Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ միակ ելքը հակառակորդի ջախջախումն է.1in.am

Հայաստանի պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեջ շատ լուրջ, հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունենում՝ հաշվի առնելով թե՛ գլոբալ միտումները և թե՛ տարածաշրջանային իրադրությունն ու Ադրբեջանի հետ հակամարտության հանգամանքը։ Մեր Զինված ուժերը պաշտպանողական ռազմավարությունից անցում են կատարում հարձակողական ռազմավարությանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ մեր Զինուժը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում, և եթե իրավիճակը տանի դեպի ռազմական գործողությունների վերսկսում Ադրբեջանի հետ, ապա մենք չենք հապաղելու։ Հաղորդավարի՝ Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե նաև հարձակվելո՞ւ ենք, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ «իսկ ինչո՞ւ ոչ»։

Շեշտը դրվելու է որակական բալանսի պահպանման վրա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանության նախարարը ռազմավարական այս փոփոխությունների, ինչպես ինքն է ասել՝ հոգեբանության, մոտեցումների փոփոխման մասին խոսել է Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման խնդրի և մեր Զինված ուժերի վերջին ձեռքբերումների համատեքստում՝ ասելով, որ Հայաստանի ո՛չ ժողովրդագրական, ո՛չ էլ տնտեսական ներուժը թույլ չի տալիս քանակական առումով մրցակցել հակառակորդի հետ։ Դրա համար էլ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում որակական հարցերին և որակական հավասարակշռության պահպանմանը։ Եվ հիմա բանակը համալրվում է այնպիսի զինատեսակներով ու ռազմական տեխնիկայով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնելու հակառակորդի նկրտումները։ Տոնոյանը հաստատել է, որ խոսքը նաև Սու-30ՍՄ կործանիչների մասին է։

Նախարարը, ըստ էության, խոսել է այն մարտավարության մասին, որին ինքը մի առիթով անդրադարձել էր դեռ նախքան Ապրիլյան պատերազմը՝ 2016 թ․ փետրվարին։ Այն ժամանակ դեռևս պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Տոնոյանը Վիեննայում ԵԱՀԿ-ի կազմակերպած սեմինարին հայտարարել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը ապահովելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակով նախատեսում է գործադրել մի շարք միջոցներ, և դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system): Ընդ որում, սանձահարման/զսպման մարտավարությունը նախատեսվում էր կիրառել ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով: Հիմա նախարարն ասում է, որ այդ սանձահարման, զսպման գործառույթը կարող են, օրինակ, կատարել բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Նա նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքանչյուր զինծառայողի կյանք, լինի ժամկետային, թե պայմանագրային զինծառայող կամ սպա, ավելի թանկ է, քան ցանկացած զինատեսակ, և եթե երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա մարտական առաջադրանք կատարել և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն, ապա այս դեպքում Սու-30-ի «թանկարժեքության» մասին խոսք լինել չի կարող։

«Զինվորականի կյանքը մեզ համար ավելի թանկ է, և մենք գտնելու ենք ավելի էֆեկտիվ լուծումներ՝ հակառակորդին զսպելու, հակառակորդին հաղթելու»,- նշել է Տոնոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չենք հապաղելու

Ռազմավարական մտքի հսկաները հազարամյակներ առաջ են ասել, որ պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում։ Փորձված այս ճշմարտությունը կարևորում է նաև մեր պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ ասելով․ «Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում, և ոչ ոք չունի այսպես ասած՝ առաջնահերթ որոշման կայացման հնարավորություն։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու»։

Իսրայելի օրինակով՝ դեպի արևմտյան մոդել

Թերևս պատահական չէ, որ պաշտպանության նախարարը ռազմավարական այս փոփոխությունների մասին խոսում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչների օրինակով։ Սու-30ՍՄ-ների ձեռքբերումը, ըստ էության, խորհրդանշում է մեր երկրի պաշտպանական համակարգում իրականացվող այն փոփոխությունները, որոնք գնալով ավելի մեծ թափ են ստանում։ Նախ, բազմաֆունկցիոնալ կործանիչները թույլ կտան որակական հավասարակշռություն ապահովել մարտական ավիացիայի ոլորտում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդը, շատ մասնագետներ կարծում են, որ վաղուց ժամանակն է հրաժարվել սովետական դպրոցից ժառանգված այն ռազմավարությունից, որում շեշտը դրվում է ցամաքային ուժերի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ամրապնդման վրա, և անցում կատարել արևմտյան մոդելին, որում կարևորագույն դեր է հատկացվում օդուժին՝ ներառյալ կործանիչ ավիացիան, անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), ռոբոտաշինությանը, նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը։ Սրա լավագույն օրինակներից մեկը իսրայելական բանակն է, որը, չնայած իր փոքր տարածքին, աշխարհագրական չափազանց բարդ վիճակին, իր դեմ թշնամաբար կամ առնվազն ոչ բարեկամական տրամադրված հարևան արաբական երկրների նկատմամբ իր ռազմական գերակայությունն ապահովել և ապահովում է գլխավորապես շատ հզոր օդուժի շնորհիվ։ Դրա վառ ապացույցը նախորդ դարում տեղի ունեցած արաբա-իսրայելական մի քանի պատերազմներն են։ Ըստ ամենայնի, երիտասարդ ու ավելի նորարարական մոտեցումներով աչքի ընկնող նախարարը՝ իր թիմի հետ միասին, ևս հակված է այս մոդելին, և հենց այս համատեքստում պետք է դիտել Տոնոյանի վերոնշյալ հայտարարությունը, որ հայկական կողմը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում։

Հայաստանին մնում է միայն ջախջախման ստրատեգիան

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը միանգամայն բնական է համարում Հայաստանի ռազմական քաղաքականության մեջ իրականացվող այս փոփոխությունները՝ հաշվի առնելով նույն այն գործոնները, որոնք նշեց նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, այսինքն՝ Հայաստանի սահմանափակ տնտեսական, ֆինանսական, մարդկային ռեսուրսները։

«Հայաստանը տնտեսապես ավելի թույլ է Ադրբեջանից, հետևաբար նման իրավիճակում, որքան էլ դա պարադոքսալ հնչի, իր համար ավելի շահավետ կամ արդյունավետ է հարձակողական ստրատեգիան։ Այսպես ասած՝ հյուծման պատերազմը Ադրբեջանի օգտին է լինելու, ուստի Հայաստանին մնում է միայն ջախջախման ստրատեգիան, իսկ այն կարող է լինել միայն հարձակողական գործողությունների պարագայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Խրամչիխինը։

Հայաստանը պատրա՞ստ է անտեսել միջազգային հանրության կարծիքը
Ռուսաստանցի փորձագետը ևս բերում է Իսրայելի հաջողված օրինակը՝ զուգահեռներ անցկացնելով իսրայելական բանակի հետ․ «Իսրայելն ամենաանմիջական զուգահեռն է։ Նա գործում է այնպես, ինչպես ուզում է՝ պարբերաբար խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան՝ այդ հարցի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ դուք»։

Մեկ էսկադրիլիան կապահովի օդային գերակշռություն

Մյուս կողմից, միայն կործանիչներով, իհարկե, հնարավոր չէ այնպիսի լուրջ խնդիրներ լուծել, ինչպիսին հակառակորդի ջախջախումն է կամ նրա ռազմական ագրեսիայի զսպումը, հարձակողական գործողությունների կանխարգելումը։ Խրամչիխինի կարծիքով՝ 4 միավոր կործանիչներով կարելի է միայն պաշտպանվել: Մեկ էսկադրիլիա (12 միավոր) ունենալու դեպքում Հայաստանը միանշանակ գերակշռություն կապահովի օդում Ադրբեջանի նկատմամբ, բայց, միևնույն է, դա լրջորեն չի մեծացնի Հայաստանի հարձակողական ներուժը։

«Իսկ եթե Հայաստանը գնի, ասենք, 40 միավոր կործանիչ՝ այդ դեպքում լրիվ այլ խոսակցություն կլինի»,- ավելացրեց Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը նախորդ շաբաթ ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել էր, որ ՀՀ ՊՆ-ն ընդհանուր առմամբ կուզենար ձեռք բերել բազմաֆունկցիոնալ կործանիչների մեկ էսկադրիլիա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով