Իսկ գուցե սրբացնե՞նք մարտի 1-ի ավերածության հերոսներին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրավաբանական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը դիմում է դատարան մարտի 1—ի գործով 316 հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) դատապարտվածների արդարացման համար։ ՀԱԿ ներկայացուցիչը կոչ է անում նման հոդվածով դատապարտվածներին իրենց միջոցով կամ առանձին դիմել դատական ատյաններ։ Առայժմ այսքանը, նրանց շուտով հավանաբար կմիանա նոր պահանջ՝ արդարացնել բոլոր դատապարտվածներին։

ՀԱԿ-ի տրամաբանությամբ, պետք է բոլոր մեղադրվածներին, խուլիգաններին, հանցագործներին արդարացնել և նշանակել նոր հանցագործների։ Կասեք՝ կատակ են անում, հնարավոր չէ նման բան։ Բայց հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, միանգամայնորեն հնարավոր է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չէ՞ որ մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը իշխանության ղեկին է, գլխավոր կազմակերպիչը՝ նրա թիմակիցն ու արտահաստիքային խորհրդականը, իսկ շրջապատում շատ են մարդիկ, որոնք 2008 թվականի հետընտրական գործընթացներում բեմի վրա էին։

Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս են արդարացման պահանջը հիմնավորելու՝ 2008-ի իշխանության, ոստիկանների և այլոց նկատմամբ բռնությունը բռնություն չէ՞ կամ, ասենք, հանուն սնվելու խանութ թալանելը գողություն ու ավազակային հարձակում չէ՞, մայրաքաղաքի ոստիկանապետի, ոստիկանության, ներքին զորքերի ծառայողական և անձնական մեքենաներ քաղաքի կենտրոնում այրելը հերոսությո՞ւն է։ Կա՞ հիմնավորում այն արարքներին, որ կատարվել է բոլորիս աչքի առաջ։

Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ՝ 2008-ի մարտի 1-2-ին աղմկահարույցգաղտնալսումների վերաբերյալ։ Փաստերը նորություն չեն, դրանք կային, հեռախոսազրույցները գաղտնալսվել էին հատուկ ծառայության կողմից դատարանի որոշումով, ինչպես ներկայացվում էր հրապարակման ժամանակ, ու դրանց հիման վրա եղել են քրեական գործեր, դատական ակտեր։ Այդ գաղտնալսումներն ու կադրերը ապացույցներ են այն մասին, թե ինչպես է կազմակերպվում բռնությունն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես է կազմակերպվում խանութների թալանը, ինչպես են այրվում մեքենաներ, ինչպես են կազմակերպում իշխանության տապալման փորձը։ Չէ՞ որ տեղի էին ունենում կազմակերպված զանգվածային անկարգություններ, ավեր ու թալան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չէ՞ որ կան փաստեր և հիմնավորում, որ Երևան քաղաքում 10 զոհից բացի, նաև նյութական կորուստներ եղան։ Մասնավորապես․ ոստիկանությանը պատճառվել էր 25 980 093 դրամի վնաս, Կենտրոն Համայնքին՝ 69 288 760 դրամի վնաս, 92 տրանսպորտային միջոցների հրկիզման ու ջարդելու արդյունքում ոստիկանությանը, քաղաքացիներին ու ուղևորափոխադրող ընկերություններին՝ 70 854 525 դրամի վնաս։

Սա տիպիկ տերպետրոսյանական-փաշինյանական մոտեցում է, հիշենք, թե ինչպես էր այսպես կոչված հեղափոխության օրերին արտոնում մեքենաների կոտորածը՝ «պետբյուջեով կնորոգենք» հիմնավորմամբ։

Արդարացնել նրա՞նց։ Դե իհարկե նման բան կարող է առաջարկել միայն ՀԱԿ-ը, և նման որոշում կարող է կայացնել միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ուրիշներն ընդունակ չեն նման հակապետական քայլի։ Ավելին, արդարացումին կհաջորդի փոխհատուցման պահանջը՝ բանտերում հայտնվելու համար, իսկ եթե շարունակվի նույն ոգով, նաև՝ խուլիգանների սրբացումը։ Չէ՞ որ նրանք ոչ մի վատ բան չեն արել՝ մայրաքաղաքի փողոցները սարքել են ռազմաճակատ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադարձի համար։

Նրանք, վստահաբար, ոչ միայն հենց այնպես չեն նստել, այլև՝ կային մարդիկ, որ ընդհանրապես չեն նստել, թեև պետք էր։ Պարզապես այժմ մենք կարող ենք ականատես լինել շատ ավելի շատ «մազալու» դեպքերի, քանի դեռ իշխանության ղեկին են մարտի 1-ի հրահրողներն ու իրականացնողները։ Ռուսներն ասում են. «То ли ещё бу́дет…»։

Ահարոն Համբարձումյան

Աղբյուրը՝ yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով