Եթե զինվորը լսի, որ Արցախում տղաները զոհվել են հանուն ոչնչի, ի՞նչ հոգեբանությամբ պետք է պաշտպանի հայրենիքը. Վարդգես Բաղրյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին․Tert.am

Արցախի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Բաղրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ վրդովված է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերջին հայտարարության առնչությամբ:

«Ցանկացած սթափ մտածող մարդ, որը տեղյակ է՝ ինչ է կատարվել Արցախում, և հանուն ինչի են մեր տղաները զոհվել, որևէ իրավունք չունի ասելու, որ մեր տղաները հանուն ոչնչի են զոհվել: Նրանք իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, և ավելի վեհ ու իմաստավորված մահ չկա, քան հանուն հայրենիքի զոհվելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ, որպես հայ մարդ դատապարտում եմ նման հայտարարությունները՝ անկախ նրանից՝ ով է դա անում: Ես չգիտեմ՝ նույնիսկ ինչ խոսքերով նկարագրեմ դա: Զարմացած եմ: Թվում էր, թե զարմանալու ունակությունս արդեն կորցրել եմ, բայց տեսեք, որ նորից բաներ են լինում, որ զարմանում եմ»,-ասաց Բաղրյանը:

Արցախի խորհրդարանի պատգամավորը կարծում է, որ շատ վտանգավոր է նման հայտարարություններ անելն ու հղում է անում Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը. «Ադրբեջանի առաջին տիկինն ասում է՝ «Շուտով մենք Արցախի բոլոր գյուղերում բարձրացնելու ենք Ադրբեջանի դրոշը»: Տեսեք՝ ինչ ռազմատենչ հայտարարություններ են անում Ադրբեջանի ներկայացուցիչները:

Իսկ մենք խաղաղության աղավնիներ ենք դարձել: Ամենից շատ մենք ենք ուզում խաղաղություն, բայց խոսքը պետք է լինի միայն ու միայն արժանապատիվ խաղաղության մասին: Նայեք՝ ով է ձեր հակառակորդը, թշնամին և ինչ հռետորաբանություն է օգտագործում, և նայեք՝ ինչպես ենք մենք պատասխանում դրան: Ես չեմ հասկանում այս խաղաղասիրական հռետորաբանությունը: Ինչի՞ ենք մենք պատրաստում մեր զինվորին: Եթե այսօր սահմանին կանգնած զինվորը լսի, կարդա, որ այդ տղաները զոհվել են հանուն ոչնչի, ի՞նչ հոգեբանությամբ ինքը պետք է շարունակի պաշտպանել իր հայրենիքի սահմանները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, անդրադառնալով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, ասել էր. «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր են եղել երկու կողմից էլ, մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք՝ հակառակը, հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի բան է, որ թշնամանքի ոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել, և միակ իմաստը նախաձեռնության այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ»:

Այսօր վարչապետի տիկինը ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձել էր իր այս հայտարարությանը՝ նշելով, որ այն եղել է կոնտեքստից կտրված, ինքը չէր կարող ասել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով