Մանվել Գրիգորյանի ընտանիքը գույքի օրինական ձեռք բերող է, ներդրումներ է արել. պաշտպանը՝ գեներալի 40 անուն գույքը պետությանը վերադարձնելու գործընթացի մասին.Tert.am

Մանվել Գրիգորյանի ընտանիքն ընդամենը օրինական ձեռք բերող է, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանի հայտարարությանը, թե սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց:

«Կլինի դատական գործընթաց, կգնանք, կմասնակցենք: Այս պահին ոչ մի ծանուցում չունենք: Ես տեղեկություն չունեմ, որ որևէ համայնքի ղեկավար դիմել է դատարան, թե ոչ: Հետաքրքիր է, եթե հայց լինի, ինչպե՞ս են հիմնավորելու, այլ պայմաններում դա անել հնարավոր չէ, որովհետև նորմալ իրավահամակարգի պայմաններում սեփականության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունք է, մարդը տասնյակ տարիներ շարունակ, օրինակ, տիրապետում է գույքին»,-ընդգծեց Արսեն Մկրտչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև հիշեցրեց, որ ավելի վաղ բարձրաձայնել էր, որ մի շարք համայնքների ղեկավարներ փորձում են համոզել, որ Մանվել Գրիգորյանի դեմ հայց ներկայացնեն:

«Հիմա կա´մ համոզել են, կա´մ կարգադրել»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունվարին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարել էր, որ տարբեր մարզերում կա նաև Մանվել Գրիգորյանին պատկանող 40 հողատարածք, որոնց ձեռքբերման մրցույթների հետ կապված խնդրահարույց հարցեր կան, դրանք պարզելուց հետո նույնպես կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ մասին խոսել է նաև Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն այժմ ուսումնասիրություններ են կատարում Արմավիրի մարզի համապատասխան համայնքներում, մասնավորապես՝ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաքագրելուց և ամփոփելուց հետո պատրաստվում ենք դիմել դատարան։

Հիշեցնենք, որ կալանավորված ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով