ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀՈՒՇԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍՈՎ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՆԱ ԹԵՄԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵՑ«Հրապարակ»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպասվելիք հանդիպման մասին՝ հետաքրքրվելով, թե  կա՞ արդյոք հստակ օրակարգ։

«Հանդիպման մասին ես դեռ Թեհրանում եմ հայտարարել կամ Սպահանում, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա: Մենք հանդիպման համաձայնություն տվել ենք: Ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի, որովհետև նրանք պետք է բոլոր կողմերից հաստատումը ստանան, որ վերջնական հաստատվում է: Անկեղծ ասած, այս ժամերին պիտի պարզ լինի` հանդիպումը տեղի՞ է ունենում, թե՞ ոչ: Մենք մեր համաձայնությունը տվել ենք: Օրակարգի վերաբերյալ, ինչպես նախկինում ասել ենք, մեր պատկերացումը դա է, և նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ մեր քննարկումներում ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ կարծում եմ՝ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ, մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Եվ էն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում ԱԱԽ համատեղ նիստում, դա, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և էն պլատֆորմն է, որի վրա մենք հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասաց վարչապետը։

Նաիրա Զոհրաբյանը փորձեց ճշգրտել՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ մտքերի փոխանակման ընթացքում կարող են մտքեր փոխանակվել նաև Արցախը որպես բանակցային կողմ  ներգրավելու վերաբերյալ։

«Այո, իհարկե, իմ ասուլիսում էլ ասացի և ես ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով՝ նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է։ Սա բանակցային ֆորմատի փոփոխություն չէ և չի կարող լինել։ Եթե բանակցային խումբը միանշանակ ԵԱՀԿ Մինսկի խումբն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը․․․»,- ասաց վարչապետն ու խոսքը կիսատ թողեց։ Այդ պահին նա գրպանից հանեց հեռախոսն  ու  նայեց էկրանին, ապա փոխեց խոսքն ու սկսեց խոսել հանդիպման հավանականության մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա ինձ․․․ հընթացս, երբ որ կլինի տեղեկություն, ես կտամ, բայց, ըստ ամենայնի, այո, հանդիպումը հաստատվում է երկու կողմերից, և այն նախատեսված է այս շաբաթ։ Ես այս քննարկումներից հետո, եթե ամեն ինչ հաստատվի, պետք է մեկնեմ, հանդիպումը պիտի տեղի ունենա․․․ հա, ես ուրիշ բան էի ասում»,- սկսեց կարկամել վարչապետը, բայց չհասցրեց ավարտել իր ասելիք «ուրիշ բանը», քանզի ժամանակը վերջացավ։

Հավանաբար, Նիկոլ Փաշինյանին հեռախոսով այդ պահին ինչ-որ հաղորդագրություն ուղարկեցին և ինչ-որ բան հուշեցին, դրա համար նրա մտքերը կտրուկ խառնվեցին իրար, ինչի հետևանքը եղավ այն, որ վարչապետը կիսատ թողեց բանակցային ֆորմատի փոփոխության վերաբերյալ հարցն ու սկսեց լրիվ այլ բանից խոսել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով