Պատերազմի վերսկսվելու դեպքում Ադրբեջանի քաղաքական քարտեզին մնալը կդրվի հարցականի տակ

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Պարոն Բալասանյան, ո՞րն է Ձեր գնահատականը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկապես հետաքրքիր է Ձեր գնահատականը Ղրիմում ռուսական զորքերի գործողությունների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Միջազգային հանրությունը, մենք բոլորս պետք է ևս մեկ անգամ էքսկուրս անցկացնենք աշխարհի քաղաքական քարտեզով և փաստենք բոլոր պետությունների առկայությունը քաղաքական քարտեզի վրա և տանք համարժեք գնահատական: Վաղուց գոյություն ունի այն մոտեցումը, թե պետությունների սահմանները պատերազմների արդյունք են, և եթե մենք անտեսենք պատմական ու իրավական մոտեցումները, ապա պատերազմներով հարցերի լուծման մոտեցումները դեռ շարունակվելու են: Մի խոսքով, աշխարհը պետք է ձգտի նվազագույնի հասցնի պատերազմներով քաղաքական հարցերի լուծման տարբերակը: Նույնը Ղրիմի դեպքում: Ղրիմի ժողովուրդը, ինչու չէ, առիթից օգտվելով նաև Ռուսաստանի Դաշնությունը, ուզում են վերականգնել մինչխրուշչովյան իրականությունը, ինչը բխում է հարցի պատմաիրավական մոտեցումից:

Կարծում եմ, որ Ղրիմը ՌԴ համար կարևորագույն ռազմավարական տարածք է, և որպես զինվորական՝ նորմալ եմ վերաբերվում ռուսական զորքերի ռազմական գործողություններին: Եթե Ռուսաստանը չօգտագործի այս առիթը, հետագայում ստիպված կլինի ավելի ծանր կորուստներ տալու: Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ռազմական քաղաքականությունն այս հարցում արդարացված է:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություն,անհրաժեշտության դեպքում կմասնակցի ենթադրվող ռազմական գործողություններին, եթե պաշտոնական Մոսկվան դիմի ՀԱՊԿ-ին: Հայաստանի մասով ինչ մասնակցություն է սպասվում, եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ սա Հայաստանի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Անկախ ինչ կազմակերպության անդամ ես, պարտավոր ես հարգել այն պարտավորությունները, որ ստանձնել ես: Եթե ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված է նման ռազմական գործողություններին անդամ պետությունների մասնակցության պարտավորությունը, և եթե լինի ՌԴ դիմումը ՀՀ ղեկավարությանը, ապա Հայաստանը պարտավոր է կատարել իր միջազգային հանձնառությունները: Սակայն ՀԱՊԿ պայմանագրի փոխօգնության կետը գործում է դաշնակիցներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում: Հետևաբար կարծում եմ, որ նման անհարժեշտություն չի լինի:

– Այս օրերին շատ է խոսվում նաեւ այն մասին, որ Ղրիմի դեպքերը փորձում են կապել Արցախի հետ: Մասնավորապես կանխատեսումներ են արվում, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է ակտիվ գործողությունների՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված վիճակից: Հրապարակվեց նաեւ տեղեկություն, որ արդեն սահմանի երկայնքով Ադրբեջանը մի քանի շարքով զինտեխնիկա է տեղակայել: Ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները:

-Աշխարհում զարգացումներն այնպիսի տեմպով են ընթանում, որ շատ դժվար է կանխատեսումներ, առավել ևս եզրակացություններ անել: Դեռևս 90-ականների սկզբից մինչև պատերազմի ավարտը Ուկրաինան պետական մակարդակով Կրավչուկի գլխավորությամբ ռազմական տեխնիկայով, զենքով, զինամթերքով, զինվորական հանդերձանքով, օդաչուներով ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին, աջակցում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին: Ուկրաինայի ղեկավարությունը մոռացել էր, թե ինչպես էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայկական ազգային դիվիզիաները Ուկրաինայի և Ղրիմի ծանր ճակատներում փրկում ուկրաինացի եղբայրներին և քույրերին Ֆաշիստական Գերմանիայից: Մի՞թե հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայերի դեմ կռվելով էին ուկրաինական ստոր ղեկավարները փոխհատուցում ուկրաինացիների համար թափված հայկական արյան դիմաց:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, եթե վերջինս իրեն այդքան քաջ ու ուժեղ է զգում, պետք է արդեն իսկ քսան տարվա ռազմական հռետորաբանության փոխարեն անցներ իրական գործողությունների: Այսօր Ադրբեջանում ավելի է ուժեղանում ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցությունը, որն ադրբեջանականից վաղուց վերածվել է ազգայինի և հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ իրեն ցույց կտա: Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսելու դեպքում վերջինիս՝ քաղաքական քարտեզին մնալը կդրվի հարցականի տակ:

– Սահմանի խախտման եւ հնարավոր ակտիվ գործողությունների դեպքում ինչպես կգնահատեք հայկական կողմի պատրաստվածությունն ու հնարավորությունները: Ինչ ելք է կանխատեսվում:

-Մենք ոչ ենք ասել պատերազմին, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք դրան: 1991-94թթ. մենք ոչնչից ստեղծեցինք մեր զինված ուժերը՝ գտնվելով շրջափակման մեջ, ինչպես նաև մեր տարածքում ունենալով բազմաթիվ ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք իրենց հերթին կրկնակի շրջափակում էին իրականացնում: Այսօր այդ խնդիրները չկան, կա Արցախի Հանրապետություն 150 հազար բնակչությամբ և 12 հազար քառակուսի կմ տարածքով, կայացած պետական ինստիտուտներով և ամենակարևորը՝ սեփական զինված ուժերով: Եթե անգամ բանակում կան բացասական երևույթներ, դա չի անդրադառնա մարտական գործողությունների որակի վրա: Մեր ժողովուրդը միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայտնվել առաջին գծում՝ ընդհուպ երկրորդ գիծ ուղարկելով ժամկետային զինծառայողներին: Ռազմավարական և մարտավարական առումով մենք գտնվում ենք հարմար դիրքերում, որտեղ կազմակերպված է մեր պաշտպանությունը: Համոզված եմ, որ պատերազմի դեպքում մենք կարճ ժամանակում պաշտպանությունից կանցնենք հակահարձակման և կվարենք հարձակողական մարտեր: Այնպես որ մենք միշտ պատրաստ ենք մարտի:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի ․galatv.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով