Ազատագրված տարածքները և Արցախը թշնամու վերահսկողության տակ կարող են հայտնվել նաև պատերազմով, որին պատրաստ չենք

Երկրում առկա այս վիճակը Հայաստանը, Արցախն ու մեր ժողովրդին ուղիղ կործանում տանող ճանապարհ է

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից առաջ թշնամին դիմում է տարբեր սադրանքների ու փորձում սահմանային լարվածություն առաջացնելով, հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել, հավանաբար, այն հույսով, որ կվախենանք ու կգնանք ինչ-ինչ զիջումների։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել երեկ տեղի ունեցածը․․․

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ ժամը 16։30-ի սահմաններում փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Միամտություն չի՞ լինի կարծելը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերոնշյալ գործողությունն եղել է ինքնագլուխ, առանց Իլհամ Ալիևի կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գիտության․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք նաև Արցախի ՊՆ-ից վերջերս ստացված հաղորդագրությունը թշնամու կողմից ականանետերի կիրառման վերաբերյալ․ «Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին, ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետեր` արձակելով 9 արկ»: Սրա՞ն էլ Ալիևը կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ չի եղել․․․

Թե երեկ Հայաստանի Բերդավան գյուղի մերձակայքում, թե մարտի 13-ին Արցախում Ակնայի ուղղությամբ կատարվածն ակնհայտորեն դուրս են Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերելակային պայմանավորվածությունների» շրջանակից։ Նշենք նաև, որ միայն ս․ թ․ փետրվարի տվյալներով (մարտ ամսվա տվյալները 23-ից հետո դեռ հայտնի չեն), թշնամին Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 10 հազար կրակոց։ Բնականաբար, հարց է առաջանում՝ Ադրբեջանն այսպե՞ս է իր ժողովրդին նախապատրաստում խաղաղության․․․

Միանշանակ է, որ Ադրբեջանն իր ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է նախապատրաստում, դա հասկանալու համար միայն Ալիևի հրապարակային ելույթներին ու ռազմաշունչ հռետորաբանությանը, սպառնալիքներին հետևելն էլ բավարար է։ Անշուշտ, սխալ կլինի Ադրբեջանի հասցեին նույն սպառնալիքներն ակնկալելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և Արցախի նախագահ Բակո Սահակյանից, քանի որ Հայաստանն ու Արցախը ոչ թե պատերազմի են ձգտում, այլ խաղաղության, սակայն խիստ վտանգավոր և անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին պատերազմի չի նախապատրաստում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդգծենք, սակայն, որ ժողովրդին պատերազմին նախապատրաստելը միայն թշնամի երկրի նկատմամբ ռազմաշունչ հռետորաբանության, սպառնալիքների օգտագործումը չէ, հանձին Ադրբեջանի ու նրա բնակչության, պետական մակարդակով թշնամու կերպարի ձևավորումը և հասարակությանը, ժողովրդին այդ թշնամու դեմ տրամադրելը չէ, ինչն այս պահին մեզ պետք չէ։

Հասարակությանը, ժողովրդին պատերազմին նախապատրաստելը նաև Հայաստանի բնակչության ու հայ ժողովրդի միասնականությանը նպաստող, դրան նպատակաուղղված իրական, առարկայական քայլերն են։ Հասարակությանը պատերազմին նախապատրաստելը քաղաքական ու սոցիալական օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեր հասարակության տարբեր խմբերի ու շերտերի միջև առկա հակասությունները մեղմելը, երկրում բարոյահոգեբանական վիճակն առողջացնելը, Հայաստանում «թավշյա հեղափոխությամբ» սկսված կործանարար երկպառակությանը, «Ֆեյսբուք» և սոցիալական այլ ցանցերում լավագույնս արտացոլվող ատելության ու թշնամանքի գնալով թանձրացող մթնոլորտին վերջ տալն է նաև, մինչդեռ այս ամենի ուղղությամբ վարչապետի ու նրա քաղաքական թիմակիցների կողմից շոշափելի դրական արդյունքի հանգեցրած քայլեր չկան։

Հակառակը՝ ՀՀ վարչապետը ու «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներից ոմանք արդեն շուրջ մեկ տարի իրենց հայտարարություններով ու գործողություններով մեր հասարակության մեջ երկպառակություն են առաջացրել, որքան էլ անհեթեթ է, նույնիսկ հարազատները, հարազատ եղբայրները քաղաքական հողի վրա միմյանցից օտարացած ու մինչև իսկ թշնամացած են, և այդպիսի դեպքերը քիչ չեն։ Սթափվե՛ք, պարոնայք ու տիկնայք, պատերազմից առաջ այս վիճակը պատերազմին նախապատրաստվել չէ, այլ ճիշտ հակառակը՝ դրան անպատրաստ լինել, երկրում առկա վերոնշյալ վիճակը Հայաստանը, Արցախն ու մեր ժողովրդին ուղիղ կործանում տանող ճանապարհ է։

Հասարակությանը պատերազմին նախապատրաստելը նաև այդ հասարակությանը պատերազմի պայմաններում ապրելուն նախապատրաստել է։ Ի՞նչ է արվել և արվում այդ կապակցությամբ, պատրա՞ստ ենք դրան․․․ Անձամբ ես հասարակությանը պատերազմի պայմաններում ապրելուն նախապատրաստելու քայլեր չեմ տեսել, ով գիտե իշխանությունների կամ, թեկուզ, հասարակական կառույցների այդպիսի քայլերի մասին, թող հայտնի։

Ի՞նչ վիճակում է պետական քաղաքացիական հաստատությունների պատրաստվածությունը պատերազմին․․․ Ընդգծենք, որ այս հարցը ՀՀ իշխանություններին ժամանակին ուղղված հարց է։

Ի վերջո, ի՞նչ վիճակում է բնակչության պատրաստվածությունը պատերազմին։ Գրեթե զրոյական։ Մեզանից քանի՞սը գիտեն, թե պատերազմի, իր քաղաքի հրթիռակոծման, ռմբակոծման դեպքում ուր են գնալու և ինչ են անելու, որտեղ է գտնվում մոտակա ռմբապաստարանը։ Տասից մեկը որ իմանա, լավ է․․․

Չեմ կարծում, թե վաղը, մյուս օրը Վիեննայում Ալիևի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն կտա ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ (ցանկության դեպքում էլ չի կարող տալ)։ Ավելին՝ գրեթե վստահ եմ, որ նա այդպիսի ցանկություն չունի ու հետագայում էլ ինքնակամ չի ստորագրի մեր հայրենիքի ազատագրված մի մասն Ադրբեջանին փոխանցող որևէ փաստաթղթի տակ։ Սակայն, ազատագրված տարածքները միայն փաստաթղթով չէ, որ կարող են անցնել Ադրբեջանին, դրանք և նույնիսկ Արցախը թշնամու վերահսկողության տակ կարող են հայտնվել նաև պատերազմով, որին մենք պատրաստ չենք։ Թերևս հենց սրան է հանգում Հայաստանում իշխանափոխության իրականացման ողջ տրամաբանությունը, Փաշինյանին իշխանության բերելու իմաստը․ նա կարող է ընդամենը միջոց լինել և օգտագործվել, իսկ դա գիտակցել միայն վերջում, երբ ժողովուրդն իր համար ծանրագույն, բախտորոշ կորուստների դեպքում կելնի իր դեմ և իրեն կդարձնի քավության նոխազ։

 

Արթուր Հովհաննիսյան. livenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով