ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշելոններ», ի՞նչ է սա նշանակում. ԱԱԾ նախկին աշխատակից .ՀԱՅ ՁԱՅՆ

ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բռնազավթումը՝ ընտրությունների կեղծման ճանապարհով: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆլրատվականի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակից Իվան (Արթուր) Պողոսյանը: Ապա` հավելեց. «Եթե այսօր մենք չենք քննարկում 1995-96 թվականների և հետագա տարիների ընտրակեղծիքների հարցը, եթե չենք դատապարտում կատարվածը, նշանակում է՝ ինչ-որ մեկը պատրաստվում է ապագայում կիրառել նույն մեթոդը՝ իշխանությունը պահպանելու համար»։ Պողոսյանը նկատում է` աչք փակելով անցյալի սխալների վրա, սպառնալիքներ ենք ստեղծում մեր երկրի ապագայի համար։

«1991 թվականին մեր երկրում քիչ, թե շատ նորմալ ընտրություններ են եղել, և առաջին խոշոր, զանգվածային խախտումներն իրականացվել են ՀՀՇ վերնախավի կողմից 1995 թվականին` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Դա բոլորին հայտնի փաստ է։ Այնուհետև եղել են 1996 թվականի նախագահական ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը ստացել է ժողովրդի ճնշող մեծամասնության «ձայները», սակայն ՀՀՇ վերնախավի կողմից ընտրությունների կեղծման ճանապարհով Լևոն Տեր-Պետրոսյանն է դարձել նախագահ։ Բոլորս էլ հիշում ենք Վազգեն Սարգսյանի հայտարարությունը, որ «Եթե նույնիսկ 100 տոկոս էլ վերցնեին, իրենց իշխանություն տվող չկա», կամ Վանո Սիրադեղյանի հայտարարությունը, թե «մի 800 հոգու պետք է «գյուլեին» և այլն։ Դրանք հայտնի փաստեր են, որոնց ծանոթ է 40 անց ցանկացած հայ: Իհարկե, կան նաև կոնկրետ փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակցի խոսքով՝ «մարտի 1-ի» դեպքերի մասին խոսելիս հաշվի չեն առնում այն, որ բարիկադի մյուս կողմում կանգնած է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ժամանակին ինքն է բռնազավթել իշխանությունը, իսկ այդ դեպքերի ժամանակ պայքարում էր Քոչարյանի կամ մեկ ուրիշ բռնազավթիչի դեմ, ով իշխանությանը տիրացել էր նույն ճանապարհով: Իսկ հասարակ ժողովրդին այստեղ օգտագործում էին որպես «մանրադրամ»։ Կարծում ենք, պետք է ավելի հիմնավոր և փաստարկված ներկայացնել կատարվածը»։

Իսկ ինչպե՞ս այդ ամենը սկսվեց: Իվան Պողոսյանը ներկայացրեց հետևյալը.

«1988 թվականի ազգային պայքարի զարթոնքից հետո, իշխանության եկած ուժերը տրանսֆորմացիայի ենթարկվեցին: Սկսվեց երկրի թալանը, ոչնչացվեց ծաղկուն մի երկիր։ Կորցնելով ժողովրդի վստահությունը և չկարողանալով արդար ընտրությունների ճանապարհով պահել իշխանությունը, նրանք վերածվեցին ամենասովորական բռնազավթիչների` ընտրությունների կեղծման ճանապարհով զավթեցին իշխանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ եթե այսօր Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում «Մարտի 1» հարցը` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի խախտման մեջ, նա պետք է առաջ քաշի նրա կողմից ընտրությունների կեղծման հարցը։

Դա չի արվում: Ինչու՞:

Եկեք մտածենք:

Մեր երկրում արդարացի ընտրություններ անց են կացվել 1991 թվականին, երբ ժողովուրդը զանգվածաբար քվեարկեց ՀՀՇ-ի օգտին, և 2018 թվականի դեկտեմբերին, երբ ժողովուրդը ՔՊ-ի օգտին քվեարկեց: Մնացած ընտրությունները կեղծվել են: Ինչպես հիշում ենք, դա առաջին անգամ տեղի է ունեցել 1995 թվականին, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Կարելի էր, իհարկե, խոսել երկրի թալանի, քաղաքական սպանությունների, քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծման և այլ անօրինականությունների մասին:

Ինչո՞ւ ենք կարևորում ընտրակեղծիքների ճանապարհով իշխանության բռնազավթման հարցը: Այն միտված է ապագային:

Ցանկացած իշխանություն, կորցնելով զանգվածների աջակցությունը, կարող է ժամանակի ընթացքում գնալ նման քայլի: Առավել ևս, երբ նա չի հետաքննում և չի դատապարտում նման անօրինականությունը,- նշում է Պողոսյան>>-ը։

ԱԱԾ նախկին աշխատակիցը հիշեցնում է, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը դառնալով նախագահ` չդատապարտեց երկրի հարստության զանգվածային թալանը ու նախորդ իշխանության կողմից կատարված տարբեր անօրինականությունները:

«Դա մի բան էր նշանակում. որ իրենք էլ էն պատրաստվում նույն ձևով վարվել։ Եթե մենք նույն անալոգիայով վերլուծում ենք այսօրվա դեպքերը, կարող ենք փաստել, որ եթե ներկա իշխանությունները չեն դատապարտվում նախկինում տեղի ունեցած ակնհայտ ընտրակեղծիքները, այս ճանապարհով իշխանության բռնազավթումը, նշանակում է, հետագայում կարող են օգտործել այն՝ որպես նախադեպ, վարքային մոդել։

Երբ խոսում ենք ոչ հեռավոր անցյալում կատարված համանման երևույթների մասին, ապա խոսքը միայն չի կարող վերաբերել արդարության վերականգնմանը, հանցագործությունների բացահայտմանը, մեղավորների ի հայտ բերմանն ու դատապարտմանը։ Դա պետք է արվի, որպեսզի կանխվի ապագայում դրա կրկնությունները: Այն պետք է նաև նրա համար, որ թույլ չտրվի երկրին այսքան դժվարությունների առաջ կանգնեցրած ուժի` ՀՀՇ-ի իշխանության գալը»։

Իվան Պողոսյանը նկատում է, որ այսօր կամաց-կամաց Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվում են ՀՀՇ-ական գործիչներ, ընդհուպ մինչև վարչապետի խոսնակի մակարդակի։ «Ի՞նչ է նշանակում ՀՀՇ խոսնակի ներկայությունը։ Դա նշանակում է Նիկոլի մտքերը արտահայտվում են ՀՀՇ-ի գաղափարախոսի բերանով։ Սա ակնհայտ անցում է դեպի ՀՀՇ-ՀԱԿ-ական գաղափարախոսություն, որ երկրի ապագայի համար հղի մեծ վտանգներով` կապված երկրի անվտանգության և Արցախի հարցի հետ կապված։

Այսօր ՀՀՇ-ՀԱԿ ուժերն իրենց ապազգային, հանցավոր պլանները չեն էլ թաքցնում:

Երբ այսօր նոր իշխանությունները խոսում են Ռոբերտ Քոչարյանի մասին, մենք ասում ենք. այո՛, դա այդպես է, բայց եկեք հիմնովին մոտենանք հարցին, սկսենք 1995 թվականից, առաջ քաշենք ընտրակեղծիքների ճանապարհով իշխանության բռնազավթման հարցը, որ բնորոշ է եղել նախորդ բոլոր իշխանություններին, իսկ սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ։

Այլ բան է, եթե ասենք տակտիկական նկատառումներով Նիկոլ Փաշինյանը ցանկանար որոշակի հերթականություն դնել անցյալի «մութ էջերի» բացահայտմանը, այսինքն դրանք իրականացվեին որոշ հերթականությամբ` ավելի մեծ ընտրազանգվածի իր դեմ չտրամադրելու նպատակով։

Բայց արդյո՞ք այդպես է։ Կարծում եմ՝ ոչ։

ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանություն մի բանի մասին է խոսում, որ այսօրվա այսպես կոչված հեղափոխական իշխանությունները չեն պատրաստվում դատապարտել իշխանության բռնազավթումն՝ ընտրությունների կեղծման ճանապարհով։ Եվ սա վտանգավոր նախադեպ է։ Այդ մտածողությունը կարող է բերել նույն բանին, ինչի ականատեսն արդեն եղել ենք։

Մենք չգիտենք, երբ մի քանի տարի հետո վարչապետ Նիկոլի հեղինակություն ընտրազանգվածի մոտ ընկնի, արդյոք նա չի՞ դիմի նույն մեթոդներին, ինչին դիմել են նրա նախորդները»։

Պողոսյանը հետաքրքիր շտիրխներ է առանձնացնում, որոնք կասկածելի են ԱԱԾ նախկին աշխատակցի համար.

«Օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը չի փոխվել, մինչդեռ բոլորս մենք գիտենք, թե ինչպես էին նրանք «նկարում» ընտրությունների արդյունքները։ Իսկ միթե՞ ընտրատեղամասերում փոխվել են ընտրական հանձնաժողովները. ոչ։

Փոխվե՞լ է օրենքն ընտրության վերաբերյալ. ո՛չ։

Փոխվե՞լ են իրավապահ մարմինները, հիմանականում՝ ոստիկանությունը, որ կազմակերպում-հովանավորում էր ընտրակեղծիքները:

Գնահատական տրվել և դատապարտվե՞լ է այդ երևույթը. ո՛չ և ո՛չ ։

«Կադրերն են որոշում ամեն ինչ», և եթե նրանք նույնն են, նշանակում է այդ «զենքը» պահպանվում է որպես պահեստային տարբերակ`մեկ այլ ժամանակ օգտագործման համար»։

Մյուս կողմից, նա նկատում է, որ եթե ՀՀՇ-ի կադրերը վերադառնում են, հետևաբար կա միտում կոծկելու այն ամենն, ինչ եղել է նրանց օրոք։ «Իրենք փորձելու են նոր «փաթեթավորմամբ» ներկայանալ։ Բայց դա մենք արդեն տեսել ենք նախորդ տարիների, և ոչ միայն տեսել՝ այլ պայքարել ենք դրա դեմ։ Այնպես չէ, որ ժամանակին լռել ենք, իսկ այսօր վեր ենք կենում և ասում, թե իբր մեզ ստիպում էին։ Իմ գրքերից մեկում («Հայկական քայլերգ»), որ տպագրվել է 2004 թվականին, մի պատմվածք կա. կոչվում է «Խորհրդարանական ընտրություներ», որտեղ պատմում եմ, թե ինչպես էին բանակին ստիպում ընտրությունները կեղծել (ես այն ժամանակ 97 –րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի` գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի տեղակալն էի)։ Այնպես չէ, որ գլուխներս կախ դա արել ենք, թեև գիտեինք, որ դրա համար մեզ կարող են պատժել`ընդհուպ պաշտոններից ազատել, հեռացնել ծառայությունից, վերգրել մեզ ինչ-որ բան և մտածածին հանգամանքներով քրեական գործ հարուցել։

Այդ բոլորը եղել է: Մեկ է, մենք հրաժարվում էինք անել բաներ, որ մեր սկզբունքներին և պատվին դեմ է:

Լռել չի կարելի, որպեսզի կանխենք ապագայում նույն սխալների կրկնությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով