Որտեղի՞ց 50 000 նոր աշխատատեղ․ վարչապետը պարզաբանում է իր հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր հայտարարությանն առ այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 50.000-ից ավելի աշխատատեղ:

«Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել եւ հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում»,-նշեց վարչապետը։

«Մեծածախ և մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում» ոլորտում գրանցվել է 16 427 աշխատատեղի աճ: «Մշակող արդյունաբերությունում» ունեցել ենք 9551 աշխատատեղի աճ, «Կացության եւ հանրային սննդի կազմակերպում» ոլորտում՝ 8334 աշխատատեղի աճ, «Սպասարկման այլ ծառայություններ» տողով՝ 2574 աշխատատեղի աճ, «Տեղեկատվություն եւ կապ» տողով՝ 2260 աշխատատեղի աճ»,- թվարկել է Փաշինյանը՝ նշելով, որ այս թվերը չեն կարող իրական չլինել, քանի որ դրանք ձեւավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա:

«Սա կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է։ Սա ոչ թե կառավարության հաջողությունն է, այլ մեր ընկերությունների գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»,– ասաց վարչապետը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամփոփելով՝ Փաշինյանը նշեց․ «2019 թվականի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562 043 աշխատատեղ, 2018 թվականին՝ 511 902։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ 50 141-ով»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով