Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր 80 տարեկան է

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի` «Հարսանիք լեռներում» անվանումը». մի առիթով հիշել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ մայիսի 22-ին, նրա ծննդյան օրն է: Կոմանդոսը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 1988-ից նա միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Նրա ռազմավարությամբ ու հրամանատարությամբ է ազատագրվել Շուշին:

Կոմանդոսը, որը Հայաստան գալուց առաջ ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելոռուսիայում, Երևան է եկել և աշխատել գյուղատնտեսական ակադեմիայում որպես դասախոս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոմանդոսն ակտիվ կերպով չի մասնակցել ազգային շարժմանը, բայց փոխարենը մասնակցել է մարտական գործողություններին: «1990-ին Ադրբեջանը քարտեզ հրապարակեց, որում երկրի կազմում ընդգրկված էին Զանգեզուրը և Սևանի կեսը: Հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ յուրաքանչյուր հայի պարտքը, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման է հարում, իր հայրենիքը պաշտպանելն է»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Մի հարցազրույցի ժամանակ էլ հերոսը նշել է. «Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, օրգանիզմս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում գրավել Շուշին:

Ես չգիտեի` ինչ անել. ասե՞լ մարդկանց, թե՞ ոչ, քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը…»:

…..

Արկադի-Տեր Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին, Վրաստանի Խորհրդային Հանրապետության Թբիլիսի քաղաքում: 1962թ. ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը: 1972թ. ավարտել է Լենինգրադի ռազմական ակադեմիան:

Եղել է ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից: 1962-1990թթ.` ծառայել է Լենինականում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Աֆղանստանում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1988-ից ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհազորայինների ուսուցման և պատրաստման գործընթացում: 1990թ. մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին: 1991թ. մայիսի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Պաշտպանության կոմիտեի արտազորային պատրաստության բաժնի պետ: 1991թ. հուլիսի 13-ին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը համակարգելու և կամավորականներին ռազմական գործ ուսուցանելու նպատակով գործուղվել է Ստեփանակերտ:

1992թ. փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհուրդի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: 1992–2001թթ.՝ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: 2001-ից եղել է ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ:

2009թ. մայիսի 8-ին ԼՂՀ նախագահի թիվ 40 հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

1992թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1991-1992թթ. Տեր-Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը:

1991–1992 թթ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պլանը և 1992-ի մայիսի 8–9-ին իրագործվել մարտավարական տեխնիկայի բարձր մակարդակով:

Արցախյան ազատամարտում իր անձնական քաջության և հրամանատարական օժտվածության համար նա ստացել է «Կոմանդոս» պատվանունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով