Հեղինակավոր սպային ազատում են ծառայությունից․«Հրապարակ»

Արցախի հանրապետության զինված ուժերի N զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանին ազատում են ծառայությունից։

«Հրապարակի» հետ զրույցում Քամալյանն ասաց, որ պատճառը ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ կամ, ինչպես ընդունված է Արցախում ասել, «Զամպալիտ արմիա», գեներալ Վարդան Բալայանն է, որին, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, շուտով նույնպես կուղարկեն թոշակի։ «Ուղղակի մեր գեներալը սիրում է, որ իրեն ծառայես, այլ ոչ թե երկրին, հայրենիքին ծառայես, քո պարտականությունները կատարես։ Ես էլ իրեն չեմ ծառայել, իմ պարտականություններն եմ կատարել, դրա համար էլ իրեն հարմար չի եղել։ Կոնֆլիկտն այն է եղել, որ ուզեցել է իմ փոխարեն այլ մարդու նշանակի, դրա համար էլ այստեղ-այնտեղ ինձ ներկայացրել է որպես թերացող սպա, ծառայությունից հաճախակի բացակայող սպա, նախարարին էլ այնպես է ներկայացրել, որ ես ոչ մի բան չեմ անում, էլի, իմ անձնական գործերով եմ զբաղվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդքանը սկսվել է հոկտեմբերի 1-ի դեպքից հետո, երբ որ մեր զինվորն ինքնասպան է լինում, դրա համար ՊԲ հրամանատարը մեզ պատիժ է նշանակում՝ պաշտոնի իջեցում, բայց ՊՆ-ն տեսնում է, որ հիմնավորված չէ մեր պաշտոնի իջեցումը, իրավական հիմնավորումներ չեն տրվում մինչև վերջ, ինձ ու մեր հրամանատարի մյուս տեղակալի մասով այդ պատիժը չեն կիրառում։ Դրանից հետո սկսվում է, մեր գեներալը «ռապորտ» է գրում իմ մասին, որ ինձ ուղարկեն թոշակի, հետո իրեն հասկացնում են, որ այդ իրավունքը չունի, ապրիլի 1-ին իմ պայմանագիրը լրանում է, նախարարին այնպես է ներկայացնում, որ նախարարը հիմա ինձ հետ պայմանագիր չի կապում՝ ՊԲ հրամանատարը։ Վարդան Բալայանին հանում են, բայց նախարարը պայմանագիր չի կապում, ինձ հետ պայմանագիր չկապելու միջնորդագիրն ուղարկվել է ՊՆ, հիմա սպասում եմ, որ որոշեն՝ կա՛մ ինձ այլ պաշտոն առաջարկեն, կա՛մ թողնեն կադրերի տակ, կա՛մ էլ ես պետք է զորացրվեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Քամալյանը։

Հարցրինք, թե ՊԲ հրամանատարին տեղյակ չի՞ պահել այս ամենի մասին, չի՞ տեղեկացրել, թե ինչ սոցիալական վիճակ ունի։ «Ես նախարարին այդքանը տեղեկացրել եմ։ ԱՀՏԱ գծով տեղակալների  ժողով է եղել՝ զորամասերի, միավորների հրամանատարների հետ միասին։ Այնտեղ խոսեցին հոգատարությունից, արդարությունից, ազնվությունից, ես կանգնեցի-ասացի՝ պարոն նախարար, որտե՞ղ մնաց այդ հոգատարությունը, արդարությունը, ազնվությունը։ Մարդիկ թող բարի լինեն՝ ինչ կա, այն ներկայացնեն, ոչ թե անձնավորված ինչ-որ բաներ ներկայացնեն։ Հոգատարությունից եք խոսում՝ ո՞ւմ է պետք այդ հոգատարությունը, եթե ես 26 տարվա ծառայություն ունեմ, ու կինս հիվանդ է, ես 4 ամիս է՝ հիվանդանոցների ճանապարհն եմ բռնած, ինձ 5 երեխա ունեմ, այս տարի տղաս պիտի համալսարան ընդունվի, երեխաներս գերազանց սովորում են։ Ինձ էլ մի 4 սենյականոց տուն է տվել բանակը՝ որպես բազմազավակի, մի լամպչըկա էլ չկա այդ տանը, ստիպված՝ իմ հայրական տունը գրավ եմ դրել, հիմա այդ տոկոսներն եմ փակում, ամիսը մոտ 205 հազար դրամ փող եմ վճարում։ Ասաց՝ ոչինչ, ես քեզ կօգնեմ, մի տեղ կասենք, գործի կդնեն։ Ասացի՝ ասելով լինի, ես էլ իմ հարցերը կլուծեմ, ապրես»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխգնդապետ Քամալյանն ակնածանքով խոսեց զորամասի հրամանատարի մասին՝ ասելով, որ ըմբռնումով է մոտեցել իր կնոջ առողջական վիճակի հետ կապված խնդիրներին և անհրաժեշտության դեպքում թույլ է տվել կարճ ժամանակով բացակայել ծառայությունից, ինչն ինքը հետո լրացրել է․ «Զորամասի հրամանատարը Լևոն Հովհաննիսյանն է, շատ ոսկի մարդ է, ես նրա հանդեպ ոչ մի պրետենզիա չունեմ։ Երբ ինձ պետք է եղել հիվանդանոց գնալ, հարցրել եմ, գնացել։ Մի պատմություն էլ դա են սարքել, որ քանի անգամ գեներալ Բալայանը եկել ա զորամաս, ես զորամասում չեմ եղել։ Ինձ դրա համար են հանում, որ պարբերաբար ծառայությունից բացակայել եմ։ Ասել ասել եմ՝ բացակայել եմ, բայց հո իմ հաճույքներով չե՞մ գնացել, կնոջս եմ տարել հիվանդանոց, բա որ մահանա, իմ 5 երեխային ո՞վ է տիրություն անելու։ Ասում է՝ բա դրանից է, էլի, որ գնացել ես, 2 ամիս բացակայել ես։ Ով 2 ամիս է ասել, սուտ է ասել, ես շաբաթը 2 անգամ գնացել եմ 3 ժամով, ընդ որում՝ մի օրն իմ ազատ օրվա հաշվին է եղել, մի օրն էլ ուրբաթ օրն է եղել, որպեսզի գնայինք նյարդաբանի ու հոգեբանի մոտ։ Էդ մի օրվա համար էլ հարցրել եմ, դրա փոխարեն 9-ին ու 10-ին եմ եկել տուն մնացած օրերին, որ իմ գործը լրացնեմ, ես անպատասխանատու մարդ չեմ։ Կան մարդիկ, որ կարող են ալկոհոլի ազդեցության տակ գալ ծառայության, զինվորներին «խլեժներով» ման գան, բայց նման մարդկանց միջնորդում են, որ գործը դատարան չհասնի, բա այդ ինչպե՞ս է, որ նման մարդկանց գործերը լինում են, իմը չի լինում»։

Արա Քամալյանին խնդրեցինք այս 26 տարվա ընթացքում իրեն տրված պետական պարգևները թվարկել, նախ չցանկացավ, ապա պնդելուց հետո համեստորեն մի քանիսը թվարկեց․

«ԱՀ մարտական ծառայության մեդալ, «Մարշալ Բաղրամյան» «Քսանամյա», «Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի և այլն»։

Ի դեպ, իմանալու համար, թե ինչպիսի հեղինակություն ունի այժմ Քամալյանը զինվորների շրջանում, կապվեցինք նույն զորամասում ծառայող ժամկետային զինծառայողի հետ, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում։ Ասաց, որ Քամալյանին ողջ զորամասում են հարգում, իսկապես հեղինակություն ունեցող սպա է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով