«Շիրխանյանների միջոցով փորձ է արվում ներքաշել երկիրը անվերջանալի քաղաքական հաշվեհարդարների դաշտ»․Գարեգին Պետրոսյան

Շիրխանյանների միջոցով փորձ է արվում ներքաշել երկիրը անվերջանալի քաղաքական հաշվեհարդարների դաշտ

2017 թ. հոկտեմբերի 4-ին քրեակատարողական հիմնարկից բաց նակամով «Ժողովուրդ» օրաթերթին էր դիմել այս ժանրի լավագույն ստեղծագործողներից մեկը՝ Վահան Շիրխանյանը: Նամակում մասնավորապես ասվում էր. «ընտրությունների կեղծումը ոչ միայն ամենավտանգավոր խաբեությունն ու ինքնախաբեությունն է, այլև ամենաանթույլատրելի վարքագիծն է պետականության հանդեպ: Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհն է, որով գնում է Սերժ Սարգսյանը 21 տարի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, թե Սերժ Սարգսյանը 21 տարի առաջ կարո՞ղ էր ընտրություն կեղծել, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ 2017թ.-ից երբ հանում ենք 21 տարի, ստանում ենք 1996թ. նախագահական ընտրություններ: Ստացվում է՝ 1996 թ.-ին ՀՀ-ում կեղծվել են ընտրություններ և սա ֆիքսում է նույն այն «գործիքը», որով այսօր փորձում են «փորփրել» 1998թ. նախագահական ընտրությունների օրինականությունը: Այս հանգամանքը ժամանակին փաստացի վերահաստատել են նաև իշխանության այլ ներկայացուցիչներ ևս: Որտե՞ղ էին 1996թ. սեպտեմբերին Ռ. Քոչարյանը և Վ. Շիրխանյանը:

Քոչարյանը գտնվում էր Արցախում և պատրաստվում էր նոյեմբերին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին, այն ժամանակ, երբ Շիրխանյանը լծված էր, իր իսկ ասելով, ընտրությունների կեղծմամբ Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու գործին: 1998 թ. գարնանը Շիրխանյանն արդեն Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն էր, բայց չգիտես ինչու նորից միայն 21 տարի անց է հիշում. «բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73% ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%»:

Եթե 1998 թ. մարտի 30-ի ընտրություններում հասարակությունը քվեարկել է ոչ թե Քոչարյանի, այլ Վ. Սարգսյանի օգտին, ինչպես նշում են՝ Շիրխանյանը, Ջհանգիրյանը, Ա. Քոչարյանը, հետևաբար ընտրությունների արդյունքները կառավարել սկզբունքորեն կարող էր միայն Վ.Սարգսյանը, բայց ոչ Ռ.Քոչարյանը: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ կեղծարարության սլաքը փորձում են ոււղղել տվյալ պարագայում նաև Վ.Սարգսյանի դեմ՝ ներքաշելով լուսահոգի սպարապետին մանրախնդիր քաղաքական ինտրիգների մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավադրությունն ընդհանուր առմամբ ակնառու է և հասկանալի: Պարզ է, որ նմանների համար քաղաքական նպատակահարմարությունը ընդունելի է դարձնում բոլոր «օգտակար» միջոցները: Իսկ այն, որ երկրորդ նախագահի հանդեպ իրականացվում է ակնհայտ քաղաքական հաշվեհարդար, սա էլ, կարծում եմ, կասկածից վեր է: Այս կապակցությամբ հատկանշական է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Factor.am-ի հետ զրույցում ունեցած արձագանքը:

Գիտակցելով, որ շիրխանանական բանսարկությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, վերջինս հստակ ընդգծեց ինտրիգային տարբեր խնդիրներով Վազգեն Սարգսյանի անվան շահարկման անթույլատրելիությունը: Եվ սա առավել քան ռացիոնալ արձագանք էր բաց նամակի ժանրի մասնագետի՝ քողարկված քաղաքական բանսարկություններին, որը ցանկանում է անձնական և նեղ խմբային շահերով պայմանավորված ներքաշել երկիրը անվերջանալի քաղաքական հաշվեհարդարների դաշտ: Անցյալի ծալքերում շարունակ դավադրություններ որոնոնելով՝ մոռացության մատնել ներկան, վտանգել ապագան:

Այլընտրանք ՀԿ-ն համանախագահ, քաղաքագետ՝ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով