ԼՂ շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ և կապող միջանցք. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Загрузка...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ։

«Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այդ կարեւոր հանդիպումը, որը կլինի նրանց առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքո», — ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարեւորությունը եւ շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում: Համանախագահները նաեւ ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը: Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ են անուն ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը եւ հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն:

Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար եւ տեւական կարգավորման հիմքը եւ պետք է ընկալվեն որպես միասնություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծումը», — ասել են միջնորդները:

Նրանք նաեւ հայտնել են, որ «համանախագահների հովանու ներքո Բաքվի եւ Երեւանի շարունակական եւ ուղիղ երկխոսությունը շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ»:

«Համանախագահները նաեւ կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն՝ ցանկացած բանակցային լուծման հաջողության համար», — ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...