Արդեն երրորդ օրն է , որ տնօրենի հրամանով տունը հոսանքազրկված է՝ մարտի մեկի օրով մեզ որոշել են մարտի մեկ անել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Պարո’ն վարչապետ,
Գրում է Ձեզ Արցախյան ազատամարտի երկրորդ խմբի հաշմանդամ Հովհաննես Գալստյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընտանիքով բնակվում եմ մորս տանը։
Արդեն երրորդ օրն է , որ Արթիկի էլ. ցանցի տնօրենի հրամանով տունը հոսանքազրկված է՝
մարտի մեկի օրով մեզ որոշել են մարտի մեկ անել։

Տանը բնակվում ենք ես, կինս, երկու անչափահաս երեխաներս և 77 ամյա մայրս, ով նաև զոհված ազատամարտիկի ծնող է։
Իսկ հոսանքազրկման պատճառը այն է , որ էլ. ցանցերի կողմից մատակարարվող հոսանքի տատանման պատճառով տան համարյա բոլոր էլ. սարքավորումները շարքից դուրս են եկել, իսկ մատակարարը հրաժարվում է մեզ պատճառած վնասի դիմաց փոխհատուցել, որի պատճառով էլ ես հրաժարվում եմ վճարել հոսանքի վարձը։

Իսկ այս անօրինականությունների հիմնական պատճառը օտարի ձեռքում հայտնված մեր հոսանքի, գազի, ջրի մատակարար կազմակերպություններն են,որոնք իրենց դրած օրենքներով և գնային կամայականություններով թալանում են մեր երկիրը ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնիսկ Սերժի և Ռոբի բռնապետական իշխանության տարիներին, որոնց դեմ այդքան պայքարում էինք, այսպիսի բան չէր եղել և այսպիսի նվաստացման չէինք ենթարկվել։

Երեկ, նավթի լամպի լույսի տակ մորս աչքերը արցունքոտվեցին։Որպեսզի անչափահաս երեխաներս չտեսնեն արցունքները,նա մեծ դժվարությամբ բարձրացավ տեղից,և ծանր քայլերով գնաց իր սենյակը, բայց երեխաներս էլ լսեցին, թե նա ինչպես շշնջաց.
֊Էս էր հա՞ շնորհակալությունը…

Կյանքում առաջին անգամ ինձ այսպես նվաստացած զգացի և հասկացա, որ պատերազմի մեջ գտնվող երկրում, նույնիսկ երկրի պաշտպանը՝ինքը ունի պաշտպանության կարիք։

Պարո’ն վարչապետ,
գալով իշխանության, դուք խոստացաք, որ առաջնահերթ կլուծեք այս հարցերը, բայց այս բնագավառում ամեն ինչ ավելի վատի է գնում։
Դուք եկաք սիրո և հանդուրժողականության կարգախոսով, բայց 9֊10 ամիսների ընթացքում
սիրուց ոչինչ չի մնացել, իսկ մեզ կոչ եք անում շարունակել լինել հանդուրժող։

ՈՒ՞մ հանդեպ։

Այն մարդկա՞նց, որոնց հիմա Դուք այլ ձևով եք կոչում։
Եթե Ձեզ թվում է , թե երկրում արմատական փոփոխություններ են եղել, ապա չարաչար սխալվում եք։Մեր կենսամակարդակը մի բան էլ վատացել է , բայց դեռ շարունակում ենք հույսով և լավի ակնկալիքով սպասել։

Իշխանության մեջ, բացառությամբ մի քանի հոգու, շարունակում են մնալ նույն մարդիկ։
Երկրում իրավիճակ են թելադրում նրանք, ովքեր այլևս օլիգարխ անունը չեն կրում, բայց անպատժելիորեն կրկնում են նախկինների ժամանակների գործերը։

Իսկ Ձեր 70֊80 տոկոսանոց
վարկանիշը,<< շնորհիվ>>
Ձեր թիմակիցների գահավիժում է և շատ շուտով այդ թվից կմնան միայն հուսախաբ եղածների բարի հուշերը։

Անտիկ աշխարհում ասում էին՝
Ժողովրդին պետք է հաց և տեսարաններ։
Հեղափոխության օրերին խոստացված հացը ժողովուրդը այդպես էլ չտեսավ, իսկ միայն տեսարաններով երկիր չես պահի։

Ես դեմ եմ վհուկների որսին, բայց նաև ուրախ եմ, որ գնում է երկիրը թալանողներին պատժելու գործընթաց։Բայց նաև ուրախ կլինեմ, որ ամեն մարդ պատասխան տա իր կատարած հանցանքի համար և ամենակարևորը՝
ՀՀ օրենքների սահմաններում, որպեսզի չկրկնվեն նախկինների սխալները և երկիրը երկիր դառնա։

Իշխանության գալուց Դուք խոստացաք, որ երկրի ղեկավարման հարցերում չեն լինի ԽԾԲ֊ներ։
Բայց Ձեզ հետ մեկ օր քայլողները դարձան մարզպետներ, երկու օր քայլողները՝ նախարարներ, իսկ երեք օր քայլողները՝ փոխվարչապետեր։
Հավանաբար հենց այս պատճառով է , որ բոլոր երկրներում հաջողությունների հասնող հայը չի կարողանում նորմալ ապրելու պայմաններ ստեղծել իր երկրում։

Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ երկրի ղեկավարման գործում փորձեիք օգտագործել ողջ աշխարհի հայության պոտենցիալը և չղեկավարվեիք միայն խմբակային շահերով և չբավարարվեիք միայն քայլողներով։
Գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի
մգեցված ապակիները խանգարու՞մ են տեսնել երկրի իրական գույները։

Պարո’ն վարչապետ,
փորձեք իջնել Ձեր բարձունքից և տեսնել երկրի իրական պրոբլեմները, իմանալ հասարակ մարդու դարդն ու ցավը։

Գիտե՞ք ինչու այսքանը գրեցի։
Որովհետև չեմ ուզում, որ մենք ևս մի անգամ հուսախաբ լինենք։
Այս հուսախաբությունը արդեն կարող է բոլորիս համար վատ ավարտ ունենալ։
Ձեր շնորհիվ ժողովուրդը հասկացավ, որ ինքը կարող է իշխանություն փոխել։
Բայց Ձեզնից շատ մեծ ակնկալիքներ ունեցող ժողովուրդը հուսախաբ լինելու դեպքում Ձեզ շատ շուտ կմերժի և դա շատ ցավոտ կլինի։

Առաջ, երբ թագավորը ուզում էր իմանալ, թե ժողովուրդը ինչ է մտածում, հագնում էր հասարակ մարդու շորեր և գնում էր նրանց մոտ։

Ձեզ հին շորեր հագնել պետք չէ։
Ես Ձեզ հրավիրում եմ մեր տուն։
Երեկոյան, երբ կվառվեն անգամ փողոցի լույսերը, միասին կնստենք նավթի լամպի լույսի տակ և կզրուցենք, գուցե նաև Ձեզ համար ոչ հաճելի թեմաներից։

Վարչապետին վայել ընդունելություն չեմ խոստանում, բայց սրտանց մի բաժակ թեյ կկարողանամ հյուրասիրել և ներկայացնել հասարակ մարդու իրական կյանքը։

Հասկանում եմ, որ նման բարձունքից դժվար կլինի իջնել և գալ մի տուն, որտեղ անգամ լույս չկա, բայց պետք է նաև հիշեք, որ
Հայաստանը՝ միայն Երևանը չէ և կան մարզեր և գյուղեր, որտեղ նույնպես մարդիկ են ապրում…

Հույսով մնում եմ Ձեր գալստյանը սպասող՝
Հովհաննես Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով