Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին

Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից:
2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին: Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում:
Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին:
Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի: Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին ևս աշխատել եմ աշխատակազմում): Այնպես որ, կարծում եմ՝ մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն…
Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին

Գարեգին Պետրոսյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով