Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը ՀՀ մարզ է, սակայն Արցախում ժողովուրդը դեռևս կեղեքվում է Երևանյան նախկին հանցավոր ռեժիմի ստեփանակերտյան մնացորդի լծի տակ: Բացի այդ, ստեփանակերտյան հակահայ և ապօրինի ղեկավարությունը սեպարատ քայլեր է կատարում մեր ազգային շահերի դեմ՝ ձգտելով հանուն աթոռի Արցախի կեղծ անկախության հանգամանքը ծառայեցնել Կրեմլի տարածաշրջանային ծրագրերին: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Կրեմլը նպատակ ունի Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց և այնտեղ զորքեր տեղակայելուց հետո Ադրբեջանին ստիպել մտնելու իր ազդեցության տիրույթ, դառնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, այնուհետև, որպես փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել Արցախը: Այս աղետը կանխելու ամենակարճ միջոցն
Ստեփանակերտում երևանյան սցենարով փոփոխությունն է: Դրա շնորհիվ կվերականգնվի Հայաստանի քաղաքական համակարգի ամբողջականությունը և կչեզոքացվի Արցախը Կրեմլի շահերին զոհաբերելու սպառնալիքը: Անշուշտ, այս գործընթացը պետք է իրականացվի Արցախում առկա առողջ ուժերի և գործիչների միացյալ համախմբմամբ: Մեր պատկերացմամբ, պետք է ձևավորվի առաջնորդող խումբ, որն էլ կկազմակերպի ժողովրդին փողոց հանելու և ռեժիմին հեռացնելու գործը, ինչից հետո միայն պետք է տեղի ունենան ընտրություններ: Եվ մեր համոզմամբ ընտրություններում հաղթողի միակ օրակարգը պետք է լինի Արցախը մարզի կարգավիճակով ՀՀ կազմում դե յուրե ներառելը»։