Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր.Անդրանիկ Թևանյան

Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։

ՀԴՄ–ի թեմայով, իհարկե, արժե ավելի ծավալուն բան գրել, քան դա կարելի է անել ՖԲ ֆորմատով, բայց կարճ ասեմ, որ եթե ստվերային տնտեսության դեմ պայքարը սկսում ես ներքևից (կրպակներից), այլ ոչ թե վերևից (խոշոր բիզնեսից), ապա ստանում ես շատ վատ պատկեր։ Ասել է թե՝ բիզնեսի փաստաթղթավորման շղթայում ՀԴՄ կտրոնը ոչ թե առաջին, այլ վերջին օղակը պետք է լինի։ Բայց մերոնք միշտ սիրում են վերջից գալ։ Չէ՞ որ ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ՀԴՄ–ի մասով ներկա իշխանություններն օրիգինալ չեն։ ՀԴՄ–ամոլ էր նաև նախկին վարչապետերից մեկը։ Նա նույնիսկ ռոք փառատոն էր կազմակերպել «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրի ներքո։

Թե ինչպես ավարտվեց ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը Հայաստանում (2008–2010թթ.), երևի հիշում եք՝

1. 2009թ.՝ դոլարային հաշվարկով տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ՝ 35 տոկոսի շրջանակներում (անկման հարցում մենք մրցում էինք Մադագասկարի և Ուկրաինայի տնտեսությունների հետ),

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. 2009թ.՝ ՀՀ դրամով 14,4 տոկոս տնտեսական անկում,

3. 2008–ի համեմատ՝ 2010–ին աղքատության 8,2 տոկոս աճ. 2010–ին պաշտոնապես աղքատ էր Հայաստանի բնակչության 35,8 տոկոսը,

4. ՀՀ արտաքին պետական պարտքի կտրուկ ավելացում. 2009–ի վերջում այն գրեթե կրկնապատկվեց, այսինքն՝ անկախության առաջին 17 տարում մենք կուտակել էինք շուրջ 1,4 միլիարդ դոլար պարտք, իսկ 2008–ից երկու տարի անց այն արդեն 3 միլիարդի էր հասնում (հիմա մեր պարտքը 7 միլիարդ դոլարի շրջանակներում է, և կառավարությունը պլանավորել է այս տարի այն ավելացնել),

5. արտագաղթ՝ տարեկան ավելի քան 20 հազար մարդու չափով, որը 2010–ից սկսած՝ եղել է 40 հազարը հատող սահմանագծից վեր (միայն 2013–ին մի փոքր «մեղմվեց» արտագաղթի թիվը, քանի որ այդ տարի արտագաղթել էր 31.188 մարդ),

6. փակվեցին հազարավոր մանր բիզնեսներ,

7. «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսի շրջանակներում շահեցին քչերը, թուլացավ պետությունն, ու աղքատացավ ՀՀ շարքային քաղաքացին, որն այն ժամանակ դեռ չգիտեր, որ տարիներ անց դառնալու է հպարտ ու … կրկին լծվի ՀԴՄ կտրոն պահանջելու գործին, այն է՝ «տնտեսական հեղափոխություն» անի։

Կարծում եմ՝ վերը նշված թվերը հերիք են, որպեսզի հիշենք, թե ինչով է Հայաստանում ավարտվել ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը։

Ի՞նչ գին է վճարելու Հայաստանն այս անգամ։

Հ.Գ.։ Կից նյութով պարզապես հիշեցնեմ, որ մենք մի անգամ սա տեսել ենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով