Սա միտումնավոր սցենար է, ուզում են աղմուկ հանել. «Շուռնուխի գործը» վերաբացվել է.ՀԱՅ ՁԱՅՆ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերաբացել է «Շուռնուխի գործը», և գործին մասնակից բոլոր շուռնուխցիներին, այդ թվում նաև երեխաներին, փետրվարի 13-ին կանչել դատարան՝ քրեական գործով։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում շուռնուխցի Արարատ Աղաբեկյանը պատմեց, որ երկու օր առաջ դատարանից ծանուցագիր են ստացել սպասվելիք դատական նիստի մասին:

«Ծանուցագրում նշվում է, որ քրեական գործով տուժողների ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 13-ին: 15-16 ծանուցագիր են ուղարկել, այդ թվում՝ երեխաներին, կանանց: Հաշմանդամ երեխայի մայրը պետք է գնա, հաշմանդամ ծնողը պետք է գնա, որ դատին մասնակցի: Սա է իրողությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչո՞ւմ են իրենց մեղադրում, Արարատ Աղաբեկյանը պատասխանեց, որ իրենք նույնիսկ չեն հետաքրքրվել, թե մեղադրանքը ո՞րն է, որովհետև իրենց մեղավոր չեն համարում. «Մենք իրականում որևէ հանցանք չենք գործել, մենք մեր գյուղի առօրյան խաթարած մարդկանց պատասխան ենք տվել, ուրիշ բան չենք արել: Մենք հարգում ենք մեզ, մեր կրոնը, մեր ազգային արժեքները, մեր սյունեցիներին, և չենք ցանկանում նման իրավիճակների մասնակից դառնալ: Մեր ինչի՞ն է պետք, որ այսօր երեխաները ԼԳԲՏ հապավումն իմանան, մեր երեխաները թող իմանան ՊՆ-ն, թող հայրենասիրական գրքեր կարդան, մեր ինչի՞ն է պետք, որ մեր երեխաներն այսօր իմանում են, թե ի՞նչ է ԼԳԲՏ-ն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուռնուխի բնակիչը նշում է, որ դատական գործընթացի միջոցով այդ անձինք ցանկանում են ևս մեկ անգամ աղմուկ բարձրացնել. «Մենք կարծում էինք, որ մեր գործը համաներման տակ է ընկել, և ամեն ինչ վերջացել է: Բայց արի ու տես, որ գործը բողոքարկվել է Լուիզա Վարդանյանի կողմից: Ըստ իս՝ իրենք ուզում են կրկին աղմուկ բարձրացնել, դրանով նորից ի հայտ գան, էլի լրատվություն տարածեն, կարծես թե՝ իրենց նպատակին չեն հասել»:

Արարատ Աղաբեկյանի խոսքով՝ իրենք երբեք խնդիր չէին ունենա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ, եթե վերջիններս ցուցադրական քայլեր չանեին. «Մեր համագյուղացին՝ Հայկ Հակոբյանը, գնում -գալիս էր գյուղ, ո՞վ էր իրեն մատով կպնում: Մենք անձնական ոչ մի խնդիր չենք ունեցել: Բայց երբ գալիս են, գյուղի անդորրը խաթարում են, գոռոցներ են հանում, ցուցադրական անվայելուչ պահվածք են ցուցաբերում՝ ի՞նչ անենք: Իրենք ի~նչ ուզում են թող անեն, միայն մասսայից, երեխաներից հեռու, մեր խնդրանքը սա է ղեկավարությանը: Կոպիտ ասած՝ մենք էինք միամիտ, որ այս խայծը կուլ ենք տվել, բա մենք իմանո՞ւմ էինք, որ սա միտումնավոր սցենար էր, և իրենք ուզում էին աղմուկ հանել: Եթե իրենք պարզապես եկած լինեին ժողով անելու, կմտնեին իրենց տունը և ժողով կանեին, ոչ թե ցուցադրական գործողություններ կիրականացնեին և մարդկանց կլարեին իրենց դեմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ էր ժամանել ԼԳԲՏ-ականների մի խումբ՝ հավաք կազմակերպելու նպատակով, սակայն իրականում խախտել էին գյուղի անդորրն ու հասարակական կարգը, խուլիգանական վարք ցույց տվել, վիրավորել գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը: Շուռնուխցի կանայք և դեռահաս երեխաները ստիպված էին եղել անցնել ինքնապաշտպանության և սեփական ուժերով գյուղից դուրս հրավիրել ԼԳԲՏ-ականներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով