«Ցեղասպանությունը քաղաքական սուտ է». Անկարայում արձագանքել են Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշմանը.tert.am

Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է CNN Turk-ը:

Նա նշել է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» մասին պնդումները «ոչ մի իրավական հիմք չունեցող, պատմական փաստերին հակասող քաղաքական սուտ են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քալընի խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցածն «ընդհանուր ցավ» է, և Թուրքիան շարունակելու է աջակցել պատմական դեպքերն այդ տեսանկյունից ներկայացնող և «բարի նպատակներ» հետապնդող նախաձեռնություններին:

«Ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային չիրագործած մեղքի համար և բիծ թողնել մեր պատմության վրա: Իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող հարգելի Մակրոնի՝ օրակարգը փրկելու ջանքերից դրդված պատմական իրադարձությունները քաղաքական շահարկումների ենթարկելու քայլը մերժում և խստիվ դատապարտում ենք», – ասել է Էրդողանի խոսնակը:

Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում:

Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», – նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

Թուրքական մամուլը Ֆրանսիայի նախագահի նման որոշումը որակել էր «սենսացիոն, սադրիչ և սկանդալային»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով