Արաբկիրի թաղապետարանում բունտ է.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Արաբկիրի թաղապետարանում երեկվանից կրքեր են եռում։ Մայիսի 2-ին թաղապետարանի կոլեկտիվը հավաքվել է շենքի դահլիճում, և թաղապետին կանչել են հանդիպման։ «Կա’մ մենք նրան պետք է հանենք, կա’մ նա՝ մեզ։ Այլևս այսպես աշխատել հնարավոր չէ»,- ասում է աշխատակիցներից մեկը։ Կոլեկտիվ հավաքը թաղապետ Արամ Դանիելյանի հետ խոսելու միակ տարբերակն է եղել, քանի որ, ըստ աշխատակիցների վկայությունների, թաղապետն արհամարհում է իրենց, մարդկանց չի ընդունում, իսկ երբ նրան ինչ-որ հարցով դիմում են, պահանջում է բացատրագիր գրել։ Արամ Դանիելյանի սեղանին բացատրագրերի սար է գոյացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհասկանալի սկզբունքով բաժանվող պարգևավճարները եղել են այն վերջին կաթիլը, որը հունից հանել է Արաբկիրի աշխատակիցներին և դրդել նրանց «բունտի»։ Հարկ է նկատել, որ ըմբոստության այս ձևը, երբ աշխատակիցներն իրենց աշխատասենյակների փոխարեն հավաքվում են դահլիճում ու իրենց ղեկավարին, կոպիտ ասած, «բերման ենթարկում» դահլիճ, աննախադեպ է Երևանի համայնքապետարանների պատմության մեջ։ Թաղապետարանների աշխատակիցները միշտ չինովնիկի ամենահնազանդ տեսակն են եղել։ «Ապստամբությունն» ի սկզբանե ծագել է գույքահարկի բաժնում, որը յուրաքանչյուր համայնքում ամենակարևորն է համարվում, քանի որ այն փող հավաքող ստորաբաժանումն է։

«Մեկին կարող է 30 տոկոս պարգևավճար գրի, մյուսին՝ 50 տոկոս, բաժնի պետերից կան 0 տոկոս ստացողներ։ Իր վարորդին նա 100 տոկոս պարգևավճար է նշանակում։ Մենք այդ մարդուն հարցրինք՝ ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով եք որոշում, թե ով ինչ պարգևավճար ստանա։ Նա երկուսուկես ժամ խոսեց, ու էդպես էլ չհասկացանք ոչ մի բան»,- ասում է թաղապետարանի բաժնի պետերից մեկը։ Ի՞նչ ավարտ ունեցավ երեկվա ժողովը։ «Ասաց՝ բոլորին 100 տոկոս կգրեմ, մենակ մի խոսացեք, ոչ մի տեղ մի բողոքեք։ Բայց մենք չենք հավատում։ Բանը բանից անցել է»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ Փորձեցինք կապվել Դանիելյանի հետ, նույնիսկ «sms» հաղորդագրություններ նրան ուղարկել, սակայն նա չպատասխանեց ո՛չ բջջայինին, ո՛չ էլ նամակներին։

Այս պահին Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանում է։ Հավանաբար, քաղաքապետ Հայկ Մարությանն է նրան «գորգի վրա» կանչել։ Տեղեկանքի կարգով՝ Արամ Դանիելյանի մանկությունը, դպրոցական տարիներին անցել են Վայքում, պետական կամ համայնքային որևէ կառույցում նա չի աշխատել, իսկ վերջինը եղել է վաճառքի գծով մենեջերի աշխատանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով