Պետք է պատրաստ լինել զիջումների, փոխադարձ զիջումների․ Լևոն Զուրաբյան․ Turan

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի թվում՝ նաև ղարաբաղյան հիմնախնդրին։

Ներկայացնում ենք մի քանի հատված հհոդվածից․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որքանո՞վ են այսօր ակտուալ այն մտքերը, որոնք 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտում էր իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում։ Զուրաբյանի խոսքով՝ հոդվածում արտահայտված մտքերն ակտուալ են, սակայն աշխարհը փոխվել է։

«Հայաստանի այն ժամանակվա ռազմավարական հետաքրքրությունների գիտակցումը ճիշտ էր, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Դրա համար, ասել, թե այդ հոդվածում ասված ամեն ինչ կիրառելի է այսօր, սխալ կլինի»,- ասել է Զուրաբյանը՝ հատուկ ընդգծելով աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը և առաջին հերթին Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի սրացումը։ 1997 թվականին Ադրբեջանը նավթից այնքան եկամուտներ և այնպիսի սպառազինություն չուներ, ինչպիսին այսօր, նշել է գործակալության զրուցակիցը։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի համար իրավիճակը վատթարացել է։ Այս հարցին Զուրաբյանը պատասխանում է, որ «իրավիճակը չի կարելի գնահատել միայն նշյալ գործոնով»։ «Եվ իրավիճակը վատացել է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար»,- ասել է նա՝ չնշելով, թե կոնկրետ ինչն է վատացել Ադրբեջանի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր ասածը կոնկրետացնելու խնդրանքին ի պատասխան՝ Զուրաբյանն ասել է, որ «Ադրբեջանում շատերը ստատուս-քվոն ընդունում են որպես խնդիր, որը հնարավոր չէ լուծել»։

Տեր-Պետրոսյանի վերոնշյալ հոդվածում թևավոր խոսք կա․ այսօր մենք հրաժարվում ենք մի բանից, ինչ վաղը խնդրելու ենք, սակայն մեզ այն արդեն չեն տալու (Խոսքը փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Ղարաբաղի մոտակա շրջանների ազատագրումը՝ որպես կարգավորման առաջին քայլ- խմբ․)։

Արդյո՞ք Հայաստանը չի մտահոգվում, որ նոր պատերազմի դեպքում գրավյալ տարածքները կկորցնեն։ Ավելի լավ չէ՞ պայմանավորվել հիմա և փոխարենն ինչ-որ բան ստանալ։ Այս հարցին Զուրաբյանը պատասխանել է, որ նույն հոդվածում Տեր-Պետրոսյանն ասում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել և թող չկարծի, թե հաղթելու է։

«Պետք է պատրաստ լինել զիջումների, փոխադարձ զիջումների։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ»,- ասում է Զուրաբյանը։

1997 թվականին Տեր-Պետրոսյանի կառավարությունն ընդունեց կարգավորման փուլային տարբերակը։ Այդ պլանի կիրառումն այսօր հնարավո՞ր է։ Հարցին Զուրաբյանն այսպես է պատասխանել․ «Հրապարակված փաստաթղթից հետևում է, որ պայմանավորվող կողմերը երեքն են՝ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը։

Այդ փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի հետագա բանակցությունների ընթացքում։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը վետոյի իրավունք կստանա այն տարբերակի դեպքում, որին չի համաձայնի։ Դրա համար, 1997 թվականի տարբերակն իրականում նշանակում էր Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ։ Այն ժամանակ այդ տարբերակին համաձայնեցին Ադրբեջանը, Հայաստանը, բայց Լեռնային Ղարաբաղը չհամաձայնեց»։

Հարցին՝ կարելի՞ է արդյոք դա համարել կարգավորման բաց թողնված հնարավորություն, Զուրաբյանը լակոնիկ պատասխան է տալիս․ «Իհարկե»։

«Ո՞րն է Ղարաբաղի՝ այդ տարբերակից հրաժարվելու պատճառը․ այն, որ Ղարաբաղն այդ խնդիրը դիտում է որպես ինքնորոշման հարց։ Մենք երբեք չենք խոսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Տեր-Պետրոսյանի բանաձևն այսպես էր արտահայտվում․ նրան, ինչին համաձայն են Ադրբեջանը և Ղարաբաղը, համաձայն է նաև Հայաստանը։ Ղարաբաղի հետ պայմանավորվելը Բաքվի առաջադրանքն էր»։

Ի՞նչ պետք է անի Բաքուն, որպեսզի ղարաբաղցիները հանեն տարանջատման հարցը։

Այս հարցին Զուրաբյանը պատասխանել է․ «Ցանկացած կենտրոնական իշխանություն այն շրջաններին, որոնք իրենն է համարում, պետք է մի շարք կարևոր պայմաններ ներկայացնի՝ ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունքներ։ Եթե դա լիներ, և ղարաբաղցիներն իմանային, որ իրենք կարող են հանգիստ ապրել և զարգանալ, իրենց համար կան բոլոր հնարավորությունները, ինչի՞ համար կանջատվեին։ Այժմ ղարաբաղցիները կարծում են, որ Ադրբեջանում տեղ չունեն, խտրականության կենթարկվեն կամ կարտաքսվեն»։

Ինչպե՞ս բացատրել Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական ուժերի բուռն արձագանքը՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերին, ով զարմացել էր հայերի՝ Ղարաբաղի շրջակա տարածքները կարգավիճակով փոխելու մերժումից։

Այս հարցին պարոն Զուրաբյանը պատասխանել է, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները նման կարծիք չեն արտահայտել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մաքսիմալիզմի դիրքերում են կանգնած, ապա «նման ազգայնականներ կան ամենուր, Ադրբեջանում ևս»։

«Կարելի է լինել բաղկացուցիչ մասը մի պետության, որը հարգում է քո ազատության և անվտանգության իրավունքները։ Մի՞թե Ադրբեջանն այժմ կարող է նման հնարավորություններ ապահովել։

Այն, ինչ ես ասում եմ, կարող է ընդունվել որպես միջամտություն ձեր ներքին գործերին, սակայն այդպիսի երաշխիքներ դուք չեք տալիս նույնիսկ սեփական քաղաքացիներին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են երաշխավորված Ադրբեջանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Ղարաբաղի կոնտեքստում դա այսպես է հնչում․ եթե դուք ի վիճակի չեք իրավունքներ տալ կամ ապահովել անգամ ձեր քաղաքացիներին, ապա ինչպե՞ս եք կարող ապահովել ղարաբաղցիների իրավունքները։ Այսպիսի ֆոնով ոչ ոք և երբեք չի համաձայնի Ադրբեջանի կազմում անգամ ամենաբարձր կարգավիճակի։ Դրա համար Ադրբեջանը, որպեսզի ղարաբաղցիներին համոզի վերադառնալ, պետք է փոխվի»,- կարծում է Զուրաբյանը։

Ինչո՞ւ հայկական կողմը 90-ականների կեսերին հրաժարվեց Հայաստանի տարածքում նավթամուղ կառուցելու գաղափարից, ինչը կարող էր դառնալ փոխադարձ վստահության և կարգավորման սկզբի հիմքը,- հարցին Զուրաբյանը, ով այդ տարիներին Հայաստանում իշխող թիմի անդամ, դա բացատրել է նրանով, որ առաջարկությունը մերժվել է, որովհետև հայկական կողմը չէր կարող կարգավորումը դարձնել որպես նավթամուղից կախված հարց։ Նա կարծում է, որ նույնիսկ եթե Տեր-Պետրոսյանը մնար իշխանության ղեկին, այդ նախագիծը չէր իրագործվի։

«Նավթամուղ կառուցելու հարցը սերտորեն կապվում էր ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հետ։ Սակայն քաղաքական երաշխիքներն ավելի կարևոր են, քան տնտեսական շահերը։ Մենք չէինք կարող խաղաղության հարցը կախված դարձնել ինչ-որ նավթամուղից։ Կարգավորումը առևտրի հարց չէ»,- ասում է Զուրաբյանը։

Հրաժարվելով Բաքու-Ջեյհան նավթատարից՝ Հայաստանը կորցրեց նաև իր տարածքով Բաքու-Էրզրում գազամուղի, իսկ հետո նաև Բաքու-Կարս երկաթուղու հնարավորությունը։ Այսպիսով հայկական կողմը կորցրեց ոչ միայն տնտեսական մեծ օգուտ, այլև Ադրբեջանի վրա ազդելու լծակներ։ Նմանատիպ դիրքորոշումը հանգեցրեց Ադրբեջանի տնտեսական և ռազմական պոտենցիալի ուժեղացմանը և կարգավորման հարցում նրա դիրքորոշման կոշտացմանը։ Արդյո՞ք հայերին չի թվում, որ նրանք պարտվեցին։

Այս հարցին ի պատասխան՝ պարոն Զուրաբյանը նկատել է, որ ուշ չէ որոշ քայլեր անելու համար՝ ճանապարհներ բացելու, ղարաբաղցիների հետ շփումը հարթելու։ Այդ ժամանակ Ադրբեջանը կստանար Ղարաբաղի և Հայաստանի վրա ազդելու որոշ լծակներ։

Իսկ կոնկրետ կոնֆլիկտի մասով գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ որ բացի կոնֆլիկտի մասնակիցներից՝ հայերից և ադրբեջանցիներից, կան նաև արտաքին մասնակիցներ։

«Կոնֆլիկտի լուծումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև համաձայնության հասնելով։ Լուծումը պետք է համապատասխանի նաև գերտերությսւնների հետաքրքրություններին։ Կարգավորման հասնելու վրա ազդում են նաև այդ շահերը։

Այդ գործընթացն առաջացավ հենց կոնֆլիկտի սկզբում․ մի կողմից դա Արևմուտքն էր՝ ներկայիս ԵԱՀԿ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանը։ Նրանց մեջ մրցակցություն կար։ Այդ խնդիրը ֆորմալ առումով հաջողվեց լուծել 1994 թվականին հայկական կողմի նախաձեռնությամբ, երբ Արևմուտքը և Ռուսաստանն իրենց ջանքերը միավորեցին տվյալ հարցով։ 1997 թվականին այդ գործընթացին միացավ նաև Ֆրանսիան։ Սակայն թե որքանով է այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվում գտնել այդ շահերի հավասարակշռությունը, դժվար է ասել։ Խոսքերով նրանք նույն դիրքորոշմամբ են հանդես գալիս, սակայն վարագույրների հետևում այլ գործընթացներ են ընթանում»,- նշում է Զուրաբյանը։

Կարելի՞ է արդյոք արտաքին միջամտության դրսևորում համարել 1992 թվականի մայիսի 7-ին Թեհրանում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը, երբ հաջորդ օրը հայերը գրավեցին Շուշին։

Զուրաբյանը կարծում է, որ դա արտաքին միջամտության հետևանք չէ։ «Դա կոնֆլիկտի տրամաբանությունն է։ Կային կոնֆլիկտի գաղտնի զսպանակներ, որոնց ես չեմ անդրադառնա»,- ասել է նա՝ հերքելով ղարաբաղյան ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությունը, որ Երևանը դեմ է եղել Շուշիի գրավմանը, և ղարաբաղցիներն այդ օպերացիան կատարել են՝ դեմ գնալով Երևանի պահանջներին։

«Ամեն ինչ այլ կերպ է եղել»,- կարճ ասել է Զուրաբյանը՝ արդարացնելով Շուշիի գրավումը, «որտեղից Ստեփանակերտի համար իրական սպառնալիք էր դուրս գալիս»։

Ի՞նչ է սպասվում հայ-ադրբեջանական հարաբերություններում մոտ ապագայում։ Զուրաբյանի կարծիքով՝ ոչ մի լավ բան։ «Ես իրական առաջընթաց չեմ տեսնում կարգավորման գործում։ Գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է։ Հենց դրա համար էլ ամեն զիջում վտանգավոր է դառնում։

Դրա համար հարկավոր են վճռական քայլեր, պետք է սահմանները բացել, ուղիղ շփվել։ Դա շատ կարևոր է վստահություն հաստատե;ու համար։ Պետք է պայմանավորվել։

Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բակո Սահակյանի հետ․ չէ՞ որ դուք ղարաբաղցիներին համարում եք ձեր քաղաքացիները։ Դեմոկրատական Ադրբեջանում բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ ազգությունից և կրոնից։ Խոսեք ձեր քաղաքացիների հետ։ Թեկուզ այսօր չեք պայմանավորվի կարգավիճակի հարցով, սակայն կպայմանավորվեք նախնական կարգավիճակի, ինչ-որ երաշխիքների մասին։ Կարելի է ինչ-որ շատ կարևոր բան ապագայի կարգավիճակից տալ արդեն այսօր, որպեսզի ղարաբաղցիները համոզվեն, որ իրենք են սեփական ճակատագիրը որոշողները

Իհարկե, Ադրբեջանը կարող է ասել՝ այսօր սա են ուզում, վաղն ավելին կուզեն, սակայն դա այլընտրանք չունի»։

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով