Ապրիլի 26-ը՝ Լեռնահայաստանի Հանրապետության հռչակաման օր

1921թ. ապրիլի 26-ին Տաթեւ վանքում տեղի ունեցավ Ինքնավար Սյունիքի հայ ազգաբնակչության 2-րդ (արտակարգ) համագումարը:

Համազանգեզուրյան 2-րդ համագումարը որոշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«1. «Ինքնավար լեռնաշխարհ Ազատ Սյունիքը» հայտարարել անկախ պետություն եւ այն վերանվանել Լեռնահայաստան, որի մեջ մտնում են Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազ) եւ Լեռնային Ղարաբաղը:Գորիս քաղաքը համարել Լեռնահայաստանի մայրաքաղաք:

2. Քանի որ նորաստեղծ պետությունն ազդարարվում է հանրապետական եւ ժողովրդավարական, ուստի այն պետք է ունենա համապատասխան հաստատություններ՝ պառլամենտ, նախարարների խորհուրդ եւ ինքնիշխանության բնորոշ մյուս հատկանիշները:

3. Համագումարը հայտարարել Լեռնահայաստանի վարչապետություն՝ նախարարների խորհուրդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության անդամներին հետայսու անվանել նախարարներ:

4. Վարչապետ ընտրել սպարապետին՝ նրան վերապահելով նոր կառավարության կազմի ընտրությունը»:

Հաջորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նժդեհը համագումարի հաստատմանը ներկայացրեց կառավարության՝ 7 մարդուց բաղկացած հետեւյալ կազմը.

– Գ. Նժդեհ՝ վարչապետ եւ արտաքին գործոց նախարար,

– Ս. Մելիք-Յոլյան՝ ներքին գործոց,

– Հ. Տեր-Հակոբյան՝ պարենավորման,

– Բժիշկ Մ. Մինասյան՝ խնամատարության,

– Հովհ. Տեւեճյան՝ արդարադատության եւ լուսավորության,

– Ավ. Օհանջանյան՝ հաղորդակցության եւ փոստ հեռագրի,

– Բժիշկ Ս. Եղիազարյան՝ ֆինանսների նախարար:

Համագումարն ընդունում է Լեռնահայաստանի զորքին ու ղեկավարներին ուղղված ողջունի ուղերձ՝ «Համազանգեզուրյան Տաթեւի 2-րդ Խորհրդարանը սրտանց ողջունում է իր կուռ, անհաղթահարելի եւ տոկուն բանակի ռազմիկներին եւ լիահույս է, որ այդ անհաղթ բանակը, որ մինչեւ օրս իր փառապանծ հաղթանակներով աշխարհին է զարմացրել, այսուհետ էլ պատրաստ կլինի նոր հրաշքներ, նոր զարմանքներ ցուցադրելու քաղաքակիրթ աշխարհին՝ իր կատարյալ եւ վերջնական հարվածը տալով հայ աշխատավորության թշնամիներին:

Կազմված է կառավարություն:

Մեր ինքնավար Սյունիքն այսուհետ կոչվելու է Լեռնահայաստան, որն իր քաջարի զորքով, իր անպարտ առյուծասիրտ մարտիկներով սպառնալիք պետք է լինի մեր բոլոր թշնամիների համար:

Մեր ազատարար սպարապետ Նժդեհին տրված է Զորավարի տիտղոս եւ «Խուստուպյան արծիվ» շքանշան:

Մեր սուրբ տաճարում նա ուխտեց եւ իր սրբազան խոսքն ասաց՝ ձեզ հետ միասին, սեւ օրվա համար հայության բաժին համարված Սյունիքը դարձնել հայության վերածնության օրրան»:

Լեռնահայաստանը գոյատեւեց մինչեւ 1921 թ. հուլիս ամիս։

***

Ինքնավար Սյունիքի քայերգը

Մեր սարերը անառիկ ու հպարտ,

Մեր որդիք կորովի ու անպարտ,

Խոր ձորը Սյունիքի ահավոր՝

Շիրիմ են թշնամու դարավոր:

Թշնամին հազարով միշտ մեր դեմ,

Կուրծք-կրծքի մենք կանգնած նրա դեմ:

Չենք դողում, չենք սարսում մենք մահից,

Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից:

Ինքնավար Սյունիքին ցանկանք

Միշտ լինել թշնամու սպառնանք,

Շատ ապրի մեզ համար այսուհետ,

Քաջ հերոս Նժդեհ Սպարապետ:

 

***

 

Սյունեցիների յոթ պատվիրանները

1.Երբեք առանց Սյունիքի եւ Արցախի: Առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի, մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող:

2.Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը: Արդ, տաճարներդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացիր մի-մի ժայռ ե՛ւ պաշտե, ե՛ւ երկրպագե, որ չթուլանա փրկարար պաշտամունքդ դեպի լեռները:

3.Սպարտա: Քո երկիրը, որպես նոր Սպարտա, կարող է գոյություն ունենալ տխուր արեւելքում:

Ձգտի՛ր, կարող ես եւ պիտի դառնաս:

4.Երբեք անզեն: Թող նախ հարեւանները իրենց սրերը խոփերի եւ նիզակները օտոցների վերածեն:

5.Եվ ո՛չ մ ի ընչազուրկ՝ քո հողի վրա:

Խեղճերի արցունքից ու թույլերի անարիությունից են քանդվում հայրենիքները:

Բոլոր որդիներդ՝ անկարոտ եւ արի:

6.Մի ժողովուրդ – մի ընտանիք:

Ազգերի մեջ գուցե եւ միայն դու իրավունք չունես ներքուստ պառակտված լինելու:

7.Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ, եւ միշտ ուժեղ:

Ժողովուրդները վերջիվերջո տեր են մնում ոչ թե նրան, ինչ-որ նրանց տրվում է, ինչ-որ մուրում են, այլ միայն նրան, ինչի որ արժանի են, ինչ որ իրենց սեփական ուժերով ապահովել են կարողանում:

«Սյունյաց երկիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով