Զրպարտչական բնույթի «տեղեկատվությունը» չհերքելու դեպքում Արթուր Վանեցյանը կդիմի իրավունքի պաշտպանության այլ միջոցների

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանն արձագանքել է «Ժամանակ» թերթում տպագրված այսօրվա՝ «Փայ կմտնի. Ով է կանգնած «Մոդուս Գրանում Հոլդինգի» ստուգումների հետևում» հրապարակմանը։

« «Փայ կմտնի» վերնագրով «լուր», որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ, և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Սույնով կտրականապես հերքում եմ այդ հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին և, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում եմ հրապարակել հերքումը: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։

Ավելացնեմ նաև, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքում և ՀՀ ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ունենալու համար, միշտ կարող եք ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»,-ասված է պարզաբանման մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակ» թերթը, նշենք, գրել էր. « Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի և պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաև ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը:

Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների և ըստ էության՝ հետապնդման հետևում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձևով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով