Այս օրհներգի ժամանակ մեր պետությունն ընդլայնել է իր տարածքները.iravunk.com

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ տեղեկացրել էր, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ` ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Վերջինս նշել էր, որ նախաձեռնելու է քննարկումներ, որից հետո հենց նրա կողմից սոցցանցում տրվեց այդ քննարկումների մեկնարկը: Թեման բավական բուռն արձագանք գտավ, վերջինս էլ ասաց, թե չի պատրաստվում խմբակցությունում այն օրակարգային քննարկման հարց դարձնել: Ապա նաեւ անդրադարձավ դրոշին, որ պետք է վրան խաչ ավելացնել, հետո էլ ինքն իրեն հերքեց, թե ընդամենը սարկազմ էր: Ի վերջո, արդյոք սա կեղծ օրակարգ էր, որն առաջ բերվեց, եւ ի՞նչ նպատակ էր իրականում հետապնդում, «Իրավունքը» պարզեց ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը: Ի տարբերություն շատերի, Վ. Բաբայանը չի կարծում, թե սա կեղծ օրակարգ էր, որն արվում է ինչ-որ հարցերից մարդկանց ուշադրությունը շեղելու համար:

– Սա ծեծված մոտեցում է, ընդհակառակը` սրանք հենց օրակարգային խնդիրներ են, որովհետեւ յուրաքանչյուր պետություն, որում տեղի են ունենում տրանսֆորմացիաներ, դրանք բերում են սիմվոլիկայի փոփոխության: Ընդհանրապես` սիմվոլիկան մեծ գիտություն է, որն ազդում է մարդկանց հոգեբանության վրա եւ պետությունների տրանսֆորմացիայի ժամանակ համարվում է կարեւորագույն ատրիբուտ: Այնպես որ, երբեք չմտածեք, որ սրանք պատահական հայտարարություններ են կամ արվում են որեւէ կարեւոր բանից մարդկանց շեղելու համար: Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ «Մեր հայրենիքը» հաղթող պետության հիմնն է, որը հաղթել է արցախյան ազատագրական պայքարում: Այս օրհներգի ժամանակ մեր պետությունն ընդլայնել է իր տարածքները, որը չի եղել հազարավոր տարիներով, երբ միայն կորուստներ էինք ունենում: Սա մի օրհներգ է, որի օրոք մոտ 700 տարվա ընդմիջուցմից հետո ձեռք ենք բերել անկախություն: Փոխել մի հիմն, որի ժամանակ ունեցել ենք անկախություն, ազատագրական պայքարում հաջողություններ, որպես պետություն կայացել ենք, առանձին հայացքից անլուրջ է: Բայց իրականում նրանք, ովքեր այսօր փորձում են ապացուցել, որ իրենք ուզում են ինչ-որ լավ բան անել, երկիրը փոխել, դրական տեղաշարժեր ապահովել, պետք է սիմվոլիկ փոփոխություններ անեն, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինչ-որ բան փոխվել է: Ի վերջո, շատ անգամ վիզուալ փոփոխությունները մարդիկ ավելի շատ են տեսնում եւ ընկալում, քան ոչ վիզուալը: Չէ որ պետությունը կամ կառավարությունը կարող է շատ լավ գործեր անել, բայց մարդիկ չտեսնեն, չհասկանան, չպատկերացնեն: Մինչդեռ երբ ամեն օր տեսնեն, որ հիմնը, գերբը փոխվել է, հոգեբանորեն բոլորը կսկսեն հավատալ, թե հեղափոխություն է եղել, չնայած որեւէ հեղափոխություն չի եղել, այլ ընդամենը` իշխանափոխություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Բաբայանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով