Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը.«168 ժամ»

Загрузка...

«168 ժամ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:

Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

Հիշեցնենք, 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռեւս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝  իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին:

Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման եւ պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, եւ, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ:  Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը եւ Սամվել Ադյանը, ինչպես նաեւ՝ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու մասին ստորագրություններով: Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի:

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաեւ նախարար Արսեն Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...