Ի՞նչն է բացահայտված, եթե 10 զոհերի մահվան հանգամանքներն առ այսօր մնում են չպարզաբանված.Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Ինչու՞ են գործից առանձնացված սպանության հանգամանքները

Հանրության տարբեր շրջանակներում շարունակվում են չպարզաբանված մնալ նախորդ տարվա օգոստոսյան հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: Ի՞նչն է բացահայտված, եթե 10 զոհերի մահվան հանգամանքներն առ այսօր մնում են չպարզաբանված: Հանրությունն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչ հանգամանքներում են դրանք տեղի ունեցել, որը թույլ կտա շղթայական բացահայտման ճանպարհով պարզել՝ ովքեր և ինչ նկատառումներ են թաքնված ողբերգության թիկունքում:

Վերջերս Հանրայինի եթերում գլխվոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ու փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էին, որ «բացահայտված» ասելով Փաշինյանը նկատի ուներ, որ գործն ամբողջությամբ բացահայտված է որոշումների ընդունման առումով: Այլ կերպ ասած՝ սպանությունները հետևանք էին, կարևորը դրանք ծնող պատճառներն են, որոնք գտնված են: Իսկ ովքե՞ր են գտել դրանք և ի՞նչ նկատառումներով, եթե դրա վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ դեռևս գոյություն չունի:

Հնարավո՞ր չէ, արդյոք, դատական եղանակով հետևանքների ամբողջական բացահայտման արդյունքում պատճառները, կամ գոնե դրանց մի մասը հերքվեն: Գործի այն ծավալից, որի հիման վրա Քոչարյանին ներկայացված է մեղադրանք, առանձնացված են 10 անձանց սպանության հանգամանքները: Ներկայացված մեղադրանքը վերաբերում է ըստ էության, միայն սահմանադրական կարգը տապալելու հանցակազմին: Բացի այդ, անհիմն է նաև Քոչարյանին ներկայացված մեղադրանքը հենց իրավական տեսանկյունից: Հայտնի է, որ օրենքի հանցավորությունը և անձի պատժելիությունը որոշվում է արարքի կատարման պահին գոյություն ունեցող օրենսդրությամբ:

Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը բազմիցս նշել է, որ իր պաշտպանյալին հասցեագրված մեղադրական հոդվածը՝ 300.1-ը, արարքի կատարման պահին քրեական օրենսգրքում չի եղել, և միայն մեկ տարի անց՝ 2009 թ մարտի 1-ին, օրենքում կատարված լրացումների արդյունքում այն ներառվել է օրենսնգրքում: 2003 թ-ին կատարված օրենսգրքի մայր խմբագրության մեջ 300.1 հոդված գոյություն չուներ, կար մի փոքր այլ բովանդակություն պարունակող 300-րդ հոդվածը, որը վերաբերում էր իշխանությունը բռնությամբ պահելուն և յուրացնելուն:

Եթե մեղադրանքն առաջադրվեր այս հոդվածով, տրամաբանության բացակայության վերաբերյալ խոսակցությունները, թերևս, այսպիսի ծավալներ չէին ընդունի: Այս երկու հանգամանքները՝ գործի ծավալից 10 զոհերի սպանության հանգամանքների առանձնացումը և գոյություն չունեցող հոդվածով մեղադրելը արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ Քոչարյանի «մեկուսացման օպերացիան» կազմակերպվել և իրականացվել է հապճեպ ու անպատրաստի:

Սպանությունների հանգամանքների իրավական պարզաբանումը տևական գործընթաց է, և գուցե հենց այս պատճառով է առանձնացվել ընդհանուր գործից, որպեսզի կարելի լինի հնարավորինս արագ կերպով սահմանափակել քաղաքական գործընթացներին ներգրավվելու երկրորդ նախագահի հնարավորությունը»:

Այլընտրանք ՀԿ-ն համանախագահ, քաղաքագետ՝ Գարեգին Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...