Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը.168.am

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսորն ու համապրոդյուսերը, իրեն թույլ չեն տվել բակում վրան տեղադրել՝ մեկնաբանելով, որ այդ տարածքում քաղաքացիներին չի թույլատրվում հացադուլ անել, բացի այդ, այգի այցելության ժամերը մինչև երեկոյան ժամը 20։00-ն է թույլատրվում: Այդ պատճառով ռեժիսորը որոշել է այգու տարածքում հացադուլն անել մինչև թույլատրելի ժամը, այնուհետեւ գիշերը կտեղափոխվի այլ վայր՝ շարունակելու հացադուլը: Նախնական տվյալներով՝ Հովհաննես Գալստյանը գիշերը կանցկացնի Մատենադարանին հարակից տարածքում, որտեղ և ընթանում էր ռեժիսորի առաջին հացադուլը:
 
«Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի վերսկսում եմ հացադուլը»,- նշում է Հովհաննես Գալստյանը:
Հացադուլը վերսկսելու մասին ռեժիսորը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հուլիս 21, 2015թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն, «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:
Նոյեմբեր 13, 2015թ-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս վարսերը» նախագծին 2016-2018թթ-ին, նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։
 
2016թ-ին կինեկոնտրոնը ընկերությանն է փոխանցել Պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։ Հետագայում, հաշվի առնելով ՀՀ Պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնը առաջարկել է մեկ ընդհանուր Պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով՝ յուրաքանչյուր տարվա համար։
 
2016թ-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ-ին՝ մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է։
 
2018թ-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով կամայականորեն չեղարկել է 2015թ-ին ստանձնած պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային ներդրումները՝ սառեցվել։ Ընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական ահռելի վնաս։ Ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կինոկենտրոնի։
Դեկտեմբեր 3, 2018թ-ին կինոնախագծի դեմ ՀՀ պետական կառույցների սանձազերձած արշավի վրա ուշադրություն հրավիրելու և ֆիլմի իրավունքները պաշտպանելու նպատակով, ընկերության տնօրեն, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հայատարարել է հացադուլ։ Դեկտեմբեր 12-ին՝ տասներորդ օրը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել է։ Սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Ավելին՝ ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամականեր են ուղղվել ֆիլմի ներդրողներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով