Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով

Загрузка...

Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:

Երևան քաղաքի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

«Ռեստարտ» անդամների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի երիտասարդ գետնից բարձրացրել են Նարեկ Մալյանին և նրան տեղափոխում են մի քանի տասնյակ մետր: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ դատապարտել էր Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել էր Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...