Բյուջե 2018-ի կատարողականը՝ աղաղակող կեղծիք.

2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99. 7 % և 2018 թ. հաստատված բյուջեն 3. 6 մլրդ դրամով կամ 0. 3 տոկոսային կետով թերակատարվել է։ Սակայն, «168 Ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։

Ինչպե՞ս է դա տեղի է ունեցել

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականի հունվարի 1-ից սկսած, երբ սկսեց գործել Հարկային օրենսգիրքը, հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները հարկային եկամուտներ չեն համարվում։ Փոխարենը՝ հարկային եկամուտ կարող են համարվել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարները։ Դեկտեմբեր ամսվա մեջ ներկայացվում են նոյեմբեր ամսվա հարկային հաշվարկները, որոնց ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Այսինքն` դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու համար անհրաժեշտ էր ինչ-որ հիմք կամ հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկ, կամ ստուգման ակտ կամ հարկային պարտավորություն առաջացնող որևէ այլ փաստաթուղթ (դատարանի վճիռ, բողոքարկման հանձնաժողովի որոշում, և այլն):

2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարների մի մասը՝ 11.7 մլրդ դրամ, անմիջապես 2019թ. հունվար ամսին վերադարձվել է միասնական հաշվին։ Մյուս մասը, հավանաբար, կվերադարձվի փետրվար ամսին։ Այսպիսով. 2018 2. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)։

Փաստորեն, պետբյուջեի տարեկան եկամուտների պլանային ցուցանիշն ապահովելու համար հնարավոր եղանակներից՝ ճշգրտված հաշվետվություն, ստուգման ակտի առկայություն կամ որևէ այլ փաստաթուղթ, ՊԵԿ-ն ընտրել է ստուգման ակտի տարբերակը, սակայն դրանք իրականում գոյություն չունեցող, անիրական ստուգման ակտեր են, որոնք կազմվել են օրենքի խախտումով և ունեցել են հստակ ուրվագծված միայն մեկ նպատակ։ Որպեսզի ՊԵԿ-ը կարողանա միասնական հաշվի վրա հավաքագրված գումարը փոխանցի պետական բյուջեի գանձապետական հաշվին, անհրաժեշտ է եղել վերոնշյալ փաստաթղթի առկայությունը։ Ստուգման ակտը կազմվել է նախապայմանով, որ գանձված գումարը հունվարին կվերադարձնեն միասնական հաշվին, և տնտեսվարողը հաշվետվությունների ներկայացման միջոցով կկարողանա դրանք օգտագործել հարկային պարտավորությունները մարելու համար։

Արդյունքում՝ մեկ գործողությամբ ոչ միայն խախտվել են գործող օրենսդրության պահանջները, այլև մեկ զարկով միանգամից 2 ցուցանիշ է կեղծվել։ Դրանցից առաջինում կեղծվել է պետական բյուջեի տարեկան հաստատված պլանի կատարումը, իսկ երկրորդ քայլով ներկայացվել է գերավճարների թվի մաշեցման ոչ իրական ցուցանիշ։ Հունվարին, ըստ էության, կրկին խախտելով օրենսդրությունը և կեղծելով պաշտոնական փաստաթղթերը, փաստացի գանձված գումարները ետ են վերադարձվել միասնական հաշվին՝ այդպիսով պահպանելով նախկին պայմանավորվածությունը։ Արդյունքում՝ բոլորը գոհ են, բոլորը՝ երջանիկ, իսկ Բյուջե 2018-ի կատարողականը՝ կատարյալ կեղծիք։

Ասվածը ապացուցելու համար երկար հետազոտություններ պետք չեն. բավական է միայն նշել, որ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ստեղծված իրավիճակն էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ իմանում ենք, որ ՊԵԿ ղեկավարությունը, չնայած մուտքերի թերակատարմանը և քաջ գիտակցելով դրա կարևորությունը պետական բյուջեի ծախսերի իրականացման համար (օրինակ՝ աշխատավարձերի և թոշակների վճարում), տարեվերջին աստղաբաշխական գումարների պարգևավճարներ են դուրս գրել իրենք իրենց համար, և այդ աղմուկը մինչ օրս չի լռում։

Բացի դրանից, անցած ամիսներին՝ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում, ԱԱԾ-ն իր հրապարակած տվյալներով՝ լուրջ գումարներ է վերադարձել պետբյուջե, ու անգամ այդ պայմաններում պետական բյուջեի կատարումը ստիպված են եղել ապահովել կեղծիքների միջոցով։ Այս իրավիճակում մի պարզ հարց է առաջանում, եթե այդ բոլոր հանգամանքների արդյունքում 2018-ին ունեցել ենք այսպիսի խայտառակ արդյունք, ինչպե՞ս է այս տարի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարողանալու առհասարակ բյուջեի հարկային մուտքերն ապահովել։

Վերը բերվածը մերկապարանոց հայտարարություն չթվալու համար նկարագրենք այդ կեղծիքի մեխանիզմը մեկ օրինակով։

Այսպես, 2018թ. դեկտեմբերի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ստուգման հանձնարարագիր է տրվում, որն ավարտվում է նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ այդպիսի խոշոր հարկատուին ստուգելու համար սովորաբար ամիսներ են հարկավոր լինում։ Ստուգման ակտի տեսակը՝ ԲՍ (բյուջեի ստուգում)։ Նախորդ այդօրինակ ստուգման ամսաթիվը եղել է 05.12.2017թ.։ Այս ստուգումը կատարել է ՊԵԿ նախագահի մերձավոր բարեկամը, ընդ որում՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ստուգումը վերջինս իրականացրել է միայնակ, ինչը հավանաբար արվել է արտահոսքից խուսափելու նպատակով, կամ էլ որևէ այլ անձ հանձն չի առել մտնել այդ աղաղակող ձեռնարկի տակ։

 Մեկօրյա ռեկորդային արագությամբ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրել են 4.646.216.885 դրամի խախտումներ։ Ընդ որում, իբրև թե այնպիսի խախտում են հայտնաբերել, որից, սակայն, չի առանձնացվել արտաբյուջե մուտքագրվող 10%-ը։ Սա արվել է այն նպատակով, որ, եթե այդ 10%-ը՝ 460 000 000-ը տանեին արտաբյուջե, որը տարվա վերջին անպայման զրոյացվում է, հունվարին այն չէր կարող վերադարձվել միասնական հաշվին։

Ակտը բյուջե է մուտքագրվում դեկտեմբերի 29-ին՝ շաբաթ օրը, որը ոչ աշխատանքային օր է, իսկ բյուջետային տարին փաստացի ավարտված էր։ Ակտի մուտքագրման ժամը ֆիքսվել է ժամը 15։45 րոպեին։ Ընդ որում, օպերատորը, այսինքն՝ տվյալներ մուտքագրողը, Դավիթ Անանյան անուն-ազգանունով ՊԵԿ աշխատակիցն է։

Սակայն սրանով ֆիլմը չի ավարտվում։ Տեսնելով, որ, այնուամենայնիվ, գումարը չի բավականացնում, և պլանը շարունակում է մնալ չկատարված, արդեն իսկ փորձված սցենարով, նույն ստուգողի ձեռամբ, նույն հիմնարկում կրկին բացում է ստուգում, ինչի իրավունքը չուներ, քանի որ մեկ տարվա ընթացքում 2 անգամ միևնույն ընկերությունը ստուգել չէին կարող։ Արդյունքում՝ կրկնությունների սիրահար այս սցենարիստը կազմել է ևս մեկ 4.646.216.885 դրամի չափով խախտման ակտ։ Փաստորեն 2 օրում, 2 անգամ «ստուգում» են, ակտ գրում՝ իբրև նախորդ ստուգման ամսաթիվ նշելով դեկտեմբերի 25-ի ստուգման ամսաթիվը։ Ակտը կրկին մուտք է արվում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։03 րոպեին։

Ամեն բան հիանալի կլիներ, եթե չգար հունվարի 19-ը, և գեղեցիկ մի հնարքով դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին կազմված այս երկու ակտերը զուտ մի գործողությամբ չչեղարկվեին համապատասխանաբար՝ հունվարի 19-ին և 21-ին ՝ «օպերատորի սխալ» հիմնավորմամբ։

Արդյունքում, տարվա ամփոփմամբ ներկայացվում է, որ բյուջեն կատարվեց, ապա հունվարին այդ գումարները հետ են վերադարձվել, հատկապես խոշոր գումարները, քանի որ հունվարի 20-ին տնտեսվարողների իրական հաշվետվության վերջնաժամկետն է, և վերջիններիս գումարները պետք է ետ վերադարձնեն միասնական հաշվին, որպեսզի նրանք կարողանան մարել իրենց հարկային պարտավորությունները։ Ընդ որում, առաջնահերթ վերադարձվել են այն տնտեսվարողների փողերը, ում միասնական հաշվին ունեցած գումարները չեն բավարարել պարտավորությունների մարման համար, իսկ նրանք, ովքեր միասնական հաշվում դեռ գումար ունեն, ստիպված կլինեն դեռ անորոշ ժամկետով սպասել, մինչև ՊԵԿ-ը կբարեհաճի բյուջեի համար «վերցված» գումարը վերադարձնել միասնական հաշվին։

Բերվածն ընդամենը մեկ օրինակ էր, այնինչ այդպիսիք շուրջ 15-ն են։ Ընդ որում, «168 Ժամի» տվյալներով՝ «զոհերի» թվում են հայտնվել «Արարատցեմենտ» կոմբինատը, «Երևան» հյուրանոցը, «Ալեքս» հոլդինգը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, «Սպայկա» ընկերությունը և այլք։ Այս պահին հետ են վերադարձվել գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալկո իմպորտ էքսպորտ» ընկերության, «Բաղրամյանի ալրաղաց» կոմբինատի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գումարները, իսկ հունվար ամսին միասնական հաշվին հետ փոխանցված գումարները միասին կազմում են 11.761.146.340.0 դրամ։

Վերջին հարցը, որ այստեղ մնում է չպարզաբանված, հետևյալն է. արդյո՞ք տեղյակ են եղել նշված ընկերությունները, որ միասնական հաշվին փոխանցված իրենց գումարները կեղծ ակտի կազմման միջոցով դուրս են գրվել միասնական հաշվից, թե՞ ամեն ինչ արվել է ծածկադմբոցի բոլոր կանոնների համաձայն։

Որպես ամփոփում՝ մնում է միայն հիշատակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ արված հայտարարությունը՝ «Ով ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն ա», և ասվածին փաշինյանական հռետորաբանությամբ կատարել հռետորական մի հարցադրում։

Պարոն Փաշինյան, Ձեզ խաբե՞լ են, թե՞ իրականում Դուք եք խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։

ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով