Ֆինանսների նախարարությունը մոտ կես միլիոն դոլարի պարգևավճարներ է տվել. պաշտոնական

Վերջին շաբաթներին մամուլը քննարկում է պարգևավճարի արժանացած պաշտոնյաների հարցը։ Նախարարների, նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև պետական այլ պաշտոններ զբաղեցնող անձանց ստացած տարեվերջյան բավականին «կլորիկ»  գումարները սոցցանցերում քննդատական մեծ ալիք բարձրացրին, իսկ պաշտոնյաները չթաքցրին՝ պարգևավճար, իսկապես, ստացել են։

Տրված պարգևավճարների մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար 24News– ը պաշտոնական հարցում էր ուղարկել ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ավելի հավաստի տեղեկություններ տրամադրել պարգևավճարի արժանացած աշխատակիցների ու գումարի չափի վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան մեր հարցմանը՝ ֆինանսների նախարարությունը տեղեկաց, որ 2018թ-ի տարեվերջին նախարարության 408 աշխատակցի տրվել է պարգևատրում 210 038 000 դրամի չափով։ Նշենք, որ սա մոտ կես միլիոն դոլար է կազմում։

Պարգևատրված անձանց կոնկրետ անուններն ու ըստ անունների ստացած գումարների չափը ֆիննախարարությունից չհայտնեցին՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։

Ֆինանսների նախարարության պատասխանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ առանց մեկնաբանության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սկսած 2000 թվականից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խրախուսման համար նախատեսված է եղել պարգևատրման ֆոնդ, որն ամսական կամ եռամսյակային կտրվածքով բաշխվել է նախարարության աշխատակիցներին: ՀՀ ֆինանսների նախարարության 2018 թվականի բյուջեով նախատեսված է եղել 804 548 200 ՀՀ դրամի չափով պարգևատրման ֆոնդ:

Ինչ վերաբերվում է պարգևատրման կարգադրությունների և պարգևատրման չափերի վերաբերյալ տեղեկատվության  տրամադրմանը, ապա հայտնում ենք հետևյալը.

Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին»օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետևել և ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ:

Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձի` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ անձնական տվյալների սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անձնական տվյալները մշակող պետական կառավարման մարմինը պարտավոր է առաջնորդվել աշխատողի կամահայտնությամբ և առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց, բացառությամբ եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված՝ հայտնում ենք, որ հրապարակման ենթակա են միայն նախարարության աշխատողների խրախուսման դեկտեմբեր ամսվա ֆոնդի ընդհանուր չափը և պարգևատրվածների ընդհանուր թվաքանակը:

Այսպիսով, 2018 թվականի տարեվերջին Նախարարության թվով 408 աշխատակիցների տրվել է պարգևատրում  210 038 000 դրամի չափով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են հայտարարագիր՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով