2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է. «Ժողովուրդ»

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել։ Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը։ Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր։

Այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից (բացի Արմավիրից) բնակիչների թվաքանակը պակասել է։ Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել՝ 2500-ով։ Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2800-ով։ Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2800 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է։ Ըստ որոշ մասնագետների՝ պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց։

Պարզվում է՝ այս ամենին կառավարությունը միայն լուռ հետեւում է, իսկ մարզերը համաչափ զարգացնելու մասին ավելորդ է խոսել։ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում, փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը՝ ոչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով