմից: Ոմանք համոզվածություն են հայտնել, որ տեղեկության արտահոսք է եղել։  Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ հարկավոր է դիմել ԱԱԾ և պարզել, թե ով է այդ արտահոսք՝ «սլիվ» անողը: Թեև ավելի ուշ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել:

«Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Փաստորեն պատգամավորները նեղ գործընկերային շրջանակներում, ԱԺ փակ դռների հետևում այլ հայտարարություններ են անում, միմյանց ու կառավարության անդամներին այլ պահանջներ ներկայացնում, բայց հրապարակավ հակառակ տեսակետներ են պնդում: Գուցե պատճառն իրենց անհեռատեսությունն է, դիվանագիտական հմտությունների պակասը, երբ ինչ-ինչ հայտարարություններ անելուց առաջ հաշիվ չեն տալիս իրենց խոսքերի հետևանքների մասին և միայն նիստերից հետո, երբ լրագրողները կամ ընդդիմադիրները հակադարձում են նրանց, հիմնավորված փաստարկներ են ներկայացնում, նոր միայն նորաթուխ պատգամավորները գիտակցում են, որ ավելի զգուշավոր ու խոհեմ պետք է լինեին: Այդ ժամանակ էլ արդեն գործի է դրվում դասական «կռուտիտը», որը հատկապես հեղափոխությունից հետո քաղաքական ծանրակշիռ կատեգորիա է դարձել:

Հենց այդ ծանրակշիռ գործիքով էլ հայտնի նիստից հետո իմքայլականների ղեկավար Լիլիթ Մակունցը փորձեց կոծկել իր թիմակիցների՝ «նեղ կռուգում» հնչեցրած լոզունգները, կոչերը, հայտարարությունները՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»: Բնականաբար, հորդորն ուղղված էր այն լրատվամիջոցներին, որոնք տպագրել էին փակ նիստի ժամանակ արված որոշ հայտարարություններ:

Հաջորդ օրը ձայնագրությունը հրապարակած Aravot.am կայքի լրագրողը Լիլիթ Մակունցին հարցրել էր՝ ինչպե՞ս է հերքում մի տեղեկատվություն, որի ձայնագրությունն առկա է և պատգամավորի ներկայությամբ միացրել էր այդ ձայնագրությունը: Անգամ դրանից հետո Մակունցն այդպես էլ չէր խոստովանել, որ փակ նիստի ժամանակ այդպիսի խոսակցություններ են եղել հենց 334-րդ սենյակի հարթակից, թեև ընդհանրապես չէր բացառել, որ իր թիմակիցները կարող են քննարկել ձայնագրության մեջ արծարծված թեմաները, բայց միայն ԱԺ-ից կամ նիստի դահլիճից դուրս և կամ միմյանց մեջ՝ առանց բարձրախոսի:

«Դուք ասում եք՝ խմբակցության նիստում քննարկվել է նման հարց: Խմբակցության նիստի օրակարգում նման հարց չի եղել, խմբակցության նիստի ժամանակ դա չի քննարկվել: Եթե առանձին երկու պատգամավոր իրար հետ ինչ-որ բան են խոսել, որը ես չեմ կարողանում հասկանալ, լավ է, որ դուք հասկացել եք, բայց խմբակցության նիստի թեման և խմբակցության նիստի քննարկման առարկան դա չի եղել: Ես չեմ ասում, որ բացառում եմ երբևէ նման հարցի քննարկում, բայց այդ նիստի ժամանակ չի եղել…

Եթե երկու պատգամավոր դահլիճում կամ դահլիճից դուրս, փողոցում, սրճարանում կարող են խոսել ցանկացած թեմայի մասին, չի նշանակում, որ դա խմբակցության նիստի թեմա է եղել»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Այնինչ ձայնագրությունից հստակ հասկացվում է, որ այն արված է փակ նիստի ժամանակ, իսկ խնդրահարույց հայտարարություններ անողներն էլ ոչ թե միմյանց ականջին են շշնջում, այլ բարձրախոսով ելույթ են ունենում:

Չնայած առկա ապացույց-ձայնագրությանը, Մակունցն անհոգ դեմքով հավելել էր, որ  նիստն ինքն է վարել, և նիստի ժամանակ նման հարց չի քննարկվել: Ես չգիտեմ ընդմիջման ժամանակ, կամ ընթացքում ով ինչ է խոսել: «Ես ասում եմ՝ նիստի քննարկման օրակարգում դա չի եղել: Եթե անգամ լինի, մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է պատգամավորը:

Սակայն դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Մակունցն ու իր ղեկավարած թիմը լրջորեն մտահոգվել են հրապարակում հայտնված ձայնագրությամբ և առաջիկա նիստի ժամանակ այն լուրջ և թեժ քննարկման առարկա են դարձրել՝ սույնով փաստելով, որ մայիսի 21-ի փակ նիստի ժամանակ իրենք իսկապես տվել-առել են ՍԴ-ն, ԲԴԽ-ն ցրելու, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և մյուս հարցերը, որոնք առկա են ձայնագրության մեջ: Այս դեպքում թերևս առավել մտահոգիչ են ոչ այնքան նրանց արծարծած թեմաների մասին անձնական և կուսակցական տեսակետները, որքան հերթական ստի միջոցով հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, իրենց գործողությունները թաքուն իրականացնելու փորձերը, ինչը մտորելու տեղիք է տալիս, թե որքանո՞վ են այդ գործողություններն ի նպաստ ժողովրդի ու մեր պետության: Այլապես գաղտնի պահելու, ստելու ի՞նչ կարիք կա, եթե միտքդ մաքուր է ու ազնիվ:

Սակայն վերադառնանք մայիսի 26-ի նիստին, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաև խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը: Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի թիվ 334 դահլիճի (334-րդ դահլիճում են անցկացվում քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցները, հանձնաժողովի համատեղ նիստերը, ԱԺ խորհրդի նիստերը, հանրային լսումները, իշխող խմբակցության փակ նիստերը) միջանցքում չսպասեն մինչև փակ նիստի ավարտվելը։ Նա նպատակահարմար է համարել, որ այդ ընթացքում լրագրողներն սպասեն ընդհանուր միջանցքում:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ փակ քննարկման ժամանակ գործընկերներին առաջարկել է, որպեսզի պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները պարբերաբար լինեն լրագրողների կողքին, վերահսկեն նրանց՝ հասկանալու  համար, թե ինչպես է նրանց տեղեկատվություն փոխանցվում, ինչը միանշանակ ազատ խոսքի սահմանափակում է․ որևէ մեկն իրավունք չունի վերահսկելու լրագրողների աշխատանքը մասնագիտական գործունեության ժամանակ, եթե դա օրենքով նախատեսված չէ: Ի վերջո լրագրողները օրենք չեն խախտել և մուտք չեն գործել դահլիճ, որտեղ փակ նիստն էր ընթանում, և նրանց մուտքն արգելված էր: Իրենք մեղավոր չեն պատգամավորների անզգուշության համար, որ այնքան բարձր են խոսել՝ իրենց թեժ խոսքուզրույցը լսելի է եղել նաև դահլիճի այն կողմ:

Մյուս կողմից՝ առաջին անգամ ձայնագրության որոշ մանրամասներ հրապարակելիս Aravot.am-ի լրագրող, ձայնագրության հեղինակ Հռիփսիմե Ջեբեջյանը պատգամավորների անունները չէր նշել՝ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները և միայն հանրայնացնելով այն, ինչի մասին պատգամավորները պարտավոր էին ներկայացնել փակ նիստից հետո, եթե քննարկման թեման պետական գաղտնիք չէ: Այնինչ պատգամավոր Լիլիթ Մակունցը լռել էր այդ խոսակցությունների մասին, հետո էլ, ինչպես նշեցինք, տեղեկացրել, թե իբրև ինքը տեղյակ չի եղել, չի լսել նման խոսակցություններ: Իսկ լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջով է գործել: Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ՝ լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվության մասին հոդվածի 3-րդ կետում նշված է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

Արդեն նշեցինք, որ ձայնագրությունն արվել է առանց օրենքի խախտման, իսկ ձայնագրության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, քանի որ նիստի ժամանակ հնչած սպառնալի հայտարարություններն անթույլատրելի են հենց հանրային անվտանգության նկատառումով:

Եվ հետո, նույն օրենքի 7-րդ հոդվածում, որով սահմանում են լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները, նշված է. «Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»:

Երկրորդ կետով արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել:

Իսկ երրորդ կետով նշված է, որ դույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Հրապարակված ձայնագրությունը ոչ գաղտնալսված խոսակցություն է, ոչ անձնական, ընտանեկան բնույթի՝ մասնավոր կյանքին առնչվող զրույց, այլ վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի՝ Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի լուծարմանը, արդարադատության նախարարին անվստահություն հայտնելուն:

Երկրորդ՝ «Իմ քայլը» խմբակցությունն ակնհայտ անբավարար միջոցներ էր ձեռնարկել մայիսի 21-ի իր նիստում լսելի չլինելու համար, և բարձրախոսով ունեցած նրանց ելույթները լրագրողների համար լսելի էին եղել սենյակից դուրս: «Առավոտը» չէր հրապարակի այդ ձայնագրությունը, եթե խմբակցության ղեկավարը իր ֆեյսբուքյան գրառմամբ լրագրողներին չմեղադրեր հերյուրանք, ապատեղեկատվություն տարածելու համար: Անգամ այդքանից հետո լրատվամիջոցը պահպանել էր էթիկայի կանոները և միայն Մակունցի թույլտվությունից հետո հրապարակեց փակ նիստի ձայնագրությունը, ինչն օրենքի թույլատրելիության սահմաններում է:

Աղբյուրը`livenews.am

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով