Պետք է կառուցել այնպիսի պետություն, որտեղ այլևս երբեք չլինեն մարտիմեկյան առճակատումներ.ԱՐՄԵՆՊՐԵՍ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը 2008 թվականի մարտի 1-ը համարում է ժողովրդավարության հաղթանակի օր:

«Մարտի 1-ին՝ օրվա սկզբին, պետք է հիշատակի արարողություն իրականացվի՝ նվիրված զոհված 10 քաղաքացուն, ապա տոնախմբություն՝ նվիրված ժողովրդավարության հաղթանակին»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Արշակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կարևորում է պատմական այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության պայքարում:

«Իհարկե, պետք է հարգել բոլոր այն զոհերի հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել այդ ցավալի իրադարձությունների ժամանակ: Սակայն կարծում եմ, որ այստեղ որոշ հարցեր կան: Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ այդ հարցում չկա մեկ տեսանկյուն, պետք է բոլոր տեսանկյուններն էլ հարգել:

Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով են պայքարել, որպեսզի իրենց խոսքը հաղթի, բայց կա պետություն, որը պետք է միշտ լինի առաջնահերթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե չունենանք պետություն և  քայքայենք դրա հիմքերը՝ մենք չենք ունենա ոչինչ: Մենք պետք է հստակ հասկանանք, որ միայն ժողովրդավարության դրոշը բարձրացնելով պետություն չենք ստեղծի: Պետք է հաշվի առնել նաև անարխիկ երևույթների հետևանքները»,- ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը: Բաբայանը հավելեց, որ այսքան տարի անց պետք է փակել պատմության այդ դուռը և մարտի 1-ի իրադարձությունները պետականորեն չնշել, երթեր չանել, քաղաքական ուղերձների հարթակ չդարձնել:

Կուսակցության նախագահը շեշտեց, որ պետք է հարգել զոհերի հիշատակը ու փորձել կառուցել այնպիսի պետություն, որտեղ այլևս երբեք չլինեն նման առճակատումներ և անհանդուրժողականություն:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ մարտի 1-ի իրադարձությունները չպետք է մոռանալ, դրանք պատմության մի մասն են, բայց այդ ամենը չպետք է քաղաքականացվի:

«Այդ իրադարձությունների գործը պետք է գնա միայն իրավական հարթության ուղղությամբ և հենց այնտեղ էլ լուծվի: Այնտեղ էլ պետք է փակվի և արդեն բացվի մարտի 2-ի էջը Հայաստանում»,- ասաց Քոչարյանը:

Նա ճիշտ է համարում երթ իրականացնելը, որը հարգանքի տուրք է զոհվածների հիշատակին, սակայն չհամաձայնեց Ազատ Արշակյանի հետ, որ պետք է տոնախմբություն իրականացնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով