Գլխավոր դատախազը գործ կհարուցի՞ Փաշինյանի նկատմամբ՝ իր գործառույթներին միջամտելու համար.168.am

Այսօր իր խոստացած բացառիկ երկար ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանի գործին, տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը սկզբում իրեն մի քանի անգամ առաջարկել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում «նեղվում են այդ կասկածներից», որ գործի քննությունը ոչ օբյեկտիվ է, բայց ինքը  դեմ է եղել:

«Կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեզ վերաբերող գործերը: Այսինքն՝ մենք չունենք քաղաքական կամք, և ուրիշը պետք է մեզ հետ կապված քրեական գործերը քննի»,- ասաց Ն.Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, ըստ նրա, եթե օբյեկտիվության համար պետք է գործը գնա ՀՔԾ, ինքը բացարձակ խնդիր չի տեսնում:

Այս հայտարարությամբ, թվում է, թե վարչապետը խոսում է օբյեկտիվությունից ու գործի քննությանը չմիջամտելուց, բայց մի՞թե վարչապետի իրավախորհրդատուները նրան չեն հուշում ձեռնպահ մնալ նման արտահայտություններից, քանի որ սա ոչ այլ ինչ է, քան, մեղմ ասած, պաշտոնական դիրքի չարաշահում, իսկ ըստ էության՝ հաղորդում հանցագործության մասին ինքն իր դեմ։

Ոչ ոք հայտնի՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների պատմությունից հետո չի էլ կասկածում, որ այդ հարցերը լուծվում են վարչապետի կաբինետում՝ վերջինիս անմիջական ցուցմամբ, բայց չի կարելի հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք տալ այդ թեմայով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետի համար, թերևս, դժվար է ընդունել, բայց երկրում արդարադատությունը պետք է իրականացվի համապատասխան օրենսգրքերով, այլ ոչ թե վարչապետի քաղաքական կամքով և նախասիրություններով, ինչում մեղադրում է նախկին իշխանություններին։

Բանն այն է, որ  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

Իսկ նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթում դատախազի լիազորությունների մեջ է մտնում ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։

Այսինքն՝ նախաքննական մի մարմնից մյուսին քրեական գործը հանձնելը բացառապես դատախազական իրավասություն է, և, փաստորեն, վարչապետը միջամտում է գլխավոր դատախազի գործառույթներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով