90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․ ՄԱՍ 2.yerevan.today

Սկիզբը՝ այստեղ։

Ի՞նչ է վաուչերը և մասնակցե՞ց արդյոք ժողովուրդը սեփականաշնորհմանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական օբյեկտների սեփականաշնորհման համար 90-ականներին Հայաստանի կառավարությունն ընտրեց վաուչերային սեփականաշնորհման մեխանիզմը՝ դրանով պատրանք ստեղծելով, որ ամբողջ ժողովուրդն է մասնակցել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը։ Այդ նպատակով թողարկվեցին սեփականաշնորհման սերտիֆիկատներ կամ այսպես կոչված՝ վաուչերներ՝ յուրաքանչյուր անձի համար 1 հատ։ Դրանով քաղաքացին կարող էր մասնակից դառնալ այս կամ այն օբյեկտի սեփականաշնորհմանը՝ այդ վաուչերի միջոցով գնելով սեփականաշնորհվող ձեռնրակության բաժնետոմս։

Սակայն այն պայմաններում, երբ ձեռնարկությունները համատարած դադարել էին աշխատել և թալանվում էին, մարդկանց համար անհասկանալի էր, թե ի՞նչ պետք է անեն իրենց տրամադված վաուչերը և դրանից իրենց ի՞նչ օգուտ կարող է լինել։ Ուստի, նրանք սկսեցին զանգվածաբար վաճառել իրենց վաուչերները, որի արժեքն ընկել էր մինչև 2-3 հազար դրամ։ Տպավորությունն այնպիսին էր, որ այդ ամենը կանխամտածված էր արվում, որպեսզի այդ վաուչերներն էժան գնով ձեռք բերեն ՀՀՇ-ական իշխանության վերնախավի ներկայացուցիչները և դրանցով գնեն ձեռնարկությունները չնչին գնով։ Հետաքրքրական է, որ հետագայում վաուչերի անվանական արժեքը բարձրացվեց՝ դառնալով 20 հազար դրամ, բայց շուկայական արժեքը գրեթե չփոխվեց։ Վաուչերի անվանական արժեքի բարձրացման իրական նպատակը թերևս այն է, որ ձեռնարկություններին չնչին գներով տիրացողների համար ավելի էժանացներին դրանց գնումը։ Դարձյալ նույն՝ 2-3 հազար դրամով շարքային քաղաքացիներից ձեռք բերված վաուչերները, նախկին 10 հազար դրամի փոխարեն, արդեն որպես 20 հազար դրամի վճարման միջոց օգտագործելով։ Նմանատիպ մասնավորեցման օրինակ բերեցինք վերևում։

Հետագայում, 1994-1996 թթ․-երին հատկապես խոշոր ձեռնարկություններ սեփականաշնորհելիս, որոշում ընդունվեց դրանց բաժնետոմսերի 20 տոկոսը սեփականաշնորհել այդտեղ աշխատող կոլեկտիվներին։ Սակայն գործազուրկ դարձած և օրվա հացի խնդրի առջև կանգնած մարդիկ, որևէ ապագա չտեսնելով ձեռնարկության փշրանքային մասի սեփականատեր լինելուց, այս դեպքում նույնպես չնչին գներով վաճառեցին նաև այդ բաժնետոմսերը խոշոր բաժնետերերին, որոնց մեջ, բացի իշխանության ներկայացուցիչներից, սովորաբար լինում էին նաև տվյալ ձեռնարկության տնօրենն ու մյուս ղեկավարները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ մնում է 90-ականների սոցիալական վիճակին, որից անտեղյակներն ի վիճակի չեն պատկերացնել դա, ապա կարելի է բնորոշել մեկ բառով՝ աղետալի։

Սոցիալական վիճակը 90-ականներին

Առաջին ծանր հարվածը խորհդրային ռուբլու հիպերարժեզրկումն էր, որի հետևանքով միանգամից հարյուր հազարավոր մարդիկ զրկվեցին տարիների և տասնամյակների իրենց կուտակած միջոցներից, որոնք որպես ավանդ ներդրել էին խորհրդային տարիների միակ բանկում՝ «Խնայբանկում»։ Հայկական դրամի փոխարժեքը խորհրդային ռուբլու համար սահմանվեց 1 դրամ-200 ռուբլի հարաբերակցությունը, որի հետևանքով, օրինակ 5000 ռուբլու խնայողություն ունեցող ընտանիքի խնայողությունը միանգամից դարձավ ․․․ 25 դրամ։

Հետաքրքրական է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները։ 1993թ․-ին, երբ դեռ հաշվարկը կատարվում էր խորհրդային ռուբլիներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, կազմել է 6779 ռուբլի, որը եթե դրամի վերածենք կստացվի 34 դրամ։ 1993 թ․-ին այդ ցուցանիշը կազմել էր 340 դրամ, բայց ոչ թե աշխատավարձն էր աճել սրընթաց, այլ դրամի արժեզրկումը, որը գերազանցում էր աշխատավրձեր պարբերաբար արվող ինդեքսավորմանը։ Ենթադրենք, եթե կառավարությունը որոշում էր աշխատավարձը բարձրացներ 10 տոկոսով, գնաճը և համապատասխանաբար դրամի արժեզկումն արդեն գերազանցած էր լինում 20 տոկոսը։ Կնեսաթոշակները զիջում էին աշխատավարձերին և երկու դեպքում էլ ուշացումներով էին հասնում հասցեատերերին։ Մարդիկ ամիսներով՝ մինչև 9-10 ամիս սպասում էին թոշակների և աշխատավարձերի վճարմանը աներևակայելի սոցիալական պայմաններում լինելով, իսկ ստանալուց էլ այդ գումարը բավարար էր լինում մի քանի օրվա միայն հրատապ ծախսերի համար։ Օրինակ 1995 թ․-ին 1400 դրամ կազմող միջին կենսաթոշակով կարելի էր ձեռք բերել ․․․ 10 կգ հաց։

Ի դեպ՝ հացի մասին։

90-ականները վերապրածների մեջ այն մնում է նաև հացի հերթերի հիշողություններով։ Հերթեր, որոնց դեպքում հայտնի չէր, կհասնի՞ քեզ հաց, երբ հերթը հասնի քեզ։ Ինչ որ կանոնակարգում մտցնելու համար կառավարությունը հացի կտրոնային համակարգ մտցրեց՝ 250 գրամ մեկ անձին մեկ օրվա համար։ Ներկայացնելով կտրոնը, հնարավոր էր հաց գնել միայն այդ քաշի չափով։

Իրավիճակը հացի պակասուրդի հետ որոշ չափով կարգավորվեց, երբ կառավարությունը որոշեց ազատականացնել հացի գինը, բայց դա բերեց գնի շեշտակի՝ մի անգամ բարձրացման։ Այդ պատճառով ավելի խորացավ աղքատությունը, շատերը չէին կարողանում հացը գնել՝ դրա բարձր գնի պատճառով։

Էներգետիկ ճգնաժամը կամ որտեղի՞ց է հայտնվել մութ ու ցուրտ տարիներ բնորոշումը

90-ականների բնորոշումը որպես մութ ու ցուրտ տարիների շատերն են լսել, բայց համակարգիչների, բջջային հեռախոսների, ինտերնետի և սոցցանցերի մեր օրերում դժվար է երևակայել, որ կար մի ժամանակ երբ ոչ միայն այդ ամենը չկար, այլ չկար այդ ամենը սնող էլեկտրականությունը։ Վերջինս տրվում էր սահմանափակ ժամանակով՝ առավել ճգնաժամային 1992-1993 թվականներին օրական 2 ժամով։ 24 ժամից միայն 2 ժամ, որը մարդուն վերադարձնում էր առօրյա կյանք։ Օրվա մնացած ժամանակահատվածում, երբ չկար էլեկտարականություն, հարյուր հազարներով գործազուրկ մնացած մարդիկ, նրանք ովքեր չարտագաղթեցին այդ տարիներին և մնացին Հայաստանում, իրենց օրն անց էին կացնում հացի կամ վառելիքի (վառարանների համար) հերթերում, փայտ էին կոտրում փայտե վառարանների համար, մոմի լույսի տակ կարդում-սովորում էինև այլն։ Հովհարային անջատման տրամաբանությունն այն էր, որ էլեկտրաէներգիան կարող էր 2 ժամով տրվել օրվա ցանկացած պահի՝ օրինակ գիշերվա 2-4-ը։ Այդ ժամին անհրաժեշտ էր հասցնել լողանալ, հագուստ լվանալ-արդուկել, ճաշ պատրաստել և կատարել բոլոր այն գործերը, որոնք կապված էին էլեկտրականության հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով