Մարտի 1-ի գործը քաղաքական շոու է

2008 թվականի մարտի 1-ն այն քաղաքական հանգուցակետն է, որտեղ մեր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանատենչությունն ու արկածախնդրությունը բախվել են սահմանադրական կարգը ռևանշիստական նկրտումներից պաշտպանելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական պարտականություններին և քաղաքական ու քրեական անցանկալի  ժառանգություն են դարձել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար։

Այսօր հարուցված Մարտի 1-ի քրեական գործը անմիջականորեն պայմանավորված է այդ հանգուցակետում Նիկոլ Փաշինյանի ունեցած որոշակի դերակատարմամբ, որն էլ սրբագրելու նկատառումներով գործող վարչապետը ձեռնարկել է այս քաղաքական հաշվեհարդարը` առայժմ առաջին նախագահին թողնելով «կոնսուլտանտի» կարգավիճակում, երկրորդ նախագահին կալանավորելով, իսկ երրորդ նախահագին ներգրավելով որպես վկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահական 2008 թվականի հերթական ընտրությունները առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար հրաժարականից հետո իշխանությանը վերատիրանալու առաջին և վերջին հնարավորությունն էր։ Երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին` պարզվեց, որ նա ստացել է քվեների 21,5%- ը և միայն երկրորդն է։ Այսինքն, պարզ դարձավ, որ նրան չի՛ հաջողվել` իրագործել իր վաղեմի ռևանշիստական ծրագիրը։ Ծերացող առաջին նախագահը գիտակցեց, որ արդեն բաց է թողել իր վերջին շանսն ու այլևս կորցնելու ոչինչ չունի։ Արտասանելով «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» դասականի տողերը` նա իր հետևորդներին մղեց կանխատեսելի զոհողության։

Առաջին նախագահի իշխանատենչական ռևանշի վերջին փորձն ավարտվեց Մարտի 1-ի ոճրագործությամբ ու 10 զոհերով։ Իսկ մարտի 2-ի առավոտյան, ցավի ոչ մի նշույլ չզգալով` նա ժպտադեմ տեղեկացրեց, որ գիշերն աղետալի է եղել ո՛չ իր համար, քանի որ` 10 զոհերի մասին իմանալուց հետո վերջին 10 տարիների ամենաանուշ քունն է վայելել։ ԼՏՊ-ի այս քաղաքական արկածախնդրությունը անձնական վրիժառության ակնառու հիմքի վրա էր կառուցված։

Չկարողանալով վերադարձնել իշխանությունը` նա բոլոր միջոցներով մթագնեց, պղտորեց, խեղաթյուրեց բարձրագույն իշխանության սահմանադրական հերթափոխը։ Արյունալի բախում սադրելով նշանավորեց երկրորդ նախագահի պաշտոնավարման ավարտն ու երրորդ նախագահի պաշտոնակալությունը։ Նա նաև ձեռնարկել էր պետությունը «կազմաքանդելու», գործող սահմանադրական կարգը տապալելու, բանակը դասալքության մատնելու և պետական զինված հեղաշրջմանը մասնակից դարձնելու, պետական հիմնարկների գործունեությունը խաթարելու, երկրում քաոս ստեղծելու բոլոր իրեն հասու քայլերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին նախագահի քաղաքական արկածախնդրության և իր նպատակին հասնելու համար յուրայինններին զոհաբերելու այս և այլ գործելաձևերի փաստական մանրամասների ու բացահայտումների, նաև քաղաքական ու քրեական ուղղակի մեղադրանքների բացառիկ հավաքածու է 2015-ի հունվարին «Հայկական ժամանակ» օրաթերթում Ա. Սմբատյան ստորագրությամբ հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։ Այսօր էլ ավելի է հիմնավորվում, որ հոդվածաշարի իրական հեղինակը «ՀԺ»-ի այն ժամանակվա
գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է։

Նա հադվածաշարում ուղղակի մատնանշել է, որ ԼՏՊ-ն չէր կարող չգիտակցել իր քայլերի անխուսափելի հետևանքները. «Անընդհատ ռեալպոլիտիկի մասին խոսող մարդը, որ իրեն ուզում է ներկայացնել որպես մեծ պրագմատիկ, ինչպե՞ս կարող էր չտեսնել այն, ինչը անխուսափելիորեն տեղի է ունենալու ընդամենը երկու քայլ հետո»։ Ապա նա ընդգծել է. «Հոդվածի առաջին երեք մասերն ընդամենը նախաբան են` հասկանալու համար այն, ինչ տեղի ունեցավ մինչև 2008 թվականի Մարտի 1-ը և դրանից հետո»։

Իսկ արդեն ամփոփելով Մարտի 1-ի ոճրագործության պատճառները` ուղիղ ու հստակ մեղադրանքով հաստատագրել է ԼՏՊ-ի հանցագործ ձեռնարկի էությունը. «նրա բոլոր հատկությունները աղետալիորեն տակնուվրա են եղել այն ժամանակ, երբ քաղաքական պրոցեսները անխուսափելի են դարձրել իր դերի նվազումը կամ հարցը վերաբերել է իր անձնական անվտանգությանը. ինքը պետք է լինի գլխավոր գործող անձը, իր անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Այս շրջանակից դուրս նա կորցնում է իր բոլոր դրական հատկությունները և հարուցում խառնակչության մի աներևակայելի շրջապտույտ, մինչև իրադարձությունները տեղավորվեն իրեն հարմար ուղեծրի մեջ: Հենց այս գործելակերպն է Տեր- Պետրոսյանին դրել խայտառակ պարտությունների մի պարբերական ուղեգծի մեջ»։

Մարտի 1-ից հետո փախուստի դիմած, ընդհատակում թաքնված, ապա անկարգություններ կազմակերպելու համար դատապարտված Փաշինյանը տարիներ հետո այսպես է արժեվորել իր երբեմնի առաջնորդի վարքն ու արարքը. «2008թ-ի Մարտի 1- ին իշխանությունները Տեր-Պետրոսյանին առաջարկել են իր տնից Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված հազարավոր հետևորդների մոտ գնալ առանց թիկնազորի:

Եթե առանց թիկնազորի գնացող լիներ, որդուն Միացյալ Նահանգներ չէր ուղարկի: Մի ինչ-որ պահից Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հնարավոր որոշումներից կայացնում էր հենց այն մեկը, որն առավել հարմար էր իր, իր ընտանիքի անվտանգության տեսակետից։ Հենց այստեղ է, որ Տեր-Պետրոսյանի անձի շուրջ կառուցված միֆը, առասպելը վեր է ածվում խաբեության։ Ազատության հրապարակում հռչակելով «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կարգախոսը՝ Տեր-Պետրոսյանը հետագա քաղաքական գործունեության ընթացքում փաստացի շատ բան և շատերին զոհելու զարմանալի պատրաստակամություն է ցու ցաբերում, բացի ինքն իրենից։ Տեր- Պետրոսյանը, այսպիսով քաղաքական առասպելի տիրույթից աննկատ քայլերով տեղափոխվեց քաղաքական խաբեության տիրույթ։

Հետագա գործունեության ընթացքում այդ քաղաքական խաբեությունը պետք է վերածվեր քաղաքական բեմադրության»: Ընդամենը 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը միանշանակ ու պարզորոշ շեշտել է, որ Մարտի 1-ի ոճրագործության հեղինակն ու 10 զոհերի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նա նաև փաստերով ու մանրամասներով հիմնավորել է իր առաջադրած մեղադրանքը և հաստատագրել, որ առաջին նախագահի միակ նպատակը` ամեն գնով ու ցանկացած զոհերի միջոցով երկրի սահմանադրական կարգը տապալելը, պետությունը կազմաքանդելու ռևանշիստական ճանապարհով իշխանության վերադառնալն է եղել։ Անցած տարիներին Մարտի 1-ի համատեքստում ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ այդ օրերի որոշիչ դերակատարներից մեկը դարձել է երկրի վարչապետ։ Հետևաբար, Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը նույն քաղաքական խաբեություններից առաջացած քաղաքական բեմադրությունն է։

Այս հրապարակմամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործող վարչապետի սանձազերծած քաղաքական հաշվեհարդարի շինծու բնույթն ու քաղաքական շոու լինելու էությունը հիմնավորեցի հենց Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ մատուցած փաստարկներով։ Հաջորդիվ առավել հաստատուն հիմնավորումների համար կներկայացնեմ փաստաբանների փաստարկները, և կեղծ վկայություններով, հարկադրաբար կորզված ցուցմունքներով ու հնարված մեղադրանքներով
կառուցված քրգործի անխուսափելի տապալման հեռանկարը առավել տեսանելի կդառնա։

Սիմոն Գյուրջյան

panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով