Դիմում եմ վարչապետին՝ փրկել մշակույթը պատահական անցորդներից. Խոսրով Հարությունյան

«Մեծ ցավ ապրեցի, երբ տեղեկացա, որ մշակույթի փոխնախարարը ազատել է աշխատանքից Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մշակույթի աշխարհում միջազգային ճանաչում ունեցող Կոնստանտին Օրբելյանին: Ընդ որում ցավ ապրեցի հայրենական մշակույթի՝ պատմություն ունեցող և ավանդույթներով հարուստ ոլորտներից մեկի՝ օպերային արվեստի համար»,-այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

« Պարզվում է, որ փոխնախարարի այդ որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ մաեստրո Օրբելյանը աշխատանքի է նշանակվել, իբր թե, օրենսդրության պահանջի խախտմամբ՝ առանց մրցույթի:
Բանն այն է , որ մշակույթի նախկին նախարարը, հասկանալով, որ մաեստրո Օրբելյանը չի տիրապետում հայերենին, սակայն համոզված լինելով, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրան կհաջողվի, օգտագործելով իր հեղինակությունն ու կապերը, մշակութային այս կարևորագույն օջախին ստեղծագործական վերելք և նոր շունչ հաղորդել, Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով ապահովել էր մաեստրո Օրբելյանին առանց մրցույթի այդ պաշտոնում նշանակելու իրավական հիմքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն հիմնավորումները, որոնք բերում է իր որոշումը հիմնավորելու համար այդ պաշտոնյան, միայն ծիծաղ և կարեկցանք է առաջացնում:
Պարզվում է, որ այդ խեղճ կինը ոչինչ չի արել մաեստրոյին աշխատանքից ազատելու համար: Նա ընդամենը առաջարկել է Կառավարությանը վերացնել մաեստրո Օրբելյանին առանց մրցույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակելու այն իրավական հիմքը, որը սահմանել էր նախկին կառավարութունը ( ես ինչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել):

Ի դեպ իրավունքի տեսակետից այս հիմնավորումը, ըստ իս, խիստ վիճահարույց է Սակայն համաձյնեք, որ այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Չես հասկանում այդ կինը իրո՞ք չի գիտակցում թե ինչ է արել, թե՞ արվեստասեր հանրությանն է հիմարի տեղ դնում ասելով, որ ինքն ընդամենը կառավարության որոշումն է ի կատար ածել: Այդ կինը իրո՞ք չի հասկանում, որ, որպես մշակույթի նախարարի պաշտոնակատար, նա անձամբ քաղաքական պատասխանատվություն է կրում ոլորտում քաղաքականության իրականացման համար:

Նա իրո՞ք չի գիտակցում, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակումը կամ ազատումը ոչ թե կադրային հարց է, այլ քաղաքական որոշում, որով, մեծ իմաստով, ապահովվում է օպերային արվեստում պետական քաղաքականության իրականացումը (պետությունները հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց օպերային կոլեկտիվների ղեկավարման գործում ներգրավեն վաստակաշատ և հեղինակություն ունեցող գործիչներին): Հասկանու՞մ է արդյո՞ք այդ կինը, որ խոսքը օպերայի և բալետի թատրոնի կոլեկտիվի, այլ ոչ թե ինքնագործ խմբակի մասին է: Որ ինքն ի պաշտոնե պատասխանատվություն է կրում մշակույթի այդ օջախում ստեղծագործական միջավայրի ապահովման համար: Եվ վերջապես գիկտակցու՞մ է տիկին փոխնախարարը, որ նա պատասխանատվություն է կրում բազմահազար արվեստասեր հասարակության առջև՝ թե՛մեր երկրում և թե՛ նրա սահմաններից դուրս: Որ մշակույթը ոչ ինքն է, ոչ էլ՝ իր մեջ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես դիմում եմ Վարչապետին՝ փրկել մշակույթը պատահական անցորդներից: Մեր մշակույթն արժանի է ավելի պատասխանատու և հոգատար պետական վերաբերմունքի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով