«Եթե պատերազմ լինի առաջին և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. բա էլ ու՞ր մնաց նրա և ալիևի միջև հաստատված օպերատիվ կապը»
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ, ղեկավար Գևորգ Գևորգյանը:
Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերի և Արցախի անվտանգության մասին լրագրողների հարցերին ի պատասխան, պարոն Գևորգյանը հայտարարեց, որ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը «փափուկ բարձ» էր դնում մեր գլխի տակ, հայտարարելով, որ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապ է հաստատել և ամբողջովին վերահսկում է իրավիճակը. «Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավոր պատերազմի մեղքը ամբողջովին գցել ուրիշների վրա: Բա էլ ու՞ր մնաց իր հասատատած օպերատիվ կապը: Այդ հարցերը պետք է հենց նրան տալ»:
Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս` բանախոսը արձանագրեց, որ այսօր իշխող կուսակցության կողմից զանգվածային ատելության քարոզ է իրականացվում բոլոր այլախոհների դեմ, հնչում են սպառնալիքներ, որոնց պարզ վկայություններից մեկն էլ օրերս տեղի ունեցած հարձակումն էր խարիզմատիկ քաղաքական գործիչ, ազատամարտիկ, դաշնակցական Հրանտ Մարգարյանի դեմ:
Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան