Մեղրիի փոխանակման առեղծվածը. շինծու հորինվածքի հետքերով. քաղաքագետ

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը գրում է.
«Ապատեղեկատվության օգնությամբ հասարակական կարծիքի ձևավորման հնարքը նորություն չէ: Եվ քանի որ հասարակությունը շարունակ ինչ-որ բանի հավատալու ներքին պահանջ ունի, ուստի հակված է հավատալու այն ամենին, ինչը մասսայական տարածում է ստանում: Որպես կանոն բացահայտ կեղծիքը հեշտ է պարզաբանվում: Առավել դժվար է, երբ մատուցվող տեղեկատվության մեջ միախառնված են կեղծիքն ու ճշմարտությունը, երբ կեղծ տեղեկատվությունն իր մեջ ներառում է որոշիչ նշանկություն չունեցող ճշմարտության փոքրաքանակ տարրեր: Վերջին շրջանում տարածվող այդպիսի ապատեղեկատվություններից է հայտնի ուժերի կողմից շրջանառվող, այսպես կոչված, Մեղրին հանձնելու վերբեյալ Քոչարյանի դավադիր նպատակների մասին շինծու հորինվածքը:Ու՞մ կողմից է պարբերաբար շրջանառվում այն, ո՞րն է այս ապատեղեկատվության ակնառու կեղծիքը և որն է ճշմարտության փոքրիկ հատիկը: Եվ այսպես, ու՞մ կողմից է շրջանառության մեջ դրվել այս ամենը` մի մարդու, ով 1998թ.-ին իշխանությունը թողնելուց համոզված էր, որ հաջորդ նախագահը բանակցային գործընթացը կտապալի` պայմաններ ստեղծելով իր քաղաքական վերադարձի համար, ում պաշտոնավարման տարիներին ռազմաճակատում տարված հաղթանակը ոչ միայն չբյուրեղացավ բանակցային գործընթացում արձանագրված արդյունքների տեսքով, այլև ավարտվեց Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված խայտառակ հակահայկական դիրքորոշմամբ, ում իշխանավարման տարիներին ներկայացված խնդրի կարգավորման տարբերակները («փաթեթային», ապա` «փուլային») մերժվում էին բացառապես Հայաստանի կողմից: Իսկ սա նշանակում էր, որ բանակցային գործընթացում մինչև 1998թ. առավելությունն Ադրբեջանի կողմն էր:

Գնալով ավելանում էր միջազգային հանրության ճշնշումները Հայաստանի նկատմամբ, կարգավորման գործընթացի անարդյունավետությունն ընկալվում էր որպես հայկական կողմի քմահաճության հետևանք: 1998թ. կեսերից բանակցային գործընթացի առաքելությունը ստանձնեց Քոչարյանը, ում Տեր-Պետրոսյանից ժառանգություն էր մնացել ոչ հայանպաստ մի իրավիճակ` թե բուն գործընթացի տրամաբանության, թե միջազգային հանրության ճնշումների առումով: Պետք էր մի կողմից չընդհատել բանակցությունները` ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու նպատակով, մյուս կողմից դրսևորել բանակցային գործընթացի տրամաբանությունն աստիճանական վերակերպման ենթարկելու հմտություն և կարողություն: Եվ դա Քոչարյանին ոչ միայն հաջողվեց, հաջողվեց փայլուն կերպով:

Նախ «Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման տարբերակը, ապա և «Քիվեստյան» փաստաթուղթը օրակարգ բերելով, որտեղ թեև շոշափվում էր Մեղրի խնդիրը, բայց այն զիջելու, Իրանի հետ ընդհանուր սահմանից հրաժարվելու մասին որևէ խոսք չկար: Տարածքային փոխանակմամբ (Մեղրին Լաչինով փոխանակելով) Արցախյան կարգավորման հնարավոր լուծումների մասին առաջին անգամ բարձրաձայնել էր ակադեմիկոս Ա. Սախարովը դեռ 1989թ., որտեղ խոսքը գնում էր ԽՍՀՄ կազմում ներքին միութենական սահմանների փոփոխության մասին: Մեծ քաղաքականության մեջ այդ նախագիծը շրջանառության մեջ դրեց ԽՍՀՄ ազգությունների հարցերով զբաղվող ամերիկյան փորձագետ Պոլ Գոբլը, որն իրականում առաջարկել էր Արցախի հիմնախնդրի վերաբերող երկու նախագիծ` 1992թ. և 1996թ.:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, եթե անգամ «Գոբլի ծրագրերը» եղել են հիմնախնդրի կարգավորման սեղանին, եղել են Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, ուստի եթե ինչ-որ մեկը պատրաստվում էր անգամ դրանց տակ ստորագրել, կարող էր անել նորից Տեր-Պետրոսյանը:

Նույն շրջանակներն առ այսօր էլ, ելնելով սեփական քաղաքական նկատառումներից, փորձում են պարբերաբար Քոչարյանին կապել «հոկտեմերի 27» և Արցախյան կարգավորման հիմնախնդրի հետ, նշում, որ իբր հենց «Գոբլ-2» (1996թ.) նախագիծն է եղել Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ ՀՀ և ԱՀ նախագահների 2001թ. փարիզյան հանդիպման և 2002 թ. քիվեստյան բանակցությունների առարկա: Հատկանշական է, որ նման բովանդություն պարունակող մի հոդված էլ լույս էր տեսել 2008թ. նախագահական ընտրություններին ընդառաջ` Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում: 2008թ. նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանի ճամբարը խնդիր էր դրել հոգեհուզական տարբեր հնարքներով բորբոքել հասարակության կրքերը, և կարիք կար ասպարեզ իջեցնելու նման զգայուն հորինվածքներ:

Հորինվածքը իրականում ճշմարտության հետ որևէ աղերս չուներ: Ինչու՞, քանի որ ի տարբերություն Գոբլի պլանների, որոնց համաձայն նախատեսվում էր Մեղրին զիջել Ադրբեջանին (ինչից Ադրբեջանը երբևէ չէր հրաժարվի, ավելին` պատրաստ կլիներ դիմացը վերադարձնելու նաև Շահումյանի շրջանը), քիվեստյան փաստաթղթում հարցի լուծումը խարսխված էր այն սկզբունքի վրա, որ Արցախը Լաչինի միջանցքով Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց՝ Ադրբեջանին պետք է տրամադրվեր ընդհամենը ազատ եւ անխափան կապ Նախիջեւանի հետ՝ Հայաստանի միջոցով: Հնարավոր նախատեսվող լուծումներից մեկը Հայաստանի հարավում էստակադաների միջոցով այդ կապի ստեղծումն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն խոսքը գնում էր ոչ թե Մեղրին զիջելու և Իրանի սահմանից հրաժարվելու, այլ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «ինքնիշխան կամուրջ» տրամադրելուն: Գոբլն ինքը հետագայում բազմիցս հայտարարել է, որ իր կողմից 1996թ. առաջարկված կարգավորման ծրագիրը քիվեստյան փաստատթղթի հիմքում ընկած սկզբունքի հետ որևէ առնչություն չուներ: «Ընդհանուր պետություն» կոչվող կարգավորման տարբերակի մերժումից հետո Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրել նաև քիվեստյան փաստաթուղթը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով