«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին, կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն է՝ ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող վարկաբեկել Վազգեն Սարգսյանի հիշատակը, քան սույն «գործիչը», ով նամակով փորձում է ներկայանալ իբրև հանգուցյալ սպարապետի մտերմագույն համախոհ կամ աջ ձեռքը: Եվ եթե այդպես է, ապա ի՞նչ արժե միայն Շիրխանյանի հետևյալ խոստովանությունը, երբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում նա մասնավորապես գրում է. «1998թ., 30 մարտի, նախագահական ընտրությունների 2- րդ փուլ: Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ: Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանախով վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով: Եվ իհարկե, ինչպես միշտ՝ խաբեցիր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության, Շիրխանյանը սրանով խոստովանում է, որ Վազգեն Սարգսյանն ու ինքը եղել են 1998-ի նախագահական ընտրությունների կեղծման հիմնական դերակատարները: Եթե այդ ընտրություններն իսկապես կեղծվել են, ուրեմն միայն հիմնական կեղծարարը կարող է տեղյակ լինել, թե ով իրականում ինչքան տոկոս էր ստացել և ում վրա ինչքան գրվել:

Բայց Շիրխանյանի հիշողությունը տվյալ կոնտեքստում հասկանալի պատճառներով «դավաճանում» է տիրոջը, քանզի Շիրխանյանը «մոռանում» է հիշատակել, որ 1998- նախագահական ընտրությունների ժամանակ ինքն անմիջականորեն ընդգրկված էր Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբում և այդ ժամանակ ավելի շատ այնտեղ էր լինում, քան ՊՆ-ում: Հետևապես, ինքն ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել ընտրությունների կեղծմանը, եթե այդքան հավաստի գիտի,որ Քոչարյանը 59 տոկոս չէր ստացել, իսկ Կարեն Դեմիրճյանը ստացել էր 73 տոկոս:

Այսպիսով, «նոր» Հայաստանի շատ «ժողովրդավար» և բյուրեղյա «ազնվությամբ» ամեն օր աչքի ընկնող ընտրյալ իշխանությունները բոլոր հիմքերը ունեն նամակի այս պարբերությունը հիմք ընդունելով համապատասխան տեղ վերադարձնել Շիրխանյանին, պարզաբանում պահանջել և բացահայտել ոչ միայն նրա այլև մյուս ընտրակեղծարարների անունները և բոլորին կանչել պատասխանատվության: Չէ՞, որ ամեն օր հայտարարվում է օրենքի երկիր կառուցելու տեսլականի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց իշխանությունները դա չեն անի, քանզի Շիրխանյանը Քոչարյանի վրա գործ է տալիս հենց օրվա վարչախմբին քծնելու մղումով: Չէ՞ որ հենց այսօրվա իշխանությունը բանտից ազատեց Շիրխանյանին, իսկ նա, ի դեպ, կալանքի տակ էր ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով: Եվ հենց օրվա իշխանությանը շնորհակալ լինելու մղումով է հիշյալ «գործիչը» թխել բաց նամակ կոչված վերոհիշյալ ողորմելի պամֆլետը:

Նրա հրապարակած «փաստերին» , «մեղադրանքներին» և մեկնաբանություններին դեռ բազմաթիվ անդրադարձեր կլինեն, այդ թվում, հուսով եմ, իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից ու Շիրխանյանի փչոցներին կտրվի արժանի պատասխան:

Բայց ծերուկն իսկապես անտանելի է դառնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով