Ծնողները դատի կտան ԿԳՆ-ին. երեխաների հերթագրման առցանց համակարգը գործարկվեց թերություններով ու խափանումներով

Загрузка...

Երեկ առավոտվանից՝ ժամը 9-ից, Կրթության և գիտության նախարարությունը գործարկեց դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը։ Ինչպեսև սպասվում էր, համակարգը գործարկվել է թերություններով, և երեկվանից հարյուրավոր դժգոհություններ են հնչում ծնողներից, ովքեր փորձում են իրենց դպրոցահասակ երեխաներին գրանցել համակարգում։ Համակարգը մե՛կ մուտքագրված տվյալները չի ճանաչում, մե՛կ խափանվում է՝ չդիմանալով, հավանաբար, միանգամից այդքան մուտքի։

«Համակարգը տարբեր պատասխաններ է տալիս: Ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս ՀԾՀ-ով երեխային գրանցել չի լինում: Կարո՞ղ եմ արձանագրել, որ ԿԳՆ-ն խոչընդոտում է երեխայիս կրթություն ստանալու իրավունքը: Երեխայիս 6 տարեկանը լրանում է սեպտեմբերի 28-ին, իսկ համակարգը տալիս է, որ երեխաս դպրոցահասակ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ դպրոցահասակ չէ: Հաշվի առե՞լ եք այս նրբությունը, հարգելի ԿԳՆ»,- վաղ առավոտից ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Նարինե Ղալեչյանը։

«Իմ բալիկը սեպտեմբերի 24-ին է ծնվել, կա համակարգում, բայց համակարգը լավ չի աշխատում, մե՛կ պետռեգիստրում չի գտնում, մե՛կ գրում է՝ համապատասխան տարիք չի, հետո էլ գրանցեց, բայց մեյլիս նամակը չկա, ու չհասկացա՝ վերջում գրանցվե՞ց, թե՞ ոչ»,- դժգոգել է մեկ այլ ծնող։

«Երեկ ժամը 9-ից զանգը զանգի հետևից ինձ են զանգում: Արդեն մի 30 ծնողի հետ եմ խոսել, բոլորի համար խնդիր է: Ստուգում արել են, նորմալ է եղել, հիմա կա՛մ տարիքը չի համապատասխանում, կա՛մ չկա ընդհանրապես: Մարդիկ ինֆարկտ են ստանում արդեն էն մտքից, որ գուցե չհասցնեն իրենց նախընտրած դպրոցում գրանցեն երեխեքին։ Բացի դրանից՝ ՀԾՀ-ների անհամապատասխանություն է տալիս: Իսկ տեղերը սպառվում են: Ստացվում է, որ համակարգի պատճառով ես իմ համայնքի դպրոցում չեմ կարող գրանցել»,- գրել է մեկ այլ ծնող։

Երեկվանից ծնողները ակտիվ քննարկում էին, որ եթե չկարողանան այս նոր գործարկված համակարգի միջոցով իրենց երեխաներին իրենց նախընտրած դպրոցում գրանցել, ապա գնալու են իրավական ճանապարհով և դատական հայց են ներկայացնելու նախարարության դեմ: «Առաջարկում եմ ծնողներին համախմբվել ու դատի տալ ԿԳՆ-ին, եթե այդպես էլ չկարողանան այս համակարգի պատճառով իրենց ընտրած դպրոցում գրանցել երեխային: Ի վերջո, հանրակրթության մասին օրենքն ասում է, որ ծնողը դպրոց ընտրելու իրավունք ունի»,- մեզ հետ զրույցում ասացին ծնողները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրները տեխնիկական բնույթի են։ Իսկ այն ծնողներին, ովքեր տեխնիկական պատճառներով չեն հասցրել գրանցել իրենց երեխաներին նախընտրած դպրոցում, կարող են ընտրել մոտակա այլ դպրոցներ։ Նրա խոսքով՝ ծնողները նախապես պետք է ստուգեին երեխա-ծնող կապը stugum.emis.am կայքի միջոցով։

«Երեխա-ծնող կապը չի հայտնաբերվել, քանի որ 2013-ին ծնված երեխաների թվայնացված ծննդյան վկայականների խնդիր է եղել, որի մասին նախապես հայտնել ենք և խնդրել ծնողներին ստուգել տվյալները։ Նրանք նախապես չեն մտել և առավոտյան հանդիպել են այս խնդրին, որ ծնող-երեխա կապը չի հայտնաբերվում։ Նշվում է, որ խնդիրը կկարգավորվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց օպերատիվ սկսել ենք լուծել հարցը, և այդ կապերը ապահովել ենք»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային հասցեների հետ կապված խնդրին, ապա Պողոսյանի խոսքով՝ այդ խնդիրն առաջացել է, քանի որ ծնողները հիմնականում սխալ են լրացրել էլեկտրոնային հասցեները, իսկ ովքեր ճիշտ են լրացրել և նույն պահին հաստատում չեն ստացել, անհանգստանալու կարիք չկա։ 2-3 օրվա մեջ այդ նամակը նրանք կստանան։

Նշենք, սակայն, որ խնդրի պատճառով արդեն իսկ բազմաթիվ ծնողներ բաց են թողել իրենց նախընտրած դպրոց դիմելու հնարավորությունը, քանի որ առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերը լրացել են այդ դպրոցներում։ Օրինակ՝ երեկ ժամը 16։00-ի դրությամբ առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում արդեն իսկ սպառվել էր արտոնագրված տեղերի քանակը: Օրինակ՝ Երևանի թիվ 171 հիմնական դպրոցը, որտեղ արտոնագրված 120 տեղերն էլ լրացվել են, Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցը, որտեղ 78 արտոնագրված տեղերից 78-ն էլ սպառվել են, Ստեփան Զորյանի անվ. թիվ 56 հիմնական դպրոցը, որտեղ լրացվել են ազատ 113 տեղերը, Լև Տոլստոյի անվ. թիվ 128 դպրոցը՝ 65 տեղով, Վ.Պետրոսյանի անվ. թիվ 51 դպրոցը՝ 143 տեղով, Նաիրի Զարյանի անվ. թիվ 130 հիմնական դպրոցը՝ 154 տեղով, Երևանի Հ.Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցը՝ 63 լրացված տեղով և այսպես շարունակ։

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 և Ալեքսանդր Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում արտոնագրված թե՛ տարրական դպրոցի առաջին դասարանի և թե՛ ռուսերենի ուսուցման դասարանների բոլոր արտոնագրված տեղերը սպառվել են:

Աղբյուրը`1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...