Իրավիճակ է փոխվել և հավանաբար անսկզբունքայնության մասին կարելի է և մոռանալ

Загрузка...

Երեկ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն գրառում էր կատարել, որտեղ նշել էր, թե որևէ տեղեկատվության իսկություն, որը հետաքրքրում է հասարակությանը, ճշտեն Armtimes.com-ից:

Ակնհայտորեն հասարակությանը ուղղորդելով կարդալ բացառապես Armtimes.com-ը:

Ինչպես հայտնի է, այդ լրատվամիջոցը պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին:

Պատգամավորը նաև կոչ է արել հանրությանը՝ հարցազրույցներին ու լուրերին հետևեն Հանրային կամ Ազատություն, 1in.am, Civilnet, Hetq և մի քանի այլ լրատվամիջոցներով:

Մնացած բոլոր լրատվամիջոցներին Լուլուն մեղադրել է ոչ անաչառ լինելու մեջ։

Նշենք, որ բախտի բերմամբ ԱԺ-ում հայտնված պատգամավորի գրառումը համացանցում արժանացել է բուռն քննադատությունների:

Ի դեպ Լուսինե Բադալյանը տարիներ շարունակ աշխատել է տարբեր լրատվամիջոցներում՝ Դաշնակցությանը պատկանող «Երկիր Մեդիա», Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերություններում և այլն:
Փաստորեն, Լուլուն տարիներ շարունակ աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, որոնք անկեղծ չեն եղել հասարակության հետ, որոնք կեղծ և ոչ օբյեկտիվ լրատվություն են հրամցրել ժողովրդին:

Եվ եթե Լուլուն գտնում է, որ բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com-ն է միակ օբյեկտիվ լրատվամիջոցը, ապա ինչո՞ւ է դրսևորել անսկզբունքայնություն և աշխատել նմանօրինակ, իր լեզվով ասած՝ ոչ անաչառ լրատվամիջոցներում:

Հիմա իրավիճակ է փոխվել։ Եվ հավանաբար անսկզբունքայնության մասին կարելի է և մոռանալ:

Լուլուն հիմա «քաղաքական գործիչ» է։ Ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Վերջերս Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ ժամանակին իր ուսուցչուհիներից մեկը նրան անվանել էր «մարտնչող ապուշ»: Եվ ահա նման որակում ստացած Բադալյանը պարզվում է հաճախ է փոխում իր հայացքները և իր տերերին (ոչ միայն ԶԼՄ-ներում, այլև քաղաքականությունում)։

Ոչ հեռավոր անցյալում, 2016 թվականին Բադալյանը գրառում էր կատարել, որտեղ «Սասնա Ծռերի» առաջնորդ Վարուժան Ավետիսյանին անվանել էր իր հերոսը, և ցանկություն էր հայտնել Ավետիսյանին տեսնել Բ26-ում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին լրատվական կայքերից մեկի հաղորդման ընթացքում Լուսինեն պատասխանում է 59 հարցի: Եվ այն հարցին, թե «Ո՞ր դեպքում կարտագաղթեք Հայաստանից», Լուսինե Բադալյանը պատասխանում է. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից»:

Նշենք, որ 2017 թվականին ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն էր:

Իսկ ահա Լուսինե Բադալյանի 2018 թվականի հերոսն այս անգամ Նիկոլ Փաշինյանն է։

Փաստորեն, Լուսինե Բադալյանը հաճախ է փոխում իր հերոսներին և բացառված չէ, որ Լուլուն շուտով նոր հերոս կունենա:

Ուստի, խոսել անաչառության կամ սկզբունքայնության մասին, այնքան էլ կոռեկտ չէ:

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...